Գուշակություն. Տեր Ներսես քահանա Ասրյանի հարցազրույցը
«Ազատ Արցախ» թերթի հարցին պատասխանում է Տեր Ներսես քահանա Ասրյանը
— Տեր Հայր, կան մարդիկ, ովքեր շարունակում են հավատալ գուշակներին: Վերջիններս էլ մարդկանց դիմավորում են սրբապատկերներով և Աստվածաշնչով զարդարված սենյակներում: Գուշակներից ոմանք խորհուրդ են տալիս անգամ գնալ եկեղեցի և մոմ վառել: Չէ՞ք կարծում, որ սա աչքակապություն է՝ հղի վտանգավոր հետևանքներով: Ինչպե՞ս բացել մարդկանց աչքերը, որ չտրվեն խաբեբայական հնարքներին:
— Անկախ դարաշրջանից և մարդկության զարգացածության աստիճանից, բոլոր ժամանակներում էլ մարդկանց մի ստվար զանգված հակված է դեպի սնոտիապաշտություն՝ լայնորեն տեղ տալով նաև գուշակներին ու գուշակություններին հավատալուն: Գուշակություններով զբաղվողներն էլ, բնականաբար, հարմարվում են ժամանակի և միջավայրի պայմաններին և առերևույթ սկսում մարդկանց ներկայանալ այնպիսի կերպարով, որը հնարավորինս բարենպաստ տրամադրվածություն կստեղծի իրենց նկատմամբ: Դրանով է պայմանավորված հոգևոր խորհրդանիշերի և սովորույթների ձևական գործածումը, որ ավելի է խորացնում մարդկանց մոլորությունը և հավելյալ գործոն դառնում նրանց համար գուշակների «սարդոստայնում» ավելի խճճվելու:
Ինչ վերաբերում է մարդկանց աչքերը բացելուն, ապա նախ պատճառները պետք է հասկանանք, որոնք մղում են մարդկանց իրենց անառողջ հետաքրքրասիրությունը հագեցնել գուշակությունների ճանապարհով: Գլխավոր պատճառներից կարելի է առանձնացել հատկապես հոգևոր գիտելիքների պակասը և (կամ) հավատքի տկարությունն ու մակերեսայնությունը: Հաճախ մարդիկ պարզապես չգիտեն և չեն գիտակցում, որ այդ քայլին գնալն անընդունելի է ու մեղք, և որ իրենք դառնում են խաբեության զոհ, ապա նաև խիստ խոցելի դառնում չարի համար: Երբեմն էլ շատերը, այս կամ այն չափով տեղյակ լինելով իրենց արածի անթույլատրելիության մասին, այդուհանդերձ չեն դիմանում գուշակների դիմելու գայթակղությանը: Եվ նրանց մեջ կան մարդիկ, որ իրենց հավատացյալ են համարում, եկեղեցի են գնում, արարողությունների են մասնակցում, հոգևոր բարեպաշտական սովորույթներ են իրականացնում և այլն, բայց քանի որ մեծամասամբ այդ ամենը մակերեսային բնույթ է կրում (ինչպես օրինակ մեր ժողովրդի մեջ տարածված «ես իմ աստվածն ունեմ» անորոշ արտահայտություն անողների պարագայում), ունեցած հավատքը բավարար մակարդակ չի ապահովում նույն այդ հավատքի դրույթներին հակասող քայլերի չգնալու: Հետևաբար, եթե խիստ ամփոփ պատասխանենք հարցին, առաջնահերթ անելիքներից է մարդկանց հոգևոր գիտելիքների աստիճանի բարձրացումը և ուղղափառ հավատքի խորացումն ու ամրապնդումը: