Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Ասկերանի շրջան, գ. Պատարա

Պատարա (Պտրեցիկ) գյուղից 3 կմ դեպի հյուսիս, անտառում է գտնվում գրականության մեջ հիշատակվող Սուրբ Ամենափրկիչ կամ ինչպես տեղի բնակիչներն էին անվանում ՝ Փրկչա վանքը: Պահպանվել են եկեղեցին, բնակավայրի հետքեր և ընդարձակ գերեզմանատունը՝ փարթամ բուսականությամբ ծածկված հարյուրավոր տապանաքարերով և խաչքարերով: Եկեղեցին ներկայացնում է եռանավ, ուղղանկյուն հատակագծով շինություն (11,3 x 9,7 մ), կողմնաբեմերը զբաղեցնում են աղոթասրահի համարյա կեսը:

Այս կառույցը Արցախի հուշարձանների մեջ եզակի է: Սակայն դրանով նրա իքնատիպությունը չի սպառվում: Խոսքը գնում է արևելյան պատի երկու եռանկյունաձև որմնախորշերի մասին, որոնք ձգվում են պատի ամբողջ երկայնքով: Նման ճարտարապետական հնարքը Արցախի հուշարձանների մեջ իր նախատիպը չունի: Դատելով ծավալատարածական լուծումից, պատերում տեղադրված հին մշակված քարերից ՝ կարելի է եզրակացնել, որ եկեղեցին կառուցված է եղել գմբեթով պսակված հինավուրց տաճարի տեղում։

Տաճարի սպիտակ շենքը կանաչ բուսականության մեջ ներկայացնում է շատ տպավորիչ տեսարան. Եկեղեցու շինարարական արձանագրությունն այնքան աղավաղված է, որ հնարավոր չէ պարզել նրա կառուցման տարեթիվը։ Նրա առաջին տողը ամբողջությամբ ջնջված է, իսկ տարեթիվը ինչպես հայտնի է, սովորաբար նշվում է արձանագրության սկզբում: Սակայն մակագրությունների մեջ հիշատակվող դարպաս, վաճառ (շուկա) բառերը, Սմպատ իշխանի, Աթանաս կաթողիկոսի անուններն ամենայն որոշակիությամբ վկայում են այն մասին, որ գործ ունենք խոշոր կրոնական և վարչական կենտրոնի հետ:



Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE