Գտչավանք

Հադրութի շրջան, գ. Տող

Արցախ աշխարհի երրորդ նշանավոր վանքը Գտչավանքն է: Այն գտնվում է Հադրութի շրջանի Տող և Տումի գյուղերի միջև, Տողասարի հյուսիսային լանջի անտառապատ գոգավորության մեջ: Վանքային համալիրը կազմված է երկու եկեղեցիներից, գավթից ու մի քանի շինություններից: Համալիրը շրջապատված է եղել պարսպով, որի հյուսիսային հատվածը պահպանվել է: Վանքը հանդիսացել է վարչական և հոգևոր նշանավոր կենտրոն: IX դարում իր անառիկ ամրոցով Գտչավանքը հանդիսացել է Եսայի Աբու Մուսեի նստավայրը:

X դարում այն Դիզակի թագավորության կենտրոնն էր: 1241-1246 թվականներին Ամարասից այստեղ տեղափոխված Սարգիս և Վրթանես եպիսկոպոս եղբայրները հին եկեղեցու հիմքերի վրա կառուցել են Գտչավանքի գլխավոր եկեղեցին: Այն ոչ մեծ չափերի գմբեթավոր շինություն է: Եկեղեցու ներքին պատերին կան որմնափակ խաչքարեր, որոնցից մեկը ունի 1000 թվագիր արձանագրությունը: Առաջին եկեղեցու հյուսիսային կողմում գտնվում է երկրորդ եկեղեցին: Երկու եկեղեցիների համար գավիթը ընդհանուր է: Համալիրն ունի բազմաթիվ խաչքարեր, որոնք ունեն IX-XIX դարերի թվագրություններ: Գլխավոր եկեղեցու հյուսիսիային կողմում գտնվում է ևս մի հնաշեն եկեղեցի: Գտչավանքը ունեցել է բազմադարյան մըշակութային կյանք: Այն եղել է Դիզակի հոգևոր ու մշակութային կենտրոնը, ուր նստել են թեմի եպիսկոպոսները: Այստեղ կուտակվել են ոչ միայն Արցախում ստեղծված շատ ձեռագրեր, այլ նաև տեղի գրչատան բազմաթիվ մատյաններ: Այստեղ վանահայր Առաքել վարդապետ Կոստանդյանցը գրել է պատմագիտական մի ձեռագիր աշխատություն, որը պահվում է Մատենադարանում: Նրա մի մասը՝ «Դիզակի մելիքությունը», 1913 թվականին լույս է տեսել Վաղարշապատում:


Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE