Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Շողակաթի տոնը

Շողակաթի տոնը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնն է: Հայ եկեղեցին այն նշում է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի կիրակիին նախորդող շաբաթ օրը:

Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապի բանտից ազատվելուց հետո, որպես հայոց առաջին կաթողիկոս բնակվեց Վաղարշապատում, ուր իր աղոթքների շնորհիվ արժանացավ աստվածային տեսիլքի:

Տեսիլքի մեջ բացվեց երկնքի հաստատությունը, և լույսը հորդելով վերևից մինչև երկիր հասավ: Լույսի մեջ հայտնվեց հրեշտակների լուսեղեն զորքով շրջապատված Աստծու Միածին Որդին` Հիսուս Քրիստոսը: Նա առջևից էր ընթանում և ձեռքին ուներ ոսկյա մեծ մուրճ:

Միածինն իջավ արքունի դռան մոտ ու ձեռքի ոսկե մուրճով հարվածեց Սանդարամետ կոչված կռատան տեղում: Վաղարշապատ քաղաքի վրա լույսի չորս սյուներ երևացին, որոնցից մեկն ավելի բարձր էր, քան մյուս երեքը:

Հրաշալի այս տեսիլքով Միածինը մատնանշել է Մայր տաճարի հիմնադրման վայրը, իսկ լույսի երեք սյուներով պատգամվում է վկայարաններ կառուցել մարտիրոսացած Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Մարիանե կույսերի նահատակման վայրերում:

Տրդատ Գ թագավորը կառուցում է Մայր տաճարը` Միածնի իջման վայրում:

Շողակաթ անունը տրվեց Լուսավորչի կառուցած այն վկայարաններից մեկին, որտեղից Սբ. Գրիգորն առաջին անգամ տեսավ լույսի առաջին ծագումը, մինչ բուն Մայր Տաճարի տեղում գծագրված լուսեղեն շենքը: Եվ քանի որ Սբ. Հռիփսիմյանց կույսերից հնձանում նահատակված հիվանդ կույսի՝ Սրբուհի Մարիանեի գերեզմանը գտնվում էր այդ սրբավայրում, «Շողակաթ» անունը սովորաբար վերագրվեց նրան և հայերիս մեջ սկսվեց օգտագործվել որպես իգական անուն:

Սբ. Շողակաթ վանքը կառուցվել է 18-րդ դարում Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսի օրոք:

Դարեր շարունակ հայ ժողովրդի համար նվիրական ուխտատեղիներ են Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե, Սբ. Շողակաթ եկեղեցիները, իսկ Սբ. էջմիածինը՝ Մայր Աթոռը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայոց հավատի օրրանն ու Սրբություն Սրբոցն է:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE