Քյաթուկ

Please enable JavaScript in your browser to complete this form.

Քյաթուկը գտնվում է ԱՀ Ասկերանի շրջանում՝ Կարկառ գետի աջափնյա բարձրադիր հատվածում, Ասկերանից 4 կմ հարավ-արևմուտք։ Ներկայիս բնակավայրից 500 մ վերև են գտնվում Հին Քյաթուկի ավերակները։ Առաքել Դավրիժեցին այն անվանել է Քոթուկլու, Ղևոնդ Ալիշանը՝ Գետիկ։

Հին Քյաթուկի մոտ պահպանվում էին Սպիտակ հօլ եկեղեցու, հարակից գերեզմանոցի և Զինավոր սրբատեղու մնացորդները։ 19-րդ դարի երկրորդ կեսին գյուղում կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին։

Գյուղի բնակչությունը հատկապես ծանր ժամանակներ է ապրել 1905–1906 թթ. և 1917–1920 թթ.՝ հայ-թաթարական ընդհարումների ժամանակներում:

1870 թ. Քյաթուկում բացվել է նախակրթարան, իսկ 1871 թ.՝ եկեղեցական–ծխական դպրոց: Ուսուցիչն էր Հովհաննես Հովսեփյանը, իսկ 20–րդ դարի սկզբին՝ Համազասպ Տեր–Հակոբյանը: 1896 թ. դպրոցը փակվել և 1907–1908 ուսումնական տարում նորից վերաբացվել է: Դպրոցը պահվում էր բաքվաբնակ քյաթուկցիների հայրենակցական միության կողմից տրամադրված միջոցներով և աշակերտների ուսման վարձով:

1930թ. գյուղում կազմավորվել է կոլտնտեսություն, որը հետագայում միացվել է Խանապատի կոլտնտեսությանը։

ՀայրենականՄեծ պատերազմին մասնակցել է 121 քյաթուկցի, որոնցից 68-ը զոհվել է։

Ծագումով Քյաթուկից են նավթարդյունաբերող, բարերար Միքայել Արամյանցը, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Բալասանյանը, Արցախի հերոս, գեներալ մայոր Վիտալի Բալասանյանը:

19-րդ դարում Հին Քյաթուկում, ըստ Մակար Բարխուդարյանցի տեղեկությունների, կար մինչև 500 ծուխ։ 1987 թ. տվյալներով գյուղում կար 30 տուն, 73 բնակիչ, 2018-ին՝ 6 տուն, 7 բնակիչ։

2023 թ․ սեպտեմբերին Արցախի ողջ տարածքի բռնազավթման և արցախահայության բռնատեղահանության արդյունքում բնակավայրը ամբողջությամբ հայաթափվել է։

Լուսանկարներ
WP Radio
WP Radio
OFFLINE LIVE