ՀԱՍԵ Արցախի թեմի հովանու ներքո Մանրանկարչության կենտրոն
Մանրանկարչությունը, որպես կերպարվեստի առանձին բնագավառ, հայտնի է եղել հնագույն ժամանակներից, սակայն վերելք է ապրել Քրիստոնեության տարածումից հետո՝ մասնավորապես Եգիպտոսում, Պաղեստինում, Սիրիայում և Հայաստանում: Թեև մանրանկարչությունն անբաժան է եղել ձեռագիր գրքից, սակայն ժամանակի ընթացքում այն ինքնուրույն զարգացում է ապրել և իր հարստության, ոճական բազմազանության, պատկերագրական և գունային ուրույն առանձնահատկությունների շնորհիվ դարձել է ազգային արվեստի մի ինքնատիպ ճյուղ։
Հայկական մանրանկարչությունը աչքի է ընկնում իր մոնումենտալությամբ, պատկերներում առկա դեմքերի արևելյան տիպով, տեղական տարազով, հայկական մշակույթին բնորոշ զարդարվեստով։ Հայերեն ձեռագրերում ամենից շատ քրիստոնեական թեմաներով պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչ գրքերը, կրոնական-ծիսական մյուս մատյանները, ինչպես նաև պատմագրքերը։
Երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց Հայոց տառերը, և սկսեցին գրվել հայերեն ձեռագիր գրքեր, դպրության հետ միասին զարգացավ նաև հայկական մանրանկարչությունը: Տարբեր դարերից մեզ հասած բազմաթիվ ձեռագրերի զգալի մասը զարդարված է մանրանկարներով: Հայաստանում գործել են մանրանկարչության բազմաթիվ կենտրոններ: Հայտնի են Անիի, Գլաձորի, Տաթևի, Նախիջևանի, Արցախի, Վասպուրականի և այլ կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրը հատկանշվում է մանրանկարչության ուրույն ոճով և տեղական ավանդույթներով։
Այսօր՝ մեր ժողովրդի համար ծանր ու բախտորոշ այս ժամանակահատվածում, երբ կանգնած ենք բազում խնդիրների ու մարտահրավերների առաջ, Արցախ աշխարհում լույսի մի փոքրիկ կենտրոն ունենալու տեսլականով, կարևորելով հոգևոր և մշակութային ավանդույթների վերականգնումը և պահպանումը, ՀԱՍԵ Արցախի թեմը՝ թեմակալ առաջնորդ Վթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջարկով և օրհնությամբ, նախաձեռնում է բացել մանրանկարչության կենտրոն:
Նախատեսվում է բացել մանրանկարչության կենտրոն,որտեղ դասավանդվելու են՝
- մանրանկարչության պատմություն
- հայկական մանրանկարչության պատմություն
- հայկական զարդանախշ
- տառարվեստ
- մանրանկարչություն թղթի վրա
- մանրանկարչություն փայտի վրա
- մանրանկարչություն մագաղաթի վրա:
Ծրագրի նպատակը՝
- Մանրանկարչական հին ավանդույթների վերականգնում
- մանրանկարչական արվեստով ճաշակի զարգացում
- մանրանկարչական արվեստով քրիստոնեական դաստիարակության սերմանում երեխաների մեջ:
Ծրագրում կընդգրկվեն 10-16 տարեկան 8-12 երեխա:
Կդասավանդվի.
- Մանրանկարչություն՝ շաբաթական 3 օր 2 ժամ տևողությամբ:
- Մանրանկարչության պատմություն՝ շաբաթական 2 օր 1 ժամ տևողությամբ:
Ամբողջ ծրագիրը՝ 12 ամիս տևողությամբ:
- Նախատեսվում է տարեկան ցուցահանդես, հնարավորության դեպքում նաև վաճառք՝ խրախուսելու ծրագրի մասնակիցներին և ապահովելու ծրագրի շարունակությունը:
- Ծրագրի իրականացման համար Արցախի թեմը տրամադրում է բարեկարգ տարածք։
- Կից ներկայացված է ծրագրի նախահաշիվը։
ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ
ՆԱԽԱՀԱՇԻՎ
| Հ/Հ | Նյութեր | Գին | Քանակ / չափման միավոր | ՀՀ դրամ |
|---|---|---|---|---|
| 1 | Թուղթ | 4 000 | 11 տուփ | 44 000 |
| 2 | Ջրաներկ | 10 000 | 11 տուփ | 110 000 |
| 3 | Տենպերա | 2 000 | 33 հատ | 66 000 |
| 4 | Ակրիլ | 2 000 | 33 հատ | 66 000 |
| 5 | Ոսկեգույն | 5 000 | 3 տուփ | 15 000 |
| 6 | Արծաթագույն | 5 000 | 1 տուփ | 5 000 |
| 7 | Վրձիններ | 2 000 | 33 հատ | 66 000 |
| 8 | Փայտի հումք | ⎯ | ⎯ | 66 000 |
| 9 | Մագաղաթ հումք | ⎯ | ⎯ | 44 000 |
| 10 | Սեղանի մոլբերտ | 15 000 | 11 հատ | 165 000 |
| 11 | Լակ | ⎯ | ⎯ | 33 000 |
| 12 | Մատիտներ ռետին | 3000 | 11 կոմպլեկտ | 33 000 |
| 13 | Սեղան | 40 000 | 11 հատ | 440 000 |
| 14 | Աթոռ | 20 000 | 11 հատ | 220 000 |
| 15 | Սեղանի լուսամփոփ | 10 000 | 11 հատ | 110 000 |
| 16 | Պահարան | 80 000 | 1 հատ | 80 000 |
| 17 | Անկյուն կտրող էլեկտրական սղոց | 100 000 | 1 հատ | 100 000 |
| 18 | Համակարգիչ | 300 000 | 1 հատ | 300 000 |
| 19 | Տպող սարք IMAGE Class MF3010 | 110 000 | 1 հատ | 110 000 |
| 20 | Պլանշետ փայտյա | 3 000 | 11 հատ | 33 000 |
| 21 | Պալիտրա | 2 000 | 11 հատ | 22 000 |
| Ընդամենը | 2 128 000 | |||
Աշխատավարձ
| Առարկա | 1 ամսվա աշխատավարձ ՀՀ դրամ |
|---|---|
| Մանրանկարչություն | 150 000 |
| Մանրանկարչության պատմություն | 50 000 |
| Ընդամենը՝ ամսական | 200 000 |
| Ընդամենը՝ տարեկան | 2 400 000 |
