Ծիծեռնավանք

Քաշաթաղի շրջան, գ. Ծիծեռնավանք

Ծիծեռնավանքի Սբ. Գեւորգ եկեղեցին Հայաստանի նշանավոր ուխտավայր — եկեղեցիներից է՝ կառուցված համանուն գյուղի հյուսիս-արևմտյան եզրին, Հակարի գետի Աղավնո վտակի աջ ափին: Եկեղեցու ճշգրիտ թվագրումն է՝ 4-6-րդ դարեր: Այն պատկանում է եռանավ բազիլիկ եկեղեցիների շարքին, ունի ուղղանկյուն հատակագիծ, չորս զույգ մույթեր, արտաքուստ շեշտված միջին նավ: Ներկայիս Ծիծեռնավանքն իր վրա կրում է մի քանի շինարարական փուլերի ազդեցություն: Ըստ որոշ կարծիքների՝ Ծիծեռնավանքի տեղում սկզբնապես եղել է հեթանոսական տաճար, որը քրիստոնեության ընդունման հետևանքով վերածվել է եկեղեցու:

Ծիծեռնավանքի բազիլիկի կարևոր առանձնահատկությունն արևմտյան ճակատում մուտք չունենալն է, որը հատուկ է հեթանոս տաճարներին և բնորոշ չէ բազիլիկ եկեղեցիներին: Ինչպես նաև, հայկական ճարտարապետության մեջ եզակի է խորանի վերևի կամարակապ սրահը, բեմում լուսամուտ չունենալը, թաղակիր կամարների բացակայությունը և այլն:

Ծիծեռնավանք

Վանքը հայտնի է Ծիծեռնավանք, Ծիծառնավանք, Ծիծեռնակավանք, Ծիծառնեկու, Ծիծառնա, Ծիծառնո, Ծիծառնու, Ծիծեռնակի — վանք անվանումներով։ Ըստ ավանդության՝ այստեղ է թաղված Պետրոս առաքյալի ճկույթը, որից էլ վանքը ստացել է իր անվանումը (հին հայերենում ծիծեռն կամ ծծեռն նշանակում է ճկույթ)։ Միջնադարյան ներբողներից մեկում Ծիծեռնավանքն անվանվում է Մատնեվանք, ինչն անկասկած առնչվում է սրբի մատի այստեղ թաղված լինելու առասպելին։ Ուշագրավ է, որ Ս. Խաչի գերեվարման և Հերակլ կայսեր կողմից 614-ին այն Երուսաղեմ վերադարձնելու հայկական ավանդություններում Քրիստոսի խաչելության խաչափայտը կոչվում Է նաև «Ծիծեռնայ խաչ»: Կա նաև այլ կարծիք, համաձայն որի վանքն իր անվանումը ստացել Է ժողովրդի սիրած և պաշտամունքի առարկա թռչնի՝ ծիծեռնակի անվանումից։ Ուշագրավ է Ծիծեռնավանքի հետ կապված մեկ այլ առասպել, համաձայն որի եկեղեցու շինարարության ժամանակ օձը թունավորում է հարյուրավոր մշակների համար մեկ մեծ կաթսայում եփված ճաշը։ Այդ տեսնելով մի ագռավ թևածում և զգուշացնում է մարդկանց, սակայն վերջիններս չհասկանալով թռչնի վարքը, սատկեցնում են նրան։ Այնուհետ իրազեկ դառնալով եղելությանը, ագռավին պատվով թաղում են, տեղը կոչում Ագռավի Գերեզման, իսկ եկեղեցու պատին քանդակում օձի պատկերը։ Հավանաբար այս ավանդության համար hիմք է ծառայել կենտրոնական նավի հյուսիսային մույթերից մեկի իրար փաթաթված երեք օձերի եզակի հարթաքանդակը:

Ծիծեռնավանք

Ծիծեռնավանքը բարգավաճել է XVII–XVIII դդ., երբ կառուցվել են պարիսպը` կամարակապ մեծ դարպասով (1633), հարավային կողմում՝ սեղանատունը, դատավարության սրահը, նորոգվել եկեղեցին (1779)։ Մեծ ուխտատեղի է եղել, որտեղ Համբարձման և Սուրբ Խաչի տոներին ողջ Սյունիք և Արցախ նահանգներից բազմահազար ուխտավորներ են այցելել: Ծիծեռնավանք գյուղը և եկեղեցին Цицирна Ванк անունով հիշատակվում են Ռուսական կայսրության ժամանակ կազմված փաստաթղթերում և քարտեզներում։ XIX դ. վերջերին Ծիծեռնավանք գյուղում բնակվում Էին 70 տուն հայ և 30 տուն վերաբնակեցված այլազգի բնակիչներ, իսկ XX դարի սկզբներին՜ 25 տուն հայեր և 100 տուն մահմեդական քրդեր, որոնք գյուղը վերանվանում են Զեյվա։

Մինչև Արցախի ազատագրումը, Ծիծեռնավանքը ադրբենջանցիները դարձրել էին գոմ և հատակն ամբողջությամբ քանդել:

Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումից հետո Արցախի թեմի ջանքերով Ծիծեռնավանքը հիմնովին վերակառուցվել է և երկար ընդմիջումից հետո իր դռներն է բացել արցախահայության առաջ:

Ադրբեջանը ակտիվ քարոզչություն է սկսել Ծիծեռնավանքի ու Դադիվանքի աղվանականացման ուղղությամբ, Ադրբեջանում ապրող ուդի հոգևորականներին ուխտի բերելով, վերոնշյալ վանքերը, փորձում է աշխարհին ներկայացնել իր զեղծարարությունը իբրև պատմական փաստարկ:

Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE