Սուրբ Ստեփանոս վանք

Հադրութի շրջան, գ. Տող

Սուրբ Ստեփանոս վանք

Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Տող գյուղի հարավ-արևմտյան մասում, ընդարձակ գերեզմանոցի մոտակայքում: Ժամանակակից եկեղեցու տեղում գոյություն է ունեցել ավելի հին կառույց, ենթադրաբար դա եղել է հեթանոսական տաճար, որը լրիվ քանդվել է, իսկ քարերը մասամբ օգտագործել են նոր եկեղեցին կառուցելու ժամանակ։

Մելիք Եգանն ու նրա որդին միայն նորոգել են եկեղեցու կտուրը։ Այս մասին վկայում է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, ով եկեղեցու դռան ճակատակալ քարի վրա կարդացել է․

«Թվ․ ՌՃՂԶ (1747)։ Յիշատակ է սուրբ ըՍտեփանոս եկեղեցուս գլուխն, որ նորոգեց մելիք Եգան ր որդին մելիք Եսային։ Յիշատակ է հոգւոյ»:

Թվ․ ՌՃՂԶ (1747)

Եկեղեցու պատերի մեջ տեղադրված են բազմապիսի զարդաքանդակներով զարդարված 51 խաչքար։ Դրանք ոչ միայն բազմազան են ու խայտաբղետ, այլև ժամանակագրական առումով խաչքարերի մի ուշագրավ հավաքածու են կազմում։ Այստեղ կարելի է հանդիպել և պարզունակ հավասարաթև խաչքարերի և զարդաքանդակ խաչքարերի։ Դրանց մեծ մասի վրա առկա են վիմագրական արձանագրություններ։

Սուրբ Ստեփանոս եկեղեցին ուղղանկյուն կամարակապ դահլիճ է: Ավանդատները գտնվում են արևելյան մասում: Պատերը կառուցված են կոպտատաշ քարերից, որոնք մնացել են քանդված եկեղեցուց: Արտասովոր ձև ունեցող քանդակազարդ սյունը դահլիճը բաժանում է երկու անհավասար մասերի (հյուսիսային մասն ավելի նեղ է): Նեղ մասում բազմաթիվ գերեզմանաքարեր կան: Հատակագիծը ներկայացնում է 12 մետր x 7,8 մետր չափի ուղղանկյուն դահլիճ, որը արևելյան կողմից պսակում են բեմև և խորանների խորշերը։ Ճակատային պատերը կառուցված են կոպտատաշ, իսկ թաղի կամարները, մուտքը և լուսամուտները՝ սրբատաշ մեծ քարերով։ Շարվածքում օգտագործված բեկորները կաթնագույն տուփ են (ատամնավոր քիվի և քանդակազարդ գոտու, խաչքարերի և տապանաքարերի բեկորներ)։

Եկեղեցու պատերի մեջ կան շուրջ 50 խաչքարեր

Տեղանքի թեքության պատճառով եկեղեցու դահլիճը ոչ մի տեղ չի բարձրանում բակի նիշից և մասամբ նույնիսկ խրված է գետնի մեջ՝ 1,5 մետր խորությամբ։ Այս հանգամանքը թելադրված է նաև նրանով, որ եկեղեցին ստորգետնյա գաղտնի անցուղիով կապված է եղել դրսի հետ։

Եկեղեցու շրջապատում, բլրի գագաթին ու լանջերին կան հեծյալների, զինվորների, որսորդների, երաժիշտների, գինու մատուցման տեսարաններով պատկերաքանդված հարյուրավոր հին տապանաքարեր, որոնք թեմատիկային բազմազանությամբ ու արվեստով առանձնահատուկ տեղ են գրավում համանամ հուշարձանների շարքում։

Կարծիք կա, որ Սուրբ Ստեփանոսը ժամանակին վանական համալիր է եղել։ Այդ է հաստատում աղոթասրահի հարավային պատի փոփոխությունը։ Աբսիդների կառուցումը չի թաքցրել երբեմնի գմբեթավոր եկեղեցու հիմնապատերը։ Դրանց հետքերը տեսանելի են ինչպես կառույցի ներսում, այնպես էլ դրսում՝ եկեղեցու հարավային ճակատային պատի շարունակությունը կազմող տարածության վրա։ Այժմյան աղոթասրահն իր ծավալատարածական հորինվածքով համեմատվում է Գտչավանքի գավթի հետ։

Եկեղեցին ստորգետնյա գաղտնի ճանապարհով կապված է եղել դրսի հետ: Եկեղեցու պատերի մեջ կան շուրջ 50 խաչքարեր:

Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE