«Դրախտի ընտանիք»
Թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ 2023թ. փետրվար ամսից մեկնարկեց Արցախի թեմի նախաձեռնած հերթական ծրագիրը՝ «Դրախտի ընտանիք» անվանմամբ:
Ծրագրում ընդգրկվել են 2022թ. ընթացքում ամուսնացած զույգեր, ովքեր մի քանի ամիս շարունակ կգտնվեն թեմի հոգևոր խնամառության տակ: Նորաստեղծ ընտանիքների հետ աշխատանքներ են տանում մի քանի մասնագետներ, ովքեր իրենց հմտությունների շնորհիվ համապատասխան աջակցություն են ցուցաբերում ծրագրի շահառուներին` ընտանիքում առաջացած խնդիրները լուծելու կամ հետագա խնդիրներից խուսափելու համար: Նորապսակ զույգերի հետ աշխատանքներ են տանում հոգևոր հայրը, հոգեբանը, մանկաբարձ-գինեկոլեգը և տնտեսագետը, ովքեր ցուցաբերում են համապատասխան տեղեկատվական, առողջապահական, սոցիալական, հոգեբանական և հոգևոր աջակցություն:
Թեմի նախաձեռնած այս ծրագրի հիմնական նպատակն է օգնել նորապսակ զույգերին հեշտությամբ հաղթահարել իրենց կյանքի նոր փուլի մարտահրավերները և արդյունքում ձևավորել հոգեպես առողջ և քրիստոնեական արժեքներով ամրապնդված ընտանիք:
Ծրագրի ընթացքում եկեղեցու խնամառության տակ կառնվեն այն ընտանիքները, որոնք ունեն ստեղծարար ռեսուրս, բայց չունեն դրանք իրացնելու հնարավորություն: Եկեղեցին պատրաստ կլինի աջակցել ստեղծարար մոտեցում ունեցող, բայց նյութապես անապահով մի քանի ընտանիքի: Ծրագիրը հստակ արդյունք կապահովի նաև հոգեբանական խորհրդատվության և համապատասխան աջակցության մասով: Զույգերը կլինեն ծրագրի երկու հոգեբանների անմիջական ուշադրության ներքո նաև ծրագրի ավարտից հետո:
Ծրագրի ընթացքին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով «Դրախտի ընտանիք» ծրագրի ֆեյսբուքյան էջը.