Սուրբ Ստեփանոս վանքը

Վաճառի Ս.Ստեփանոս վանքը գտնվում է Խաչենագետի ձախ վտակ Վաճառի միջնահովտի ձախ բարձրադիր ափի լեռնաբազուկներից մեկի վրա, Վաճառ գյուղաքաղաքի ավերակներից մոտ 500մ դեպի հարավ, ներկայիս Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղից հարավ-արևելք:

Ս.Ստեփանոսը վանքային համալիր է՝ բաղկացած Ս.Ստեփանոս միանավ բազիլիկ եկեղեցուց և, ինչպես պարզեցին պեղումները, նրան հարավից կից Ս.Ստեփանոսի կրկնահարկ դամբարան-մատուռից, մատուռին արևմուտքից կից գավթից և դրանց շուրջը գտնվող տապանաբակերից: Պահպանվել են նաև հյուսիսից եկեղեցուն կից դարպասի ու պեղումներով վավերացված որմնափակ խաչքարի մնացորդները: Ողջ համալիրը ներառված է աշտարակներով ամրացված պարսպապատերի մեջ:

Պարսպապատից ներս՝ հիմնական համալիրից դեպի հարավ և հյուսիս, պահպանվել են այլ կառույցների, պարիսպներից դուրս՝ հարավից հյուսիս ձգվող ընդարձակ գերեզմանոցների հետքեր: Վաճառի Ս.Ստեփանոս եկեղեցու մասին առաջին մատենագրական հիշատակությունը գտնում ենք Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի (գահակալել է 1701–1728թթ.) օրագրում, ուր կաթողիկոսն ընդօրինակել է եկեղեցու և մատուռի շինարարական արձանագրությունները (հատվածաբար և մոտավոր):

Այդ արձանագրություններից պարզ է դառնում, որ եկեղեցին 1229թ. կառուցել է Խաչենի իշխան Հասան-Ջալալը՝ այստեղ Ս.Ստեփանոսի մասունքների «հայտնվելու» կապակցությամբ, իսկ դամբարանի վրայի մատուռը՝ նրա կին Մամքանը՝ 1251թ։

Պեղումները պարզեցին, որ մատուռից պահպանվել են կրաշաղախ հատակը, հարավային պատի և հարավային աբսիդի պատերի երկու շարքերը, արևելյան զույգ խորանների առաջին շարքի քարերը: Ողջ կառույցն իրականացված է չեչոտ կրաքարի սրբատաշ կվադրերով: Հայտնաբերվել են լուսամուտների քանդակազարդ պարակալը, արևմտյան մուտքի եզրաքարերը՝ դեկորատիվ սյունաշարի տրամատավորումով:

Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE