«Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով երկօրյա միջազգային համաժողով

Սեպտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի հանդիսությունների սրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախաձեռնությամբ Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի ու Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հանձնախմբի, մեկնարկեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն»  խորագրով երկօրյա միջազգային համաժողովը։

Համաժողովին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների և քրիստոնեական կառույցների ներկայացուցիչներ, գիտնականներ ու հասարակական գործիչներ տարբեր երկրներից։

Կոնֆերանսի սկզբում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը ներկաներին հրավիրեց մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան 44-օրյա պատերազմի անմեղ զոհերի հիշատակը։ Այնուհետև համաժողովի մասնակիցներին իր պատգամն ու օրհնությունը փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ողջույնի խոսքում կարևորեց կրոնի և հոգևորականների դերն ու գործունեությունը կրոնական ազատության և խաղաղության  գործում:

«Բարձրաշնորհ հոգևոր հայրեր, տիկնայք և պարոնայք: Ուրախ ենք ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովի առթիվ: Գնահատելի են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում գործող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի և հանձնախմբի ջանքերը՝ այստեղ մեկտեղելու ազատության, խաղաղության վեհ գաղափարների համար իրենց ծառայությունն աշխարհին բերող նվիրյալներին, որոնց համատեղ ջանքերի համագումարը մեծապես կնպաստի այդ գաղափարների վերարժևորմանն ու ամրապնդմանը: Ազատության և խաղաղության գաղափարները մարդկության պատմության տարեկիցներն են և այսօր էլ շարունակում են  մնալ արդիական, մանավան, երբ աշխարհի տարբեր մասերում բռնությունների, հակամարտությունների և պատերազմների առկայությունը հաճախ փորձ է արվում հիմնավորել ազատության կամ խաղաղության հաստատման կեղծ օրակարգով», — ասաց Կաթողիկոսը:

Գարեգին Բ-ն իր խոսքի մեջ անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին նշելով. «Շատ ցավալի իրադարձությունների բախվեցինք բոլորովին վերջերս, երբ Արցախում բնակվող մեր ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծվեց: Ռազմական գործողությունների ընթացքում, որում ներգրավված էին թուրքական զինված ուժեր, միջազգային ահաբեկչական խմբավորումներ, նաև խաղաղ բնակավայրերի և ժողովրդի դեմ գործածվեցին ֆոսֆորային և արգելված այլ զինատեսակներ։ Այդ ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհվեցին ու հաշմանդամ դարձան հազարավոր անձեր, ավերվեցին բնակավայրեր, տասնյակ հազարավոր ընտանիքներ դարձան գաղթականներ, շատեր, ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանից, անգամ ռազմական գործողություններից հետո գերեվարվեցին և մինչ այսօր Ադրբեջանում պահվում են դաժան պայմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով: Հայ ռազմագերիների ազատ արձակման և կրոնամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ կատարած աշխատանքի համար ցանկանում ենք ևս մեկ անգամ Մեր գնահատանքը և շնորհակալությունը հայտնել միջազգային մարդասիրական ու միջեկեղեցական բոլոր կազմակերպություններին և այստեղ ներկա ձեզ ամենքիդ։»

Համաժողովի ընթացքում քննարկվելու են հակամարտության գոտիներում դեպի պաշտամունքի վայրեր մուտքի հնարավորությունը, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանումը և այլ թեմաներ։

Մասնակիցներին իրենց ողջույնի խոսքը հղեցին նաև Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան, Եվրոպական եկեղեցիների համաժողովի նախագահ Հայր Քրիստիան Քրիգերը, ԱՄՆ-ի Եկեղեցիների ազգային խորհրդի գլխավոր քարտուղար և նախագահ պրն․ Ջիմ Ուինքլերը, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Լոնդոնի թեմի առաջնորդ Անգելոս արքեպիսկոպոսը, Ասորի Ուղղափառ Եկեղեցու Բելգիայի, Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգի պատրիարքական փոխանորդ Ջորջ արքեպիսկոպոս Կուրիեն, Անգլիկան Եկեղեցու Ջիբրալթարի եպիսկոպոս Ռոբերտ Իննեսը, Հնդկաստանի Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու Էկումենիկ հարաբերությունների բաժնի քարտուղար Հայր Աբրահամ Թոմասը, ՀՀ-ում Վատիկանի պապական նվիրակ արքեպիսկոպոս Խոսե Բետանկուրը փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի ուղերձը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի Պատրիարքության Արտաքին հարաբերությունների բաժնի փոխտնօրեն Հայր Ֆիլարետ Բուլեկովը փոխանցեց նույն բաժնի տնօրեն Իլարիոն միտրոպոլիտի ուղերձը, Հայաստանում Արևելքի Ասորի Եկեղեցու սպասավոր Հայր Նիկոդեմոս Յուխանաևը փոխանցեց Արևելքի Ասորի Եկեղեցու Նորին Սրբություն Գիվարգիզ Գ Սլիվա Կաթողիկոս-Պատրիարքի ուղերձը։

Զեկուցումներից հետո տեղի ունեցան քննարկումներ:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE