Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

«Արթու՛ն եղեք և պատրաստ, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան մռնչում է առյուծի պես, շրջում է և փնտրում, թե ում կուլ տա» (Ա Պետրոս 5։8)

Սիրելի հայորդիներ, Պետրոս առաքյալի այս կոչը 2000 տարվա հեռավորությունից մշտապես արդիական է բոլոր նրանց համար, ովքեր իրենց համարում են «Լույսի որդիներ»։ Հայ ժողովրդի և ի մասնավորի Արցախի համար փորձություններով ու անորոշություններով լի շրջանում մենք համախմբվել ենք հիշելու ցեղասպանության մեր բյուրավոր նահատակներին, խնդրելու նրանց բարեխոսությունը մեր ազգի համար և, ամենակարևորը, փորձելու լսել, թե այս պահին ինչ են շշնջում նրանք մեր հոգևոր ականջին, ինչ պատգամ են տալիս մեզ։ Եթե փորձենք համառոտել նրանց կոչը, ապա այն կհնչի այսպես․ «Սովորեք մեր սխալներից և միշտ արթուն եղեք»։

Այս կոչը արդեն մղում է մեզ մտածելու այն բացթողումների մասին, որոնք ազգին կանգնեցնում են կործանման վտանգի առաջ՝, հավատի և բարոյական կյանքի թուլացում, անմիաբանություն ազգային կյանքում, վտանգավոր դյուրահավատություն թշնամու խաղաղասիրական խոստումներին և այս ամենի որպես «չարափառ պսակ»՝ անտարբերություն երկրի բախտի հանդեպ։ Այս բոլոր թվարկվածները կային 1915 թ-ից առաջ և ցավոք կարծես թե ուզում են ծլարձակել ներկա ժամանակներում։

Մեր հայրերը, որոշ չափով լավ սերտեցին ցեղասպանության դասը և հասկացան պետականություն ունենալու արժեքը, և մենք ունեցանք հերոսական Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա, Արցախյան գոյապայքար՝ կանգնեցնելով հայ ժողովրդին ոչնչացնող կրակե օղակը։ Բնականաբար չարը չի կարող հաշտվել մեր այս արդար պայքարի և հաջողությունների հետ, ուստի նորից ասպարեզ նետեց իր վաղեմի փորձված զենքերը՝ մեղքը իր բոլոր դրսևորումներով, մարդկանց դարձնելով վախկոտ, եսասեր, հաճոյապաշտ, որով և ազգային, պետական հարցերի հանդեպ անտարբեր ու միայն սպառող քաղաքացիներ։ Այսպիսի հասարակությանը բաժանելը և տիրելը դառնում է ամենահեշտ գործը։ Մեզ միշտ թուլացրել է ոչ թե մեր հավատքը, ազգային մեր արժեհամակարգը, մեր ընտրած գաղափարականը, այլ դրանց թերի ընկալումն ու գործադրումը։ Այս ամենի դառը պտուղները մենք տեսանք 2020թ․ պատերազմի ընթացքում, երբ թշնամին կրկին ցույց տվեց դիմակի տակ թաքնված իր ցեղասպան դեմքը։

Ի տարբերություն 1915թ.-ի, այսօր մենք գտնվում ենք ավելի շահեկան վիճակում, ունենք պետականություն, թեկուզ և վիրավոր, ունենք հսկայական ներուժ ամբողջ աշխարհում, բայց և ունենք միաբանության խնդիր, իսկ դրա համար պետք է ազգովի արթնանալ կործանարար անտարբերության թմբիրից, լսել ցեղասպան Թուրքիայի վայրագություններից տուժած մեր ժողովրդի ցավից ծնված օրորոցային երգի կոչը․ «Զարթիր Լաո, մեռնիմ քեզի…» , որը նաև իմաստավորում է այսօրվա մեր ջահերթը:

Մենք կոչ չե՛նք անում վրեժի ծարավով լցվել, որովհետև վրեժը Աստծունն է, ինչպես պատգամում է Սուրբ Գիրքը (Հռոմ. 12:19) և վաղ թե ուշ Աստված կհատուցի ամենքին ըստ իրենց գործերի, այլ խնդրում ենք բոլոր հայերին՝ լինել միակամ և միասիրտ ազգային բոլոր հարցերում, հայրենասեր լինելուց ավելի լինել հայրենատեր, համախբվել մեր դարավոր հոգևոր արժեհամակարգի շուրջ և կառուցել ամուր պետություն։ Դարձյալ Սուրբ Գիրքն է մեզ ասում, որ եթե մենք հավատարիմ լինենք այս քչի մեջ, Աստված ավելին կտա մեզ։

Ուստի, մշտապես լսելով մեր նահատակների ձայնը՝ մենք պետք է մեր անձնական շահը չգերադասենք հայրենի պետականության շահից, պետք է նախ սիրենք իրար, ապա նաև մեր երկիրը և այս պարագային հաղթանակը իրեն շատ սպասել չի տա։

Հիշատակն Արդարոց օրհնությամբ եղիցի:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE