Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի օրհնությամբ և խմբագրությամբ հրատարակված Ուղղափառ հանրագիտարանում Դադիվանքի մասին ներկայացված պատմական ակնարկ

Խութավանք, Առաքելոց, Դադիվանք. վանք Մեծ Հայքի Արցախի պատմական շրջանում ՝ Տրտու գետի կիրճում:

Ըստ ավանդության՝ Թադեոսի աշակերտներից մեկը՝ Սուրբ Դադին կամ Դադոն, նահատակվել է այստեղ (այստեղից էլ «Առաքելոց» անվանումը՝ առաքելական)։ «Խութավանք» (լատ.՝ վանք բլրի վրա) անվանումը ծագում է հայկական «խութ» (բլուր) բառից։ Ըստ տարեգրության աղբյուրների՝ Դադիվանքը հիմնադրվել է առաջին դարի երկրորդ կեսին, իսկ անունը հիշատակվում է 9-րդ դարից։

Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն վանքերից է, որը 5-րդ դարի վերջերին Աղվանքի կաթողիկոսի ենթակայության տակ էր: Միջնադարում եղել է Խաչենի մելիքության ամենամեծ վանքերից մեկը: Դադիվանքի ծաղկման շրջանը համարվում է XIII դարը: Այն եղել է եպիսկոպոսական նստավայր, ունեցել է ընդարձակ կալվածքներ և սպասարկվել է մեծ գյուղ Խութի կողմից: Վանքը բազմիցս ավերվել և վերականգնվել է (օրինակ՝ 1145թ. սելջուկների կողմից ավերումից հետո վերականգնվել է 1170թ.):

XVIII դարում Դադիվանքը դատարկվել էր. 18-րդ դարի 90-ական թվականներին պարսիկ Աղա Մուհամեդ Խան Ղաջարի արշավանքների, ժանտախտների ու սովի հետևանքով ամայացվել են վանական գյուղերը, կալվածքներում բնակություն են հաստատել քրդերը: 1813 թվականին Ղարաբաղի խանության տարածքը և վանքի տարածքը անցնում է Ռուսաստանին, որից հետո Դադիվանքը սկսում է վերածնվել: 19-րդ դարի կեսերին Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը վանք մտնելով տեսել է ավերակները, որոնք «պատսպարան են ծառայել Արցախի վրա արշավանք իրականացրած ավազակների համար», վանքի տարածքն օգտագործվել է որպես արոտավայր «ոչխարների ու անասունների նախիրների համար»։ Միայն 1917 թվականին կառավարիչ Լ. Տեր-Ավետիքյանին հաջողվեց քրդերից ու թուրքերից վերցնել ընդարձակ արոտավայրերը, սակայն խորհրդային իշխանության հաստատմամբ ու շրջանը Ադրբեջանին հանձնելուց հետո 20-րդ դարի 60-ական թթ. Դադիվանքի տարածքում հիմնադրվել է գյուղ։ 1993 թվականից շրջանի տարածքը վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի կողմից, իսկ 1998 թվականից վանքում վերականգնողական աշխատանքներ են իրականացվում։

Կաթողիկե տաճար, 1214 թ.

Դադիվանքի տարածքում պահպանվել է մոտ 30 շինություն (4 եկեղեցի, 2 գավիթ, պատկերասրահ, զանգակատուն և հուշակոթողային ու քաղաքացիական կառույցներ)։

Միանավ Սուրբ Դադի եկեղեցին կառուցվել է ենթադրաբար 9-րդ կամ 13-րդ դարերում։ Երկրորդ թվագրումը հաստատվում է վանքի վանահայր Տեր Աթանասի 19 տողանոց արձանագրությամբ (հարավային ճակատի կենտրոնական մասում՝ պատուհանի տակ, որմնասյուների միջև)։ Խորանում վաղ միջնադարից պահպանվել է կոթող՝ Սուրբ Դադիի գերեզմանի վերևում:

Արևմուտքից եկեղեցուն կից գտնվում է 4 սյունանոց ժամատուն (գավիթ, 1224թ.), որի ներսից արևելյան պատի ողջ երկայնքով որմնաշարված են խաչքարեր։ Երկրորդ կամարաձև գավիթը և ուղղանկյուն խորանով դահլիճային եկեղեցին հարավից միանում են Սուրբ Դադի եկեղեցուն:

Փոքր եկեղեցու պատի Խաչքարերը (1211թ. ոչ շուտ)

Այս 2 շենքերի երկայնքով գտնվող սյուների պատկերասրահը դրանք կապում է մեծ իշխան Վախթանգի կինը՝ Արզու-խաթունի հիմնադրած Կաթողիկե կամ Արզու-խաթուն (1214 թ.) տաճարի հետ։ Այս մասին վկայում է 19 տողանոց շինարարական արձանագրությունը: Սա ներսից խաչաձև և դրսից ուղղանկյուն գմբեթավոր եկեղեցի է (12,3 × 10,6 մ, բարձրությունը՝ 18,5 մ )՝ անկյուններում 2 հարկանի մատուռներով։

Հարավային ճակատում, պատուհանի կողքերում գտնվում է ավանդական ուռուցիկ հորինվածք, որտեղ պատկերված են արքայազններ Հասանն ու Գրիգորիսը՝ տաճարի մանրակերտով։ Արևելյան ճակատին, պատուհանի վերևում և անմիջապես կենտրոնական կամարի տակ ներկայացված են Սուրբ Դադիի և Վախթանգ իշխանի պատկերները՝ լուսապսակներով, նաև եկեղեցու մանրակերտով։ Երկու ճակատների երեսը պատված է շինարարական և ընծայական արձանագրություններով։ Եկեղեցու գլխավոր շքամուտքի կողքին կար զարդաքանդակ՝ «Հիշիր քանդակագործ Պողոսին» մակագրությամբ, որն անհետացել է 20-րդ դարի 80-ական թվականներին։

Մասամբ պահպանվել է որմնանկարը, որը ստեղծվել է 1312 թվականին տաճարի վերականգնման ժամանակ։ Դեպի հարավ պատին ներկայացված է Սբ. Նիկողայոս Սքանչելագործին Քրիստոսի կողմից խույրի ընծայման և Աստվածածնի կողմից ուրարի ընծայման տեսարանը: Աջ կողմի պատի վրա պատկերված է Սբ. Ստեփանոսի քարկոծման տեսարանը:

Առանձին կանգնեցված հարավային փոքրիկ եկեղեցին (1211թվականից ոչ շուտ) ունի Հայաստանի համար ավանդական գմբեթավոր տաճարի կառուցվածք: Գեղատեսիլ որմնադրությանը ներկառուցված են խաչքարեր, թմբուկը պատկերավոր շարված է աղյուսով և քարով, տանիքներն ու վրանը՝ սալիկապատ։

Փոքր եկեղեցուց հարավային կողմում կա գրեթե քառակուսի կառուցվածքով շինություն (1211 թ.), որը շինարարական մակագրությամբ կոչվում է «տաճար»: 4 կլոր սյուներ աջակցում են պահոցային համակարգին՝ վերին լուսային անցքով: Այս շենքին կցված է սեղանատուն և խոհանոց (XIII դար)։

Վանքի հարավում տեղակայված են մի քանի ծառայողական և քաղաքացիական շինություններ: Արևելքից տաճարին հարում է 3 սենյակներից բաղկացած երկհարկանի շինություն (Տեր Աթանասի արձանագրություններով թվագրված 1263-1291 թթ.), որոնք համարվում են որպես գրադարան և գրատուն։

Զանգակատան շենքը (ներսակողմում տեղադրված խաչքարերը թվագրված են 1283 թ.) պսակված է սրածայր վրանով բոլորակով։ Ներքևի հարկի ներսակողմը զարդարված է զույգ խաչքարերով։

Համալիրի հարավ-արևելքում պահպանվել են տարբեր նշանակության միմյանց կից մի քանի շինություններ՝ իշխանական պալատներ, մատուռ, հյուրանոց, ձիթհան, մառան (բոլորը XII–XIII դդ.)։

1214 թվականին կառուցված Կաթողիկե եկեղեցու 1297 թվականի որմնանկարների պահպանական վերականգնում

Դադիի վանքը հայկական միջնադարյան լավագույն և հայտնի ճարտարապետական համալիրներից է. հատկապես արժեքավոր է եկեղեցական ու աշխարհիկ շենքերի բազմազանությամբ, կառույցների և հարդարանքի ինքնատիպությամբ: Այն վերաիմաստավորվեց ու ամբողջացավ Կաթողիկե եկեղեցու որմնանկարների վերականգնումից հետո, երբ հնարավոր եղավ հմայվել որմնանկարների գեղարվեստական մեծարժեք պատկերաշարով: Որմնանկարների վերականգնման այս աշխատանքները նոր ընթացք հաղորդեցին վանքի վերակենդանացման ու ծաղկման համար:

Կարևոր ենք համարում նշել, որ հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, բարեբախտաբար, հայ մասնագետներին հաջողվել է ուսումնասիրել և մեկնաբանել Խորհրդային Ադրբեջանի հակահայ միջավայրում, որտեղ հայկական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ ենթարկվում էին քայքայման ու ոչնչացման: Արցախի ազատագրումից հետո միայն, 1993 թվականից սկսած, հնարավոր եղավ լիարժեք ուսումնասիրել պատմական այս նահանգը և ծավալել հնագիտական, չափագրական ու վերականգնման աշխատանքներ:

Դադիի վանքը հայկական ճարտարապետության Արցախի դպրոցի կարևորագույն համալիրներից է, որը յուրահատուկ է իր տեղընտրության, բնապատկերի, ծավալատարածական հորինվածքի, հեռանկարային լուծումների, առանձին կառույցների բացառիկ մեկնաբանության ու հիասքանչ որմնանկարների առումով:

Հետազոտողների կողմից արդեն նկատվել է, որ Կաթողիկե եկեղեցու մեջ իրենց կիրառությունն են գտել Հաղբատի Ս. Նշան եկեղեցու ճարտարապետական վսեմ արժանիքները: Այդ նույն ճարտարապետական հորինվածքին է պատկանում նաև Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ զգալի համաչափական տարբերություններով:

Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները

Դադիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարների մասին գրված է մի շարք աղբյուրներում, որոնք ուսումնասիրվել են որմնանկարները վերականգնած՝ ճարտարապետ Արա Զարյանի և Իտալիայից ժամանած վերականգնող Քրիստին Լամուրեի կողմից: Որմնանկարների տեսարանների մասին առաջին հավաստի նկարագրությունը կարդում ենք ռուս ականավոր արվեստաբան Լիդիա Դուռնովոյի աշխատության մեջ. «Երկրորդ որմնանկարը գտնվում է Դադիում՝ իշխանուհի Արզու-Խաթունի կողմից 1214 թվականին կառուցված տաճարում՝ ի հիշատակ իր ամուսնու և երկու որդիների, որը հիշատակվում է արտաքին հարդարանքի դեկորատիվ փորագրության առնչությամբ։ Որմնանկարը հավանաբար թվագրվում է 1312 թվականին տաճարի վերականգնման ժամանակաշրջանին։ Հարավային պատին ամփոփվում է Նիկողայոս Սքանչելագործին Քրիստոսի կողմից խույրի և Աստվածամոր կողմից ուրարի վերադարձի լայնածավալ տեսարանը, իսկ հյուսիսային պատին՝ Ստեփանոս նախավկայի քարկոծելու տեսարանը (գտնվում է պատի աջ կողմում): Տեսարանների հավաստի մեկնաբանություններ են արել նաև Պատրիկ Տոնապետյանը և ժան-Միշելու Նիկոլ Թիերիները. «Ներսի պատերը ծածկված էին որմնանկարներով։ Միայն երկու տեսարաններն են մնում ճանաչելի` Սուրբ Նիկողայոսի գահակալությունը հարավային պատին և սուրբ Ստեփանոսի նահատակությունը հյուսիսային պատին: Այս նկարները, անժխտելիորեն հայկական են, և անկասկած, ժամանակակից շինությունները հունական կամ վրացական մոդելների ինքնատիպ հարմարում են՝ նուրբ գծային ոճով»:

Կիրակոս Գանձակեցին վկայում է, որ հարավային պատի բարձրարժեք որմնանկարի հեղինակն Արզու Խաթունն է: Այսինքն, Արզու Խաթունն արվեստագետ կին էր, գիտեր ներկերի գունային երանգները և քանդակաձև զարդամոտիվներ, ինչպես նաև հագուստների հյուսածո նախշեր ստեղծելու արվեստը: Մատենագրությունից հայտնի է, որ Արզու Խաթունն իր դուստրերի հետ վարագույրներ է գործել Նոր Գետիկի, Հաղպատի, Մակարավանքի, Դադիի վանքի եկեղեցիների համար: Սա հայ իրականության մեջ գորգապատկերի’ գոբելենի առաջին հիշատակությունն է:

Ուսումնասիրելով ու վերականգնած լինելով Դադիի վանքի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցու որմնանկարները, կարող ենք վստահորեն հռչակել, որ դրանք հայկական արվեստի անհատական մոտեցման յուրահատուկ արտահայտչակերպ են, որ հարստացնում են հասուն միջնադարի հայկական արվեստի շարունակական ստեղծագործ ընթացքը հայկական Արցախ նահանգում:

Որմնանկարների տեսարանների հավաստի նկարագրությունը հնարավոր եղավ միայն նրանց մաքրումից ու վերականգնումից հետո, որի մասին Կարեն Մաթևոսյանը նշում է. «Դադիվանքի որմնանկարները, որոնք պահպանվածությամբ լավագույնն են Արցախում, ուշագրավ են թեմատիկայի առումով: Պատկերներից մեկը՝ հարավային պատի վրա, ներկայացնում է քրիստոնեական մեծագույն սրբերից մեկին՝ Փոքր Ասիայի Զմյուռնա քաղաքի հայրապետ Նիկողայոս Սքանչելագործի հայրապետական իշխանություն ստանալու վարքագրական դրվագը, իսկ մյուսը՝ հյուսիսային պատի վրա՝ Սբ. Ստեփանոս Նախավկայի նահատակությունը»:

Դադիի Կաթողիկե եկեղեցու ներքին պատերը եղել են ամբողջովին սվաղված, նաև այն պատճառով, որ շինարարության համար օգտագործել են շատ ծակոտկեն՝ սպունգի նման խոնավությունը ներծծող բաց գույնի կրաքար, ու սվաղը կատարել է ջերմամեկուսիչ դեր: Ինչպես տեսանք, եկեղեցում որմնանկարները տեղակայված են միայն հյուսիսային ու հարավային պատերին, և դրանք նկարելու համար եղած սվաղի վրա՝ ամբողջ պատի մակերեսին նորից սվաղ է քաշվել: Երկու որմնանկարներն ամփոփված են կարմիր շրջանակների մեջ. դրանք տեղադրվել են հյուսիսային ու հարավային պատերի արևելյան անկյուններին հպված այնպես, որ եկեղեցի մտնողը մայր խորանից աջ և ձախ նայելիս դրանք անմիջապես տեսներ: Որմնանկարների նախշազարդ հատվածներ պահպանվել են նաև մայր խորանի խորշերի շրջաեզրերում:

Սուրբ Կաթողիկե եկեղեցու ներքին պատերի ընդհանուր մակերեսը 650քմ է:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՊԱՏԻ «ՍԲ ՆԻԿՈՂԱՅՈՍ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾԻՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԾԱՅՈՒՄԸ»

Հարավային պատի որմնանկարի տեսարանում Սբ. Նիկողայոս (Նյուկողայոս) Սքանչելագործի հայրապետական իշխանություն ստանալու վարքագրական դրվագն է (14 քմ), որտեղ կենտրոնական պատկերից ձախ՝ Քրիստոսը նրան է մեկնում Ավետարանը, աջ կողմում Մարիամ Աստվածածինը փոխանցում է սպիտակ խաչազարդ ուրարը, իսկ փոքր մարմնով Միքայել հրեշտակապետը ձեռքերն ուղղել է դեպի Սքանչելագործը: Այս դրվագը հաստատվեց որմնանկարի մաքրման ընթացքում ի հայտ եկած և Սբ. Նիկողայոս Սքանչելագործին լուսապսակի վերին՝ կենտրոնական հատվածում տեղադրված ու որմնանկարին ժամանակակից որմնագիր հայերեն երկտող արձանագրությամբ՝ ՍԲ. ՆԻԿՈՂԱՅՈՍ ՀԱՅՐԱՊԵՏՆ:

Հարավային պատի որմնանկարում հրաշայի ներդաշնակությամբ պատկերված են կանգնած չորս կերպարներ, որոնք տեղակայված են երկնագույն երկնքի հետնախորքին, իսկ ոտքերը դարչնագույն հողին են: Երկնքի կապույտն ու հողի դարչնագույնը՝ բաժանված են սպիտակ հորիզոնական գծով: Վեհաշուք Հիսուս Քրիստոսն ու Մարիամ Աստվածածինն իրենց ոտքերը նրբորեն հենել են կարմիր բարձերին (գորգերին): Որմնանկարն ամբողջությամբ ամփոփված է 4սմ հաստությամբ կարմիր եզրագծային շրջանակի մեջ, որի ներքին մասում զուգահեռ ընթանում է սպիտակ բարակ գիծ: Չորս պատկերներից յուրաքանչյուրի կողքին գեղեցիկ և գեղարվեստական բարձր ճաշակով զետեղված է նրանց անվան հայատառ սեղմագիրը: Հարավային պատի պատուհանի անմիջապես ստորին հատվածում զետեղված է երեք տողով հայերեն որմնագիր արձանագրություն: Չափազանց կարևոր էր արձանագրության վերջին մասի տարեթվի ընթերցումը. ՉԽԶ, որը համապատասխանում է 1297-ին (Չ=700; Խ=40; Զ=6 ուրեմն’ 746+551=1297), այսինքն՝ որմնանկարներն արվել են եկեղեցու հիմնադրումից 83 տարի անց: Բնականաբար, Արզու Խաթուն իշխանուհին որմնանկարների ստեղծման հետ ոչ մի կապ ունենալ չէր կարող, քանզի 1297 թվականին ողջ լինել չէր կարող:

Որմնանկարի պատկերագրության ձախ կողմում Հիսուս Քրիստոսն է, որը ¾-ով թեքված է դեպի կենտրոնական պատկերը՝ Սբ Նիկողայոսը, ձախ ոտքն ուղղված է առաջ՝ քայլ անելու միտումով, ուստի մի փոքր դուրս է մնացել հենման կարմիր բարձից և թեթևակի ծալված է ծնկի մասում: Քրիստոսի աջ ձեռքը, որի ափի մեջ ամփոփված է նրբերանգ ու շքեղ կազմով զարդարված Ավետարանը, ուղղված է դեպի Սբ. Նիկողայոսը: Ձախ ձեռքը գոտկատեղին է և պահում է գալարափաթեթը: Գալարափաթեթի Ը դարի պատկերագրություններ պահպանվել են Հռոմի Սանտա Մարիա Անտիկուա եկեղեցու Սբ. Բժիշկների որմնանկարներում, որն ունի Դադիվանքի նույն նկարչական մանրամասի հորինվածքը:

Այս բոլոր ընտրված տեսարանները հիմք են տալիս ենթադրելու, որ հատկապես Դադիի վանքի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին է պահպանել նաև բժշկելու սրբավայրի դերը:

Քրիստոսի կարմրադարչնագույն երկար թևերով պարեգոտը գոտկատեղում շրջանցված է նուրբ և հրաշագեղ ծալքերով ամփոփված սպիտակ գոգնոցով, որը քնքշորեն հենված է նաև ձախ ուսին: Քրիստոսի երկար մազերն ու թանձր մորուքը կարմրադարչնագույն են, որոնց նկարչական նուրբ երանգներն արված են մեծ վարպետությամբ: Որմնանկարչի հմուտ ձեռքը նկատվում է նաև պատկերի աչքերի և բերանի հատվածներում, որտեղ գծերը վստահ ու համարձակ են: Ճակատի կենտրոնում մազերի եռափունջն է, որը հավանաբար Երրորդության խորհրդանիշն է: Գլխի մոտ, աջ հատվածում հայերեն որմնագիր սեղմագիրը փաստագրում է ՔՍ:

Դեպի Սբ Նիկողայոսի կերպարը շարժվում է նաև ¾-ով թեքված կարմրագույն թևերով հրեշտակը, որի աջ ոտքը մի քայլ առաջ է դեպի կենտրոնական կերպարը: Թաշկինակով ծածկված ձեռքերն ուղղված են դեպի Սբ. Նիկողայոսը: Հրեշտակի մարմինը ծածկված է նուրբ սպիտակ հիմաթիոն, որի վրա գոգնոց է: «Ըստ պատկերագրության՝ նա սպասարկու հրեշտակ է: Սպասարկու հրեշտակները սովորաբար պատկերվում են Հիսուս Քրիստոսի տնօրինական տեսարաններում»: Երկար մազերը խնամքով հարդարված ու պարանոցի հետևում կապով ամրացված են, ճակատի մասում նուրբ ու գեղազարդ գնդասեղ է: Մազերի և թևերի գույնը կարմրադարչնագույն է: Լուսամուտի տակ զետեղված է սպիտակ ներկագիր երեք տողով հայերեն արձանագրություն՝

ԵՍ ԵՄ Մ(Ի)ՔԱՅԵԼ ՈՐ ՄԻՇՏ ՊԱՀԵՄ

ԶՔԵԶ ԵԻ ԳՈՐԾԱԿԻՑ ԵՄ ՔԵԶ

Ի ՄԱՆԿՈՒԹԵՆԷ : Ի : ԹՎ ՉԽԶ

Սբ. Նիկողայոս (Նյուկողայոս) Սքանչելագործի հայրապետական իշխանության ընծայումը պատկերագրող որմնանկարը ծածկված էր խտացված փոշու, կեղտի հաստ շերտով, որը հնարավորություն չէր տալիս հստակ դիտարկելու և մեկնաբանելու գեղարվեստական ու նկարչական առանձնահատկությունները: Խորհրդային տարիներին Ադրբեջանում բացարձակ անտարբերության պատճառով եկեղեցու հարավային ու հյուսիսային որմնանկար պատերի արևելակողմ անկյուններում վնասված երկլանջ տանիքներից անընդհատ ծորացող անձրևաջրերի հետևանքով սվաղի հատվածն այնքան էր քայքայվել, որ ջնջել էր գունային հարդարման և սվաղի զգալի մի զանգված թե հյուսիսային, թե հարավային որմնանկարների Քրիստոսի պատկերների վրա: Այս ամենից բացի՝ որմնանկարը տեսանելի դարձնելու նպատակով 1993-ին ազատամարտիկները նավթով ներծծված կտորեղենով փորձել են մաքրել որմնանկարները’ դրանք ավելի լավ տեսնելու համար առանց հասկանալու պատճառած վնասը: XX դարի 60-ական թթ-ին եկեղեցու ներսում բնակվող քուրդ բազմազավակ ընտանիքի վառած անհամար խարույկների պատճառով, ամբողջ եկեղեցու ներքին պատերը պատվել են սև մրով: Սա նաև դրական գործոն է եղել այն իմաստով, որ որմնանկարները մնացել են մրի տակ թաքնված, և այդ պատճարով չարագործներն ուշադրություն չեն դարձրել:

Չորս պատկերների՝ Սբ. Նիկողայոս Հայրապետ, Հիսուս Քրիստոս, Մարիամ Աստվածածին, Միքայել Հրեշտակապետ, յուրաքանչյուրի կողքին գեղարվեստական բարձր ճաշակով գրված է նրանց հայատառ սեղմանունը: Հարավային ներքին պատի լուսամուտի անմիջապես ստորին հատվածում մաքրման ընթացքում ի հայտ եկավ երեք տողով սպիտակ ներկագիր հայատառ արձանագրություն՝ պարզ ընթերցվող տարեթվով՝ ՉԽԶ: Այս գրությունը նույնպես մաքրել ու վերականգնել են:

Սբ Նիկողայոս (Նյուկողայոս) Սքանչելագործի հայրապետական իշխանության ընծայումը պատկերագրող որմնանկարի լայնությունը 5մ է, բարձրությունը՝3մ, այսինքն՝ 15 քմ:


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊԱՏ. «ՍԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

Հյուսիսային պատի արևելյան կողմի քիվին հպված պահպանվել է Սբ. Ստեփանոս Նախավկայի քարկոծության տեսարանը պատկերող որմնանկարը, որը բաղկացած է երկու պատկերաշարերում զետեղված չորս խմբերից: Այն գտնվում է հարավային պատի մեծ որմնանկարի դիմաց, սակայն չափերով գրեթե նրա կեսն է (6 քմ): Պարզ չէ` 1297 թվականին այս որմնանկարը նկարել են եկեղեցու հյուսիսային դռան բացվածքը քարով պատ շարելուց առա’ջ, թե՝ հետո, սակայն, անկախ դրանից, որմնանկարի շրջանակը պատին այնպես է տեղադրված, որ այն կարելի էր զետեղել, նույնիսկ եթե դուռը լիներ բանուկ: Դռան տեղում,պատի մեջ, մկրտության ավազանի կամարակապ խորշ են թողել: Ինչպես հարավային կողմի որմնանկարի դեպքում, այստեղ նույնպես որմնանկարի հետնախորքը կապույտ է, իսկ աջակողմյան Սբ. Ստեփանոսի ու ձախակողմյան քարկոծողների խմբի կանգնած պատկերների ստորին մասը հողադարչնագույն է: Կապույտ երկնքի ու դարչնագույն հողի բաժանարար գիծը սպիտակ է: Հորինվածքի վերին պատկերաշարում, Սբ. Ստեփանոսի պատկերի վերևում, Քրիստոսի վատ պահպանված պատկերն է, նրա դիմաց՝ քարկոծողների խմբի վերևում՝ չորս հրեշտակների խումբը: Սուրբ կերպարներն ու հրեշտակները լուսապսակներով են, որոնց եզրագծերը սահմանազատվում են սպիտակ պուտերով:

Գունային լուծման համար օգտագործել են հարավային պատի նույն երանգները: Սբ. Ստեփանոսի կենտրոնական պատկերը դիմահայաց է, իսկ զգեստի կարմիր ուրվագիծը (sinopia) բավական հստակ գծագրում է վերնազգեստի բոլոր ելևէջները: Աջ ձեռքում բուրվառն է, ձախում՝ խնկամանը’ կլորավուն կափարիչը վրան: Մազերը կարմրադարչնագույն են, կողերի ծամերը հասնում են ուսերին: Նույն գույնի են նաև ոտնամանները: Դեմքը սպիտակավուն է, գլխի հետևում սպիտակ պուտերով շրջակայված ոսկեզօծ լուսապսակն է, աջ կողմում պահպանվել է սրբի անվան հայատառ երկտող մի հատված: Սբ. Ստեփանոս Նախավկայի դիմաց կանգնած վեց քարկոծողների խումբն է. երեքը՝ առջևում, երեքը՝ առաջինների հետևում: Հագել են մեկընդմեջ կարմրավուն ու դեղնավուն երկարավուն աշխարհիկ հանդերձանք, գլուխներին հակառակ գույների գդակներ են, որոնց տակից դուրս են եկել կարմրավուն երկար մազերը, ոտքերին մեկընդմեջ սև ու դեղնավուն բարձրաճիտք կոշիկներ են: Առջևում կանգնածներից մեկը մորուքով է, մյուսը՝ բեղերով: Սևով հմտությամբ գծանկարված դիմագծերի արտահայտությունը սառն է ու անտարբեր: Ձեռքերում կարմիր գնդաձև փոքր քարեր են, որոնք նետում են Սբ. Ստեփանոսի ուղղությամբ: Հետաքրքիր է, որ սրբի ուղղությամբ նետված բոլոր քարերը հրաշքի նման կանգ են առել բուրվառի մոտ ու տեղ չեն հասել. թափվել են գետին: Հետաքրքիր է այն փաստը, որ հյուսիսային պատի որմնանկարի հողագույն մասում նույնպես նկարված են այս նույն կարմիր գնդաձև քարերը: Սա վկայում է այն մասին, որ երկու պատերի որմնանկարներն արել են նույն ժամանակ, և նկարիչների նույն խումբը: Նահատակ սրբի վերևում Քրիստոսի դեմքի ձախ կողմում պահպանվել է ՅՍ սեղմագիրը, իսկ աջ կողմի ՔՍ տառերն անհետացել են: Հյուսիսային որմնանկարի թերևս ամենապատկառազդու նկարչական խորհրդանիշը չորս հրեշտակների խումբն է, որը Քրիստոսի պատկերի հետ միասին, ելնելով որմնանկարում նրանց զետեղումից ու չափերից, ի սկզբանե մտահղացվել է կիսանդրիի տեսքով: Չորս հրեշտակներից երկուսն առաջին շարքում են, մյուս երկուսը՝ նրանց հետևում թաքնված: Բոլորի հայացքներն ուղղված են Քրիստոսին: Թևերը և հետևում կապված երկար մազերը կարմրադարչնագույն են, ճակատներին գեղեցիկ, մի քանի թանկարժեք քարերից պատրաստված գնդասեղներ են: Ճակատների մեջտեղներում մազերի երկու փունջ կա: Բոլորի գլուխների հետևում ոսկեզօծ, տեղ-տեղ պահպանված արծաթե թիթեղի հետքերով լուսապսակներ են: Հագել են սպիտակ, նրբաճաշակ ու թափանցիկ պարեգոտ: Հրեշտակների դեմքերի արտահայտությունը երկնային է, մաքուր, անաղարտ և, չնայած որմնանկարի ողբերգական բնույթին, լուսավոր են ու բարյացակամ: Հրեշտակների խմբի ձախ կողմում գրված է ՀՐ, աջում’ ԸՇՏԱԿՔ (ՀՐԸՇՏԱԿՔ): Վերջիններիս ու Քրիստոսի պատկերների միջև զետեղված է Քրիստոսի հայերեն խոսքը’ չորս տողով՝

ՏԵՍԷՔ ԶՀՈՂ
ԵՂԷՆ ԲՆՈՒԹԻ (ՒՆ) ՎՐԱ
ՍՆ ԻՄ ՉԱՐՉԱՐԵ
ՄՆՈՎ

«Այս արտահայտությունը վերաբերում է Ս. Ստեփանոսի նահատակությանը և վերցված է նրան նվիրված տաղից, որի հեղինակը Ս. Ներսես Շնորհալին է»:

Սբ. Ստեփանոս Նախավկայի քարկոծության տեսարանը պատկերող որմնանկարը, որը նույն հաստ ու կարմիր շրջանակով է եզերված, ավելի փոքր է՝ 2մ երկարություն և 3մ բարձրություն՝ 6քմ: Նախքան միջամտությունը՝ այն նույնպես գրեթե չէր երևում կեղտի ու մրի հաստ շերտի պատճառով: Միայն մաքրելուց հետո պարզ դարձավ, որ այս որմնանկարի հեղինակը նույնն է, ինչ Սբ. Նիկողայոսի տեսարանինը, քանզի նկատվում են նկարչական նույն ոճն ու հմտությունը: Դրանից բացի՝ քարկոծողների կարմիր քարերի ձևը, գույնը ճիշտ նույնն են, ինչ նկարված են դիմացի որմնանկարի սպիտակ այն գծի ներքևում՝ հողի վրա, որը երկինքը բաժանում է երկրից:

Մաքրման, ամրակայման ու պահպանական վերականգնման բոլոր միջամտություններն արել են դիմացի որմնանկարի նման: Այս դեպքում նույնպես շատ հետաքրքիր ուսումնասիրություններ եղան, որոնք բացահայտեցին որմնանկարի գեղեցկությունն ու հմայքը և հաստատեցին, որ դրանք նույն նկարչի կամ նկարիչների խմբի ստեղծագործություններն են: Աշխատանքներն սկսեցին վերևի աջ հատվածի հրեշտակների խմբից: Նրանց դեմքերը նկատելիորեն գաղափարականացված են այն աստիճանի, որ կարծես գերբնական, անսեռ լինեն, նրանց մազերը կապված են դիմացի որմնանկարի Միքայել հրեշտակապետի նույն կինաբարի գույնի ժապավենով, որի միջին մասում թանկարժեք քարերով ճակատազարդ է: Հետաքրքիր մեկ այլ առանձնահատկություն էլ հրեշտակների բոլորի ճակատներին նկարված մազերի զույգ փունջն է, որը հիշեցնում է դիմացի որմնանկարի Հիսուս Քրիստոսի մազերի եռափունջը: Տախտակամածի վրա աշխատելու ընթացքում մեկ այլ կարևոր փաստ արձանագրեցինք. հրեշտակների լուսապսակների մեջ պահպանված արծաթե թիթեղի բազմաթիվ մանր կտորների առկայությունը վկայում է, որ դրանց մակերեսն ամբողջապես արծաթափայլ է եղել: Շատ լավ են պահպանվել հրեշտակների դեմքերի՝ վստահ ձեռքով արված գծանկարները, որոնք այլ գծերի հետ միատեղ կարմիր ու սպիտակ երանգների հաջորդականությամբ, ստեղծում են ստվերներ ու հրեշտակների խմբին հաղորդում ծավալային լուծում: Նրանց թևերը նման են դիմացի որմնանկարի հրեշտակապետի թևերին, այստեղ նույնպես, թևերի փետուրների եզրերը նախշել են կինաբարի թանկարժեք գունաներկով: Վերականգնել են նաև հրեշտակների հիմաթիոնների սպիտակ նուրբ ելևէջները: Հրեշտակների ներքևում զետեղված քարկոծող զինվորների խումբը բոլորովին այլ լուծում ունի, քանզի նրանք շատ կենդանի են և այրակերպ, Սբ. Ստեփանոս Նախավկային ուղղած հայացքները սևեռուն են ու սպառնացող: Հագուստները պարզ են, աշխարհիկ, գետնից հավաքած կլոր կարմիր քարերն արձակում են դեպի նահատակ Սուրբը: Սրբապատկերին կենդանություն տալու միտումով նրա աջ աչքը վերականգնել են այնպես, ինչպես ձախն է՝ պահպանելով միջամտության կանոններն ու սկզբունքները: Կարևոր են նաև որմնանկարի վրա պահպանված ներկագիր հայատառ գրությունները, որոնք նույնպես մաքրել են:

Տախտակամածի վրա գմբեթի քարերը մաքրելիս մասնագետները նկատեցին քարերի մեջ ագուցված տերևների և ցողունների քարացած հանածոներ, որոնց առաջացման համար հազարավոր տարիներ են անհրաժեշտ: Մաքրման շնորհիվ բանալու շուրջ կարմիր-սպիտակ նախշազարդ հորինվածք հայտնաբերվեց, որը նույնպես վերականգնեցին: Այն այսօր էլ եկեղեցու հատակից ուշադիր նայելիս երևում է:

Մաքրման ընթացքում բեմից հյուսիսային ավանդատուն բարձրացող պատին՝ մրի ու կեղտի տակ հայտնաբերվեց չորս տառից կազմված ներկագիր հայերեն գաղտնագիր:

Դադիվանքի տարածքում գտնվող խաչքարերն ու որմնագիր արձանագրությունները


Սուրբ Դադիի նահատակման հուշաքարը Դադիվանքում

Օգտագործված աղբյուրների ցանկ

  • «1214 թվականին կառուցված Կաթողիկե եկեղեցու 1297 թվականի որմնանկարների պահպանական վերականգնում», Երևան, 2021թ., 483 էջ
  • «Արցախի հոգևոր գանձերը», Երևան, 2015թ., 336 էջ
  • Ուղղափառ հանրագիտարան. www.pravenc.ru
WP Radio
WP Radio
OFFLINE LIVE