Ծաղկավանք եկեղեցի

Հադրութի շրջան, գ. Ծակուռի

Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի կենտրոնում է գտնվում Ծաղկավանքը: Հին համալիրից պահպանվել է միայն գլխավոր՝ «Սուրբ Աստվածածին» եկեղեցին և տարբերվում է իր կլոր պորտալով (դռնով)։ Եկեղեցին, դրսից ուղղանկյուն, ներսից՝ գմբեթավոր եռանավ բազիլիկ է: Ճարտարապետական տեսանկյունից եկեղեցին շքեղ ձևավորում չունի: Պատերը ներսից սվաղված են:

Ամենահին գրությունը, որ առկա է խաչքարի վրա, թվագրվում է 1198 թ., ինչը նշանակում է, որ 12-րդ դարում այստեղ արդեն գործում էր վանքը: Սրա օգտին է խոսում նաև եկեղեցու դռան գլխի ճակատակալ քարի վրա արված արձանագրությունը, համաձայն որի եկեղեցին կառուցել է Հակոբ վարդապետ Թանգյանցը 1682 թվականին:

Ծաղկավանք

Շինության հարավային լուսամուտի մեջ կառուցված է օձանման զարդաքանդակ, որի մասին ծերունիները պատմում են, թե մի անգամ եկեղեցու ճարտարապետը մի աշակերտի վրա բարկանալով ասում է. «թող օձը կծի քեզ»: Եվ այնպես է ստացվում, որ նույն օրը աշակերտին օձը կծում է, ու վերջինս մեռնում է: Ի նշան այս խոսքի կատարման, զղջացող խնդրում է իբրև հիշատակ ու խրատ, օձանման քար քանդակել, ինչը և կատարվել է:

Ճարտարապետական տեսանկյունից եկեղեցին ունի զուսպ արտահայտչամիջոցներ: Ներսը սվաղված էր, սյուները, կամարները, որմնախորշերը, բեմի ճակատի քիվերը շարված են սրբատաշ, կապտավուն երանգի քարերով: Պատերի հաստությունը մեկ մետրից ավելի է: Խորանները, բեմը տանիք բարձրացող աստիճանները որոշ նմանություն ունեն Գտչավանքի գլխավոր եկեղեցու համանման մանրամասներին:

Արևմտյան և մյուս կողմերի ճակատների առկայությունը վկայում են, որ եկեղեցին ունեցել է գմբեթ, որը և օրգանապես կապված է եղել շենքի արտաքին ծավալի հետ: Այդ են հուշում նաև դահլիճի կենտրոնագմբեթ սրահներին հատուկ ծավալատարածական խաչաձև համաչափությունը՝ քառասյուներն ու իրար կամրջող կամարները և դրանց վրայի շրջանաձև թաղը:

Ծակուռիի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման նպատակով մի խումբ բարեգործներ 2010 թվականին նախաձեռնել են նվիրատվությունների հանգանակություն։ Եկեղեցին վերանորոգվել է ու գրեթե ավարտին էին հասցվել աշխատանքները։

Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE