Հոգեհանգստյան արարողություն արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների համար

Սեպտեմբերի 27-ին, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում կատարվեց հոգեհանգստյան արարողություն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար։

Արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետյան նախագահ Արայիկ Հարությունյանը,  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, այլ պետական այրեր, հասարակական և քաղաքական գործիչներ, զինծառայողներ և հավատացյալներ:

Սրբազան Հայրը իր խոսքը սկսեց մեջբերելով ամենայն հայոց բանստեղծ Հովհաննես Թումանյանի քառատողը.

«Բայց գնում ենք մենք անվեհեր

Զարկերի տակ չար բախտի,

Մեր աչքերը միշտ դեպի վեր՝

Դեպի լույսը մեր ուխտի»,

այնուհետև շարունակեց.

«Մեծարգո պարոն նախագահ, հարգարժան պետական այրեր, պարոնայք սպաներ և զինվորներ, սիրելի հայրենակիցներ,

Ամենայն հայոց բանաստեղծի այս խոսքերը կարծես թե մեր ժողովրդի ամբողջ պատմության կարճ բանաձևումը լինեն։ Իսկապես հայ ազգը Աստվածաստեղծ այս աշխարհում ունեցել է յուրահատուկ սկզբնավորում, ծանր փորձություններով լի ընթացք, բայց  շարունակել է  հաստատուն կերպով քայլել հավիտենության ճանապարհով։

Այսօր, երբ բոլորով կանգնած ենք մեկ տարի առաջ Արցախ աշխարհին պատուհասած և պարտադրված անհավասար պատերազմի հիշատակի առաջ, նորից կարիք ունենք վերհիշելու մեր ուխտի մասին․ ո՞վ ենք մենք որպես ազգ, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում։

Մենք Հայկի որդիներն ենք, և մենք էլ Հայկի նման կոչված ենք Չարի դեմ մշտական պայքարի։ Մենք ընտրել ենք Քրիստոսին և Նրանով գնում ենք դեպի Հավիտենություն։ Ահա սա է մեր սրբազան Ուխտը։ Այո, թշնամուն հաջողվեց անարդար կերպով և անմարդկային միջոցներով հասնել հաղթանակի և մեզ զրկել մեր սրբազան հայրենիքի զգալի մի մասից, բայց արդյո՞ք դրանով դադարեց  մեր Ուխտը․- Իհարկե ոչ, այլ այն ավելի սրբագործվեց մեր նորօրյա նահատակների թափած արյամբ։ Երևի թե աշխարհում չկա այնպիսի մի երկիր, որը այսքան շատ ներկված լինի հերոսների արյամբ, ինչպես որ Արցախն է։ Մեր հողը ջրից առավել արյամբ է ոռոգված։ Սա և՛ ցավ է, և՛ հպարտություն։ Մենք ի սկզբանե սիրեցինք մեր հողը և պիտի շարունակենք սիրել։ Մեր հողը կոչված է միայն մերը լինելու։

Մենք միասնական աղոթքով հոգեհանգստյան կարգ կատարեցինք վասն հայրենյաց մեր նահատակների հոգու հանգստության համար, և իսկապես կարևոր է նրանց համար մատուցված ամեն մի աղոթք, բայց նրանց հոգիները չեն կարող լիարժեք հանգիստ գտնել միայն մեր աղոթքներով։ Ինչպես Սուրբ Հակոբոս Առաքյալն է ասում, թե Հավատքն առանց գործերի մեռած է , ապա ամենևին սխալված չենք լինի, եթե ասենք, որ Աղոթքը ևս առանց գործերի մեռած է։ Օրինակ ինչ օգուտ ունի մեկի աղոթքը, ով աղոթելուց հետո շարունակում է հարատևել մեղքի մեջ, ուստի մեր աղոթքը մեր նահատակների հանգստության համար անպտուղ է, եթե մեր գործով չպիտի մխիթարենք նրանց։

Ո՞րն է լավագույն հարգանքը և լավագույն աղոթքը մեր նահատակ քաջերի համար։ Առաջինը մենք մեր ապրելով պետք է պահենք այն, ինչը որ իրենք իրենց արյան գնով պահեցին։ Պատերազմից հետո այսօր այլ հրամայական է դրված մեր առջև․ «Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա»։ Թեոդոր Ռուզվելտի այս խոսքերը այժմեական են այսօրվա մեր իրականության համար։ Սա նշանակում է, որ մենք բարոյական իրավունք չունենք մեր ապահով ու հանգիստ կյանքի համար թողնել ու հեռանալ մեր երկրից, այլ մնալ և այնպես ապրել, որ այստեղ լինի ապահով և անվտանգ։ Հողը նույնպես հոգի ունի, առավել ևս արյամբ սրբացած հողը, և առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդը չի կարող գտնել ինքն իրեն, իր հոգին։ Առանց մեր հողի ու հայրենիքի մենք նման կլինենք ժամանակի ու տարածության մեջ պատահականությունների քմահաճույքին մատնված ավազահատիկի։

Երկրորդ իրողությունը, որ մեր նահատակների արյան ձայնը շշնջում է մեր ականջին, այն է, որ մենք պետք է վերանայենք մեր ընթացքը, նորոգենք մեր անհատական և հասարակական կյանքը, իսկ նորոգություն կարող է լինել միայն ու միայն այն պարագային, երբ մենք սկսենք իրար ավելի շատ սիրել, սկսենք ապրել Աստվածավախ և հայրենանվեր կյանքով։ Աստվածաշունչ մատյանը լավագույնս բացատրում է մեզ, թե երբ են ժողովուրդները ենթարկվում արհավիրքների ու պատերազմների։ Դա տեղի է ունենում, երբ մարդիկ հեռանում են Աստծուց և կորցնում են իրենց բարոյականությունն ու առաքինությունը։ Այսօր մենք քաջություն պիտի ունենանք տեսնելու մեր սխալները և մեղքերը, որոշենք քայլել առաքինի ընթացքով, այլապես անօգուտ են թե՛ մեր աղոթքները և թե՛ մեր հիշատակի միջոցառումները։

Պատմությունը ցույց է տալիս, որ երբ հայոց հայրենիքը հայտնվում է պատերազմական իրավիճակում, իր նվիրյալ զավակների մեջ արթնանում է զոհողության և քաջության ոգին, և շատերն են ինքնամոռաց նետվում ռազմի դաշտ և հերոսական սխրանքներ գործում։ Արցախյան 44 օրյա պատերազմում ևս պակասը չունեցանք այդպիսի նվիրումի ու սխրանքի, բայց չունեցանք ցանկալի ավարտ։ Հետաևաբար հերոսաբար կռվող և զոհվելու պատրաստ զավակներ ունենալը բավարար չեն հարատև հաղթանակներ արձանագրելու համար։ Մեր երկիրը պետք է ունենա խաղաղ պայմաններում  հերոսաբար ապրող զավակներ, որ ցավոք սրտի այնքան էլ շատ չեղան և ունեցանք այն, ինչ որ ունեցանք։

Ամեն մի հայ ինչ դիրքում և պաշտոնում էլ լինի, պետք է իր անձնական շահը ստորադասի Հայրենիքի շահին, ապրի արդար վաստակով ու առաքինի կյանքով։ Սա կլինի իրական հերոսություն և լավագույն նվեր մեր նահատակ հայորդիներին։ Եվ իսկապես, ամենադժվար հաղթանակը ինքդ քեզ հաղթելն է։ Եթե մենք կարողանանք հաղթել ինքներս մեզ, այսինքն հաղթենք մեր միջի չար ցանկությունները և դրանց տեղը լցնենք եղբայրասիրությամբ ու հայրենասիրությամբ, ապա ոչ մի թշնամի չի կարող խաթարել մեր խաղաղ անդորրը, որովհետև միայն այդ ժամանակ Աստված ամբողջական ներկա կլինի մեր կյանքում և ո՞վ կարող է լինել մեզ հակառակ, եթե Աստված մեզ հետ է։ Իսկ իրականում Աստված մեզ երբեք էլ չի լքում, այդ մենք ենք մեր կյանքով մեզ հեռացնում Նրանից։

Օրվա խորհրդի շուրջ համախմբված` մեր միասնական աղոթքն ենք բարձրացնում առ Աստված մեր գերիների շուտափույթ վերադարձի համար, դեռևս անհայտության և անորշության ծանր քողով ծածկված մեր զավակների համար։ Անասելի է նրանց հարազատների ցավն ու սպասումը, բայց մենք այլ ուղի չունենք, քան Աստծո արդարությանը և ողորմածությանը ապավինելուն։ Մեզ մխիթարում է հոգևոր այն ճշմարտությունը, որ նրանք, ովքեր տառապեցին ի սեր հայրենիքի և մեր ժողովրդի, Աստծուց են ստանում իրենց վարձն ու երանելի հանգիստը։ Այս կյանքը հավիտենական չէ, ուստի և հավիտենական չեն այստեղի ուրախությունն ու վիշտը։ Մեր որդեկորույս և հերոսածին մայրերին մաղթում ենք ոգու արիություն, որ կարողանան իրենց զավակների մեծագույն սիրո դրսևորման գաղափարի շուրջ իմաստավորել իրենց ժամանակավոր կյանքը, սրտի ջերմություն և խաղաղություն գտնեն նրանց հետ հոգևոր կապի միջոցով, աղոթքով և Աստծո հավիտենական օթևաններում նրանց հետ հանդիպման սպասումով։

Ուստի սիրելի ներկաներ, դառնանք դեպի Աստված, բռնենք մեզ մեկնված Տիրոջ հոգատար Ձեռքը և քայլենք նրա նախանշած ճանապարհներով, որպեսզի արժանի լինենք մեր երկրավոր կյանքը այս հողի վրա մշտապես ապրելու և երկնքում Մեր Սուրբ նահատակների վիճակին արժանանալու։

Աստված Պահապան Հայոց Արցախ Աշխարհին։»

Հավարտ արարողության ներկաները քայլերթով շարժվել են դեպի Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին:

Հոգեհանգստյան կարգ է կատարվել Արցախի բոլոր գործող եկեղեցիներում:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE