Արևային ջրատաքացուցիչներ և արևային պանելներ

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ, ՎԱՆՔԵՐԻ ԵՎ ԵՐԻՑԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Մերօրյա հասարակության բնականոն կենսագործունեության կարևոր գործոններից է էներգետիկ բաղադրիչը, և առանց դրա անհնար է պատկերացնել մարդու կյանքը 21-րդ դարում։ Գաղտնիք չէ, որ 2020թ.-ի հայ-ադրբեջանական պատերազմից հետո Արցախի մեծ մասը օկուպացվել է Ադրբեջանի կողմից, որի արդյունքում մնացյալ հատվածը հայտնվել է շրջափակման մեջ, իսկ Հայաստանին կապող Լաչինի միջանցքը անընդհատ արգելափակվում է հակառակորդի կողմից։ Ադրբեջանական կողմը, ի թիվս տարատեսակ ճնշման մեխանիզմների, լայնորեն կիրառում է էներգետիկ տեռորի իր գործիքակազմը՝ կտրելով Հայաստանից Արցախ մատակարարվող բարձրավորլտ էլեկտրաէներգիայի լարերը, վնասելով Արցախ մտնող միակ գազատար խողովակը, որոնք անցնում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներով։

Այսպիսով ադրբեջանական կողմը հնարավություն ունի անընդհատ միջամտելու, և օգտվելով առիթից, նրանք ժամանակ առ ժամանակ անջատում էին Արցախ մուտք գործող գազը, իսկ 2023թ. ապրիլ ամսվանից առ այսօր գազամատակարարումը անորոշ ժամկետով խափանված է Ադրբեջանի կողմից, էլեկտրականությունը նույնպես երբեմն անջատում են ամիսներ շարունակ: Նպատակը մեկն է․ կիրառելով նաև էներգետիկ ճնշման մեխանիզմը՝ Արցախում խորացնել տնտեսական ճգնաժամը և ստիպել Արցախցիներին հեռանալ իրենց հայրենիքից։

Այս իրավիճակին զուգահեռ այսօր Արցախն ունի շատ քիչ Էլեկտրաէներգիայի պաշարներ երկրի պահանջները բավարարելու համար, որի պատճառով հաճախակի տեղի են ունենում հովհարային անջատումներ՝ օրվա մեջ 3 անգամ 2-ական ժամով։ Էլեկտրաէներգիայի սակավությունը և Արցախի միակ հիդրոէլեկտրակայանի գերծանրաբեռնված աշխատանքը գրեթե ցամաքեցրել և բնական աղետի շեմին են հասցրել Սարսանգի ջրամբարն ու շրջակա բնությունը։

Ծրագրի նպատակն է․

  • Հաշվի առնելով ներկա կացությունը և սոցիալական ճգնաժամային իրավիճակը, Արցախի թեմի գործող եկեղեցիները, վանքերն ու երիցատները ապահովել արևային ջրատաքացուցիչներով և հոսանքի արևային պանելներով, որը հնարավորրություն կտա մշտապես ունենալ տաք ջուր և էլեկտրականություն։
  • Սրանով Արցախի թեմը էներգետիկ առումով կդառնա ինքնաբավ, ավելացած հոսանքը կտա պետությանը, ինչպես նաև կխթանի Արցախում կանաչ էներգիայի մշակույթի ներդրման ու զարգացմանը։
  • Եկեղեցու հովվական կյանքում կարևոր է տաք ջրի առկայությունը՝ մկրտությունները տաք ջրով կատարելու համար՝ հատկապես մանուկներին մկրտելիս, ինչպես նաև առհասարակ հիգենիայի առումով բավարար կենցաղավարության մակարդակ ապահովելու համար։

Արցախի թեմում տաք ջրի և էլեկտրականության մշտական ապահովման առաջնային նշանակության օբյեկտներն են․

  1. Գանձասարի վանք (20ԿՎ/Ժ)
  2. Շոշկավանք (25ԿՎ/Ժ)
  3. Հակոբավանք (20ԿՎ/Ժ)
  4. Ամարասի վանք (20ԿՎ/Ժ)
  5. Ասկերանի Ս․Աստվածածին եկեղեցի (10ԿՎ/Ժ)
  6. Ասկերանի երիցատուն (10ԿՎ/Ժ)
  7. Մաճկալաշենի երիցատուն (10ԿՎ/Ժ)
  8. Մարտունու Երիցատուն (20ԿՎ/Ժ)
  9. Նորշենի երիցատուն (10ԿՎ/Ժ)
  10. Ճարտարի Ս. Վարդան եկեղեցի (10ԿՎ/Ժ)
  11. Վաղուհասի Ս. Աստվածածին եկեղեցի (10 ԿՎ/Ժ)
  12. Մարտակերտի մշակույթի տուն (20ԿՎ/Ժ)
  13. Մարտակերտի երիցատուն (10ԿՎ/Ժ)
  14. Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցի (20ԿՎ/Ժ)
  15. Ստեփանակերտի Ս․Հակոբ եկեղեցի (10ԿՎ/Ժ)
  16. Արցախի թեմի առաջնորդարան (25ԿՎ/Ժ)

Ընդհանուր 16 արևային ջրիատաքացուցիչ և պանելային կայան (250 ԿՎ/Ժ)

Ծրագրի բյուջե

1 հատ արևային ջրատաքացուցիչն արժե $1300։Ընդհանուր՝ — $1300 x 16 = $20800։
1 ԿՎ/Ժ արևային պանելն արժե $1300։Ընդհանուր՝ — 250 ԿՎ/ժ x $1300 = $325000։
Տեղափոխման ծախսերը Երևանից Ստեփանակերտ և Արցախի տարածքում կազմում է $5000։Ծրագրի ամբողջական ֆինանսը կազմում է – $350800։
WP Radio
WP Radio
OFFLINE LIVE