Շուշիի շրջան
Զբաղեցնում է ԱՀ հարավարևմտյան փոքր հատվածը` Արցախի լեռնաշղթայի կենտրոնական մասը: ԱՀ-ի ամենափոքր շրջանն է, տարածքը կազմում է 381,3 քառ. կմ:
Շրջանի մակերևույթն ամբողջովին լեռնային է, որը գերազանցապես ծածկված է անտառներով ու թփուտներով: Նրա հարավային` Հադրութի շրջանին սահմանակից հատվածում է գտնվում Մեծ Քիրս լեռը (2724 մ): Շրջանի տարածքով է անցնում Կարկառ գետն իր վերին հոսանքով, որն այստեղ ունի բազմաթիվ արագահոս վտակներ:
Այս փոքր տարածք ունեցող շրջանում կա 152 հայկական պատմաճարտարապետական հուշարձան: Դրանց զգալի մասը գտնվում է Շուշի քաղաքում, որը հաճախ անվանում են Արցախի մշակութային մայրաքաղաք, երբեմն նույնիսկ՝ «Կովկասի Փարիզ»: Շուշին,իրավամբ,Արցախի Հանրապետության ամենագեղեցիկ անկյուններից մեկն է: Շուշիի բարձրավանդակը մեր նախնիների կողմից բնակեցվել է դեռևս հնագույն ժամանակներից: Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հելլենիստական և վաղ միջնադարյան ժամանակաշրջանի մշակութային գտածոներ: Մ.թ.ա. առաջին հազարամյակի վերջում բարձրավանդակում արդեն պաշտպանական կառույցներ են կանգնեցվել:
20-րդ դարի սկզբին Շուշին իր հարմարություններով չէր զիջում եվրոպական քաղաքներին՝ հոսող ջուր, լավ սարքավորված փողոցներ և մայթեր: Այս շրջանի մշակութային մակարդակը շատ բարձր էր: Շուկաներում ներկայացված արցախյան հայտնի մետաքսները, գորգերը և զարդերը ապշեցնում էին ճամփորդներին իրենց ճոխությամբ և վառ գույներով: