Միջազգային գիտաժողովի հանդիսավոր բացումը

Վրթանես Սրբազան

Սույն թվականի սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության և Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի հանդիսավոր բացումը:

Ողջույնի խոսք ասացին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը ներկայացրեց Նախագահի մամլո խոսնակ Լուսինե Ավանեսյանը: ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը իր խոսքի մեջ ընդգծեց, որ անկախությունը մեր հոգևոր, ինտելեկտուալ, բարոյական, գաղափարական, ուժային և բոլոր մնացած ռեսուրսների կենտրոնացումն ու մեկտեղումն է, դա մեր՝ մեկ ուղղությամբ նայելն է:

Վրթանես Սրբազանը իր օրհնությունը փոխանցեց գիտաժողովի մասնակիցներին մեջբերելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի խոսքերը՝

Հայրենիք ստեղծելը հերոսություն է, Հայրենիք շենացնելը առաքինություն:

«ԱՀ ազգային ժողովի մեծարգո նախագահ տիար Արթուր Թովմասյան, ԱՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի մեծազնիվ նախարար տիկին Լուսինե Ղարախանյան, գիտաժողվի պատվարժան մասնակիցեր, սիրելի քույրեր և եղբայրներ,

Իսկապես Մայր Հայաստանի և Արցախի Հանրապետության անկախության վերականգնումը  հայ ժողովրդի դարավոր իղձերի  իրականացումն էր և նրա ազատ ապրելու բնական ու Աստվածապարգև իրավունքի իրացումը։

Մեր ազգը, որպես Հայկի սերունդ և քրիստոնեական արժեհամակարգի կրող, մշտապես պայքարի մեջ է եղել չարի դեմ: Հազարամյակներ շարունակ փորձել են ու էլի փորձում են ջնջել Հային ու Հայկականը, բայց չեն հաջողի, որովհետև մեր ժողովրդի կյանքը բացի նյութական իրողություն լինելուց, նաև հոգևոր իրողություն է։ Երբ Հայկը ըմբոստացավ Բելի դեմ և վերադարձավ մեկ Աստծո պաշտամունք ունեցող իր հայրերի երկիրը, երբ 2000 տարի առաջ մեր ազգը վերադառնալով իր արմատներին՝ ընտրեց դեպի Աստված գնալու Քրիստոսի նախանշած ճանապարհը, մեկընդմիշտ ամրագրեց,որ նա դեպի հավիտենություն քայլող ազգ է։

Գաղտնիք չէ, որ հայ ազգը շատ երկար տարիներ ենթարկվել է հարևան ժողովուրդների ոտնձգություններին ու հալածանքներին, լինելով այլ ժողովուրդների լծի ու իշխանության տակ՝ հայը հարյուրամյակներ շարունակ չի կարողացել կերտել իր պետականությունը:

Այս է այն գլխավոր  ազդակը, որ զգաստացնում է ամեն հայի միտք՝ հասկանալու, թե որքան է պետականություն ունենալու գինը: Երբ Հայոց ազգը պետականություն չուներ, Մայր Եկեղեցին էր կրում ժողովրդին առաջնորդելու ծանր լուծը։ Միշտ հալածանքի ժամին եկեղեցին դիմել է այլ պետությունների, որպեսզի կեղեքվածին ու որբացածին ողորմություն անեն, սակայն, ավաղ, աշխարհը ինչպես միշտ իր հոգսերով էր և բնավ մեզ լսելու անգամ ժամանակ չուներ:

գիտաժողովի հանդիսավոր բացումը

Թե ինչպիսի նշանակություն ունի ինքնիշխան և ուժեղ պետություն ունենալը, կարծում ենք լավագույնս բնութագրել է Հայոց Հայրապետ, ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկներից Խրիմյան Հայրիկը. «Երբ գնացի Բեռլինի կոնգրես մեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացա, որ նախ և առաջ պետք է ունենալ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈԻ իրավունք: Այդ իրավունքը նվաճում են զենքով: Երևի լսել եք երկաթե շերեփի մասին: Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ և արդար, խղճահարությունից բացի ոչինչ մեզ չտվեցին: Ռուսաստանը, որ թվում էր մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի ոչինչ չէր տեսնում և չէր լսում: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առջև բոլորը փակեցին իրենց տան դռները: Հայ ժողովուրդը անտեր էր: Բայց ամենից կարևորը, որ ես հասկացա՝ այն էր, որ մենք տերեր չպետք է փնտրենք դրսում…»

Խրիմյան Հայրիկ

Այսօր՝ ուղիղ 30 տարի հետո, բոլորիս միավորել է հիշողությունն ու վերարժևորումը այն օրվա, երբ տասնամյակների ծանր շղթաները կոտրվեցին, երբ հայի հոգու մեջ դարերով ծածկված, ճնշված ու խտացված ուժի վերածված ազատության աստվածաստեղծ ձգտումը ժայթքեց և ստացավ իր արժանի բանաձևումը՝ Արցախն ու Մայր Հայրենին այլևս անկախ են։ 30 տարի առաջ հայը ի լուր աշխարհի արձանագրեց, որ ինքը ունի իր այս դարավոր հայրենի հողում ազատ ապրելու իրավունք: Մեր ժողովուրդը ընտրեց արժանապատիվ ապրելու ուղին՝ գիտակցելով թե ինչ թանկ գին պետք է վճարի այդ ընտրության համար, կամավոր ընտրեց և վճարեց այդ գինը՝ բազում փորձություններ հաղթահարելով ազատեց Արցախը, որպեսզի այնտեղ կարողանա իրականություն դարձնել իր ազատ ապրելու իրավունքը։

Արցախի անկախության վերջին ծանր փորձությունը և նրա թողած վերքերը դեռ չեն սպիացել, մեր շուրջը դեռևս մութ ամպեր կան, Արցախի հարցը դեռ ամբողջովին լուծված չէ, մեր տնտեսական, ստեղծագործական, արդյունաբերական զորությունը նորից տկարացել է, և ոչինչ անյպես չէ, ինչպես որ մենք կուզեինք։ Բայց մենք է, որ ամեն բան պետք է անենք վիճակը փոխելու համար։ Աստված երկնքից հրեշտակներ չի ուղարկելու մեր կյանքը բարելավելու համար։ Մենք ենք Աստծո գործակիցները այս հողի վրա՝ մեր աշխատանքով ու մեր ջանքերով, չլինի թե  մեր զավակները մի օր ասեն․ «Մեր հայրերը և մայրերը այնպիսի ճղճիմ հարցերով ու ներքին պայքարներով իրար դեմ ելան, որ մթագնեցին մեր ազատությունն ու անկախությունը»։

Հիմա, երբ ասյտեղ համախմբվել ենք մեր կարևոր ձեռքբերումներից մեկի՝ անկախությանը նվիրված այս գիտաժողովի շրջանակներում, լավագույն առիթն ունենք մտորելու, դասեր քաղելու, մեր բացթողումները վեր հանելու և առաջ շարժվելու կամքը ավելի հզորացնելու համար։ Այսօր մենք պետք է մեր անձը մոռանանք, միանանք հոգեկան հաղորդությամբ և մեր աղոթքներն ու ջանքերը ուղղենք մեր հայրենիքի հզորացման վրա, որովհետև ամեն ինչ անհետ կորած չէ։ Աստված թողել է այս մնացորդացը, որի վրա պետք է ամուր կանգնենք ու առաջ շարժվենք։

«Նահատակների արյունը գծում է մեր կյանքի և մեր պարտականության ճանապարհը»։ Մեր նվիրյալ նահատակների պատգամն է, որ մենք կարողանանք մեր կյանքո՛վ հարգել այն, ինչ որ նրանք մահով և արյունով հարգեցին, և սա պետք է ամեն մեկիս համար մի նոր մղում լինի։ Պետք է հասկանանք, որ մեզնից վեր է մեր հողը, մեր հայրենիքը, մեր Եկեղեցին, և այդ գիտակցությունն է միայն, որ պետք է փրկի Արցախը։

Մենք՝ քրիստոնյաներս, ունենք դեպի մի ուրիշ աշխարհ ձգտելու իդեալը, Ավետարանական խոսքով Աստծո թագավորության աշխարհը, որը հենց Սիրո աշխարհն է: Այս կապակցությամբ Քրիստոս ասաց, թե Ես այս աշխարհից չեմ, այլ մի ուրիշ աշխարհից, Գերագույն Սիրո աշխարհից և բոլորդ հրավիրված եք այդ աշխարհ:

Եթե մենք որպես ազգ, որպես գիտակից քրիստոնյա ժողովուրդ չենք ձգտում մեկ մեկու սիրել Աստվածային պատվիրանով, ապա մեր ազգի նկատմամբ աշխարհի անտարբեր վերաբերմունքը կարող ենք արդարացված համարել: Սակայն եթե մենք հանձն ենք առնում մերձավորին սիրելու պատվիրանը, հենց այդ սերն էլ դառնում է թե անձնային, թե համազգային գերագույն պատվանդանն ու ամրոցը:

Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով և նմանությաբ, և այն արտահայտվում է մարդու ազատ կամքի և ինքնիշխան բնությամբ: Մարդը իմացական արարած է՝ օժտված ազատությամբ և իր արարքների տերը լինելու կարողությամբ: Հետևաբար՝ կամքը մերն է և ընտրությունը ևս:

Այս մտածումներով մեր օրհնությունն ենք բերում այս կարևոր նախաձեռնության հեղինակներին և գիտաժողովի բոլոր մասնակիցներին՝ մաղթելով բարի և արդյունաբեր ընթացք:

Աստծո օրհնությունը և խաղաղությունը ամենքիս

Լիագումար նիստում զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքումյանը, ԱՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանը, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ(Լոնդոն) Ռուբեն Գալչյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր, պ.գ.դ. Ալեքսան Հակոբյանը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE