Բռի Եղցի վանք

Բռի եղցի

Մարտունու շրջան, գ. Հացի

Հացի գյուղը պատմական հինավուրց կոթողների, ավանդությունների գյուղ է: Այն ունի արժեքավոր բազմաթիվ հուշարձաններ, որոնք լուռ վկաներն են գյուղի հետաքրքիր պատմության: Բավական է հիշել, որ այս գյուղի վաղնջական անցյալը կապված է Վաչագան Բարեպաշտ թագավորի անվան գործունեության հետ:

Հացիի պահպանված հուշարձաններից առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում գետակի ձախ ափի բլրակի բլրի գագաթին ու լանջերին փռված հուշարձանախումբը, որը ժողովրդի կողմից կոչվում է Բռի եղցի: Այն փռված է Անահիտի ձորակի ձախ կողմում։ Ամայի՝ քար ու ավազով պատած տարածքում երևում է միջնադարյան խոշոր վանքային համալիրը: Զարմանալ ու հիանալ կարելի է միայն, տեսնելով , թե ինչպիսի ներդաշնակությամբ են անցյալի վարպետները կարողացել անհրապույր տեղանքի հետ համադրել ճարտարապետական ուշագրավ վանքի կառույցները:

Թեև համալիրի կանգուն, մասամբ նաև քանդված կառույցները, ըստ նրանց վրայի արձանագրության, հիմնականում վերաբերում են 12-13-րդ դարերին, բայց այստեղ գտնված ավելի հին հուշարձանների բազմաթիվ բեկորներ և ժողովրդի պատմության մեջ պահպանված ավանդությունները հաստատում են վանքի տեղում նույնիսկ մինչև հեթանոսական ժամանակաշրջանի հասնող մշակույթի գոյությունը: Բռի եղցու այժմյան համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից, խաչքարերի երեք որմնափակ պահոցներից, քանդված մատուռից, օժանդակ (ավերված) շենքերից և ընդարձակ գերեզմանատնից, որոնք հիմնականում կառուցվել են միջնադարում, և բնականաբար հետագա դարերում ենթարկվել են վերանորոգումների:

Առաջին եկեղեցին, որը գտնվում է բլրի գագաթի հարավարևելյան կողմում, փոքր է, շարված անտաշ սալաքարերով։ Գրեթե ամբողջական մնացած միանավ, թաղածածկ դահլիճի հորինվածքով եկեղեցու միակ մուտքը արևմուտքից է։

Երկրորդ եկեղեցին գտնվում է առաջինի հյուսիսային պատին կից, դարձյալ փոքր շինություն է, իրականացված հողմնահարված սպիտակավուն թերթաքարերով։ Սա էլ, առաջին եկեղեցու նման, միանավ բազիլիկ է ուղղանկյուն հատակագծով։

Երրորդ եկեղեցին որը գտնվում է բլրի գագաթի արևմտյան կողմում, փոքր շինություն է, շարված անտաշ սալաքարերով:

Բռի եղցի հուշարձախմբի հարավային կողմում, բլրի ստորոտում՝ գյուղի շեմին գտնվում է չորրորդ եկեղեցին, որը համեմատաբար փոքր է ու շարված կոպտատաշ սալաքարերով։ Այն կիսավեր է: Կառուցվել է 1235 թվին, Աղվանից Հովհաննես և Ներսես կաթողիկոսների օրոք:

Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE