ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորում

ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորում

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մասնակցել է ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումին, որի շրջանակում հանդես է եկել ելույթով: Վրթանես Սրբազանն իր խոսքում նշել է.

«Ձերդ գերազանցություն, հարգելի ֆորումի մասնակիցներ, սիրելի եղբայրներ և քույրեր, սրտանց ողջունում եմ ձեզ երախտագիտությամբ` նման կարևոր միջազգային հարթակում ելույթ ունենալու համար, որտեղ քննարկվում են մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցեր։

Որպես Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ` ձեր ուշադրությունն եմ հրավիրում Արցախի / Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա։

Դարեր շարունակ Արցախը եղել է ոչ թե պարզապես հող: Այն քրիստոնյաների սերունդների տունն էր, ովքեր կառուցեցին եկեղեցիներ, կանգնեցրին խաչեր և աղոթեցին բոլոր ազգերի համար հանուն խաղաղության: Սակայն այսօր այդ սրբավայրերը պղծվում ու ավերվում են։

Մենք տեսնում ենք, թե ինչպես են մեր աչքի առաջ ջնջվում հազարամյա մշակույթի հետքերը։ Դա միայն հայ ժողովրդի կորուստը չէ, դա կորուստ է ողջ աշխարհի համար։ Մշակութային ժառանգության ոչնչացումը մեր ընդհանուր հիշողության, մարդկային քաղաքակրթության ընդհանուր ժառանգության ոչնչացումն է։

Ես կոչով դիմում եմ բոլոր ներկաներին: Միջազգային հանրությունը պետք է միավորվի, որպեսզի դադարեցվի վանդալիզմի այս գործողությունները` քրիստոնեական սրբավայրերը պաշտպանելու և արդարությունը վերականգնելու համար։ Մենք չենք կարող անտարբեր մնալ, քանի դեռ խաչերը կոտրվում են, իսկ եկեղեցիները վերածվում են ավերակների։

Եթե ​​մենք` որպես մարդկություն, ցանկանում ենք ապրել ներդաշնակ և խաղաղ, ապա Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կրած անարդարությունը պետք է դատապարտվի և պատշաճ գնահատական ​​ստանա միջազգային հանրության կողմից։

Այսօր այնպիսի քայլերը, ինչպիսիք են ավելի քան հարյուր հիսուն հազար բնիկ քրիստոնյաների արժանապատիվ և անվտանգ վերադարձը, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները, և Բաքվում պահվող բանտարկյալների ազատ արձակումը կարող են հանգեցնել վստահության հաստատմանը և խաղաղ ապագայի հույս ներշնչել:

Պատմությունը մեզ սովորեցնում է, որ միայն միասնությունն ու վճռականությունը կարող են պահպանել մեր ընդհանուր ժառանգությունը ապագա սերունդների համար: Մենք պարտավոր ենք տեր կանգնել դարեր շարունակ ապրած և այդ ժառանգությունը կերտած մարդկանց ինքնության պաշտպանությանն ու պահպանմանը։

Շնորհակալություն ուշադրության համար։ Թող Աստված օրհնի բոլորիս»։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE