Հարցազրույց Ֆրանսիայում գործող հայկական ռադիոընկերությանը
Ֆրանսիա այցի կապակցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են: Ֆրանսիայում գործող հայկական «Ռադիո ԱՅԲ» ռադիոընկերության տաղավար։
Հարցազրուցավար Մարիետա Ղարապետյանի հարցին թե որն է այցի նպատակը Վրթանես Սրբազանը նշեց, որ Ֆրանսիա են այցելել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի և «ՍՕՍ արևելքի քրիստոնյաներ» միավորման հրավերով՝ որոշ ծրագրերի իրականացման նպատակ հետապնդելով։
Վրթանես Սրբազանը շնորհավորեց Ֆրանսիայի հայոց թեմի նորընտիր առաջնորդին՝ մաղթելով հաջողություններ իր եկեղեցական, հայրենասիրական ճանապարհին։
Հաղորդավարուհու հարցին, թե ինչ վիճակում է հիմա գտնվում վիրավոր Արցախը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պատասխանել է, որ Արցախը այսօր դժվար օրեր է ապրում, սակայն Արցախը նախկինում էլ անցել է շատ դժվարին պահերի միջով և որ արցախցիներին չեն կարող վախեցնել հումանիտար, ֆիզիկական տեռորով։ Ըստ Սրբազան հոր՝ Արցախը այսօր սպասում է գերտերությունների կողմից հանգամանալից պատասխանի՝ ադրբեջանական ոտնձգությունների վերաբերյալ։
Այն հարցին թե կանգուն է դեռ արդյոք Դադիվանքը, Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը պատասխանել է.
«Իհարկե, Դադիվանքը դեռ աղոթում է մեր համար։ Մեր հոգևոր հայրերը՝ ռուս խաղաղապահների օգնությամբ այսօր Դադիվանքը գործում է, աղոթում է և սպասում է մեր քայլերին, որովհետև Դադիվանքը այժմ գտնվում է կղզիացած վիճակում»։
Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանին ուղղված հարցին, թե Ֆրանսիան որպես բարեկամ երկիր ինչպես կարող է օգտակար լինել հայ պատմամշակութային ժառանգության պահպանման գործում, Սրբազան հայրը պատասխանել է.
«Նախ և առաջ մենք՝ հայերս պետք է կազմակերպվենք և մեր մշակութային ժառանգությանը վերաբերվենք որպես գերագույն արժեքի և մնացյալը նույն կերպ կվարվի»։
Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը նշեց նաև, որ հաջորդ օրը Ֆրանսիայում Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը կմատուցի սուրբ պատարագ։
Հարցազրույցի ընթացքում խոսվեց նաև արցախյան պատերազմի, դրա հետևանքների, Արցախում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև ադրբեջանական ներկայիս սադրանքների և դրանց կանխարգելման ուղիների վերաբերյալ։
Հարցազրույցի վերջում տաղավարի հյուրերը իրենց սրտի խոսքերը արտահայտեցին Ֆրանսիայի հայ համայնքին։