Վանական համալիր Օխտը դռնի
Հադրութի շրջան, գ. Մոխրենես
Գտչավանքից ոչ այնքան հեռու, Մոխրենես գյուղից 3,5 կմ հյուսիս-արևմուտք, Յուղունես լեռան փեշին է գտնվում Օխտը (յոթ) դռնի վանքը:
Գրականության մեջ Օխտը դռնի վանքին ընդամենը մի քանի տող է հատկացված: Նշված է վանքի տեղը, և եկեղեցու խորանների քանակը: Այսքանը միայն:
Վանական համալիրը, որը սրբավայր է համարվում, բաղկացած է եղել երեք հիմնական շենքերից: Գավիթը լրիվ ավերակ է, մյուս շենքից մնացել են միայն գետնամերձ պատերի մասերը, իսկ երրորդը՝ եկեղեցին, դեռ կանգուն է, թեև վատ պահպանված վիճակում: Գավիթի, ինչպես նաև մյուս օժանդակ կառուցվածքների ավերակները գտնվում են եկեղեցուն կից, նրա հյուսիսարևմտյան կողմում:
Հիմնական հուշարձանի՝ եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն ճարտարապետական ձևերի, զարդաքանդակների և ծավալատարածական հորինվածքի դիտարկումը թույլ է տալիս այն դասելու վաղ միջնադարյան հուշարձանների շարքը: Եկեղեցին, նման լինելով 7-րդ դարում կառուցված քառակուսի տիպի տաճարներին, ինքնատիպ է, և իր մեջ ներառում է քրիստոնեական առաջին պաշտամունքային կառույցներին բնորոշ ճարտարապետական որոշ տարեր:
Եկեղեցին ամբողջապես շարված է անտաշ ու կոպտաշատ քարերով: Այստեղ թերևս բացառություն են կազմում խոյակները՝ ատամնաշար խիստ հնաոճ քանդակներով:
Վանքում չեն պահպանվել վիմագիր արձանագրություններ, բայց պահպանվել են ավելի ուշ ժամանակաշրջանին պատկանող երկու խաչքարեր, որոնցից մեկը գտնվում է եկեղեցու բեմի խորքում՝ լուսամուտի տակ, իսկ մյուսը՝ բակում։
Տարածքում կա 1044 թվականի մի խաչքար և «Կանդիլ միաբանի» մահարձանը: Շրջակայքում կա նաև վանական գերեզմանատուն:
Օգտագործված աղբյուրների ցանկ
«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ