Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
«Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը»։
(Հովհ. 8:12)
Սուրբ Ծննդյան նախատոնական այս երեկոյին, երբ ազգային մեր կյանքում և մեր հոգիներում դեռևս թևածում են հոգևոր խավարի ու անորոշության որոշ նշույլներ, փրկչական այս խոսքերն են գալիս փարատելու մռայլն ու աղջամուղջը մեր սրտերի. «Ես եմ աշխարհի լույսը…»:
Ծննդոց գրքում Աստծո արարչությունը սկսվում է «Եղիցի Լույս…» հրամանի արձակումով, որով հալածվում է տիեզերական խավարն ու անորոշությունը՝ քաոսը և սկզբնավորվում են տեսանելի ու անտեսանելի բոլոր արարածները: Բայց այսքանով չի ավարտվում Աստծո Խոսքից ծագող Լույսի առաքելությունը, որովհետև լինելով աստվածային անսահման սիրո զեղում, այն բնականորեն պետք է լինի հարատև և շարունակական՝ ինչպես և հաստատում է Ավետարանիչը. «Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու»(Հովհ.1:9):
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը ոչ այլ ինչ էր, եթե ոչ վերստին հռչակումը աստվածային Եղիցի Լույս հրամանի: Աստված խոնարհվեց մարդկային մակարդակի՝ վերականգնելու արարչության խաթարված ներդաշնակությունը և կանգնեցնելու մարդկության նորից դեպի քաոս գնացող վայրընթացը: Հայ ժողովուրդը առաջիններից մեկը ընդառաջ գնաց աստվածային ճշմարիտ Լույսին, որովհետև իր ենթագիտակցական ոլորտում դեռևս կրում էր հիշողությունը և նշույլները նախաստեղծ լույսի: Ուստի Քրիստոսի բերած հոգևոր նորոգումը մենք անվանեցինք լուսավորություն, մեր ազգի առաքյալներին և պաշտոնական առաջին հայրապետին անվանեցինք լուսավորիչներ, իսկ մեզ էլ սկսեցինք համարել Լուսո Որդիներ:
Սուրբ Ծննդյան այս հոգենորոգ տոնին, որ տարեվերջյան ու գալիք տարվա հաշվետու մի հանգրվան է ամեն մի քրիստոնեայի համար, հետադարձ հայացք գցենք մեր անցած տարիների վրա և փորձենք լույս սփռել մեր ներքին մտահոգությունների ու անորոշության խավարի վրա: Այսօր զրկված ենք վերջին տասնամյակներում ազգային մեր կյանքը միավորող, ոգեշնչող և ուղորդող վառ ջահերից մեկից՝ Արցախից ու մտամոլոր հարցնում ենք. «Որտեղից ստանանք մեզ համար այդքան անհրաժեշտ ու կենսական լույսը, որով վերստին պիտի վառենք մեր հանգած լապտերը»:
Սակայն Աստծո փրկությունը միակողմանի և մեկ անգամյա ակտ չէ և իրենից ենթադրում է ընդառաջ գնացող մոտեցում: 19-րդ դարի սկզբի անգլիացի նկարիչներց մեկի վրձնին պատկանող հայտնի մի կտավ կա, որ կոչվում է «Աշխարհի Լույսը»։ Գիշերվա մթության մեջ պատկերված է Տեր Հիսուս Քրիստոս, ով թակում է փակ և մամռակալած մի դուռ, որը դրսից բռնակ չունի: Ի պատասխան այն հարցին, թե ինչու դուռը բռնակ չունի՝ նկարիչը պատասխանել է, որ բռնակը ներսի կողմից է։ Այդ մենք է, որ պիտի բացվենք Լույսին»։
Այն պահից, երբ մենք ընդունեցինք Քրիստոսի ժողովուրդը լինելու հրավերը և ուխտեցինք լինելու Լուսո Որդիներ, փոխվեց նաև մեր կյանքի ու պարտականությունների ուղին՝ «Ում շատ է տրված, շատ էլ պահանջվում է»: Ուստի, երբ մենք հեռանում ենք այդ լույսից և մեր առաքելությունից, անմիջապես կրում ենք դրա կործանարար հետևանքները: Խոսքիս կենդանի ու դեռևս թարմ վկաները հենց մենք ենք, այստեղ հավաքված յուրաքանչյուր ոք:
Տասնամյակներ շարունակ իր անկախության համար մաքառող Արցախը, պատմության մեջ առաջին անգամ ենթարկվեց ամբողջական հայաթափման։ Ադրբեջանի կողմից հատուկ նպատակով իրագործված իննամսյա շրջափակման և մարդասիրական ճգնաժամի հետևանքով հյուծված մեր ժողովուրդը հերոսական դիմադրություն ցույց տվեց նաև ռազմի դաշտում․ ցավոք ուժերն անհավասար էին, իսկ Արցախը մենակ։
Ճրագալույցի լուսառատ այս երեկոյան մտովի տեղափոխվում ենք երկու կարևոր տաճարներ: Առաջինը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ Տաճարն է, որտեղ անգամ շրջափակման պայմաններում Ծննդյան տոներին եկեղեցին լցված էր աննկարագրելի սիրով ու ջերմությամբ: Այսօր այստեղ պատարագի ընթացքին առաջին շարքերում մեզ հետ աղոթակից ունենալով Արցախի օրենսդիր և գործադիր իշխանություններին՝ գլխավորությամբ Արցախի Նախագահ Տիար Սամվել Շահրամանյանի, թվում է թե հերթական տոնական պատարագն է Արցախի առաջնորդանիստ եկեղեցում, որի ընթացքին մեծ ուրախություն ենք ունեցել վայելելու նաև հայրական ներկայությունն ու օրհնությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Վեհափառ Տեր, տոնական այս առիթով, Հանուն Արցախի մեր հավատավոր ժողովրդի, մեր որդիական ջերմ սերն ու անկեղծ երախտիքներն ենք բերում Ձերդ Սրբությանը, որ տակավին Արարատյան Թեմի առաջնորդական փոխանորդության տարիներից սկսյալ անմնացորդ նվիրումով աջակից եք եղել Արցախի ազատագրական սրբազան պայքարին։ Մենք մշտապես զգում էինք Ձեր Հայրական խնամքն ու ներկայությունը հատկապես մեր նեղության օրերին, և այսօր էլ ի հեճուկս բազմաթիվ խոչընդոտների, Հայոց Եկեղեցին հաստատակամորեն շարունակում է հավատալ հայկական Արցախի լուսավոր գալիքին։
Սիրելի ներկաներ, մեր մտապատկերում հառնող երկրորդ տաճարը Սուրբ Ծննդյան տաճարն է, այն համեստ մսուրը, որի անշուք ու խոնարհ մեծության առջև այսօր ծնկած, փորձում ենք հասկանալ, թե ինչու զրկվեցինք առաջին տաճարից:
Այս տարի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ առաջին անգամ ամանօրյա և Սուրբ Ծննդյան տոները պիտի դիմավորեն իրենց փայփայած օջախներից հեռու, բայց ո՛չ օտարության մեջ, ուստի այնպիսի սիրով ու ջերմությամբ պետք է պարուրենք Արցախի մեր քույրերին ու եղբայրներին, որ նրանք նորից սկսեն հավատալ իրենց լուսավոր գալիքին։ Սիրելի արցախցինե՛ր, լցվեք աստվածային հույսով և լավատեսությամբ, ապրեք և արարեք Մայր Հայաստանում, որովհետև միայն այս ձևով կարող է արթուն մնալ և իրագործվել վերադարձի հույսը։
Երբ ծառը խնամքով են հանում հողից և չեն վնասում նրա արմատները, ինչ-որ չափով հնարավոր է դառնում նրան այլ տեղ աճեցնել, իսկ մի ժողովրդի, որի արմատները դարերով են սերտաճել հայրենի հողի մեջ, անհնար է առանց արմատները վնասելու հանել իր հողից: Մեզ բռնի կերպով քաշեցին ու պոկեցին մեր դարավոր այգուց, իսկ մեր արմատները մնացին այնտեղ: Ուստի նորից պիտի ձգտենք միանալ մեր արմատներին, այլապես, որպես պտղատու ծառ, դատապարտված ենք չորանալու:
Սուրբ Ծննդյան լուսաբեր այս երեկոյան աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար, մեր նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության, անհայտ կորած և գերյալ մեր զավակների շուտափույթ վերադարձի համար, ինչպես նաև այս պահին սահմանը հսկող մեր զինվորների համար։ Աղոթում ենք նաև գերության մեջ գտնվող Արցախի ղեկավարության տոկունության և վերադարձի համար: Մեր ցանկությունն է, որ Արցախը իր պետական կառույցներով շարունակի գոյատևել՝ թեկուզ Մայր Հայաստանում, որը հիմք պիտի լինի հայրենի երկիր վերադարձի համար:
Ինչպես հովիվները և մոգերը գտան Հիսուս Մանկանը բեթղեհեմյան աստղին հետևելով, այդպես էլ մենք խոնարհությամբ ու իմաստությամբ կարողանանք վերագտնել ազգային մեր կյանքի զարթոնքի ուղիները և մեր կորուսյալ հայրենիքը՝ Սուրբ Ծննդյան Լույսին հետևելով: Արցախը Հայոց Դրախտն է, իսկ քրիստոնեաների համար Դրախտ վերադարձը հնարավոր է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուստի սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, Մանուկ Հիսուսի խոնարհ մսուրի առջև ծնկած, մաղթում ենք բոլորիս Քրիստոսով վերադարձ դրախտ՝ Արցախ: