Երիտասարդաց միություն
Արցախի թեմի հոգևոր ու ծիսական կյանքում մշտապես իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել Արցախի հավատավոր, հայրենասեր ու նախանձախնդիր երիտասարդները, ովքեր իրենց ներկայությամբ մշտապես փորձել են վառ պահել ու տարածել քրիստոնեական հավատի լույսը Արցախ աշխարհում։
1989 թվականին Արցախի թեմի վերաբացումից անմիջապես հետո Գանձասարի վանքում միաբանված և հոգևոր-կրթական պատրաստություն անցած մի խումբ երիտասարդներ դարձան թեմի հետագա գործունեության հիմնասյուները, իսկ ոմանք՝ համալրեցին թեմի քահանաների և հոգևոր սպասավորների շարքերը։
Հետագայում Արցախի թեմի գործող եկեղեցիներում սկսեցին ձևավորվել ծխական երիտասարդաց միությունները, որոնք նպաստում էին համայնքների զորացմանը:
Ծխական եկեղեցիների խորաններին հիմնականում սպասավորում էին երիտասարդներ, որոնցից շատերը հետագայում ընդունվեցին և ավարտեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը և դարձան օծյալ հոգևորականներ։
Արցախի թեմի երիտասարդաց միությունները ծխական հոգևորականների առաջնորդությամբ Արցախում իրականացնում էին հետևյալ գործառույթները․
- Հաճախակի կերպով երիտասարդների համար հոգևոր-եկեղեցական թեմաներով զրույցների կազմակերպում,
- Արցախի թեմի երիտասարդական հարթակներում քրիստոնեական գիտելիքների և արժեքների տարածում,
- հոգևոր-մշակութային միջոցառումների կազմակերպում, հոգևոր երգեցողության և քրիստոնեական դաստիարակության դասընթացների իրականացնում,
- ուխտագնացությունների կազմակերպում։
2023 թվականի բռնի տեղահանումից հետո թեմի երիտասարդաց միությունների անդամները հաստատվեցին Հայաստանի տարբեր բնակավայրերում, սակայն Արցախի թեմը անում է հնարավորը Եկեղեցու շուրջ համախմբված պահելու իր նվիրյալ երիտասարդներին։
Այժմ թեմի երիտասարդաց միությունը շարունակում է Արցախի եկեղեցասեր և հավատավոր երիտասարդներին համախմբել Արցախի թեմի շուրջ, ապահովել նրանց ակտիվ ներգրավվածությունը ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի ծրագրերին, նախաձեռնում է քրիստոնեական դաստիարակչական և կրթական բազմաբնույթ ծրագրեր՝ համագործակցելով Արցախի և ՀՀ տարբեր երիտասարդական միավորումների ու կառույցների հետ:
Միության ատենապետ` Դավիթ ուրկ. Փաշայան:
Երիտասարդաց միության գործունեությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով ներքոհիշյալ հղումով www.facebook.com