Հարցազրույց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ

Պարգեւ սրբազանի փոխարեն Արցախի թեմի առաջնորդ է նշանակվել զինված ուժերի արդեն նախկին հոգեւոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Վրթանես սրբազանին հարցրինք, թե նոյեմբերի 9-ի հուշագրի իրականացումից  հետո կրճատվե՞լ է արդյոք Արցախում ծառայություն իրականացնող հոգեւորականների թիվը, խոսքը ե՛ւ գնդերեցների, ե՛ւ թեմի հոգեւորականների մասին է։ «Նման բան չկա, ո՛չ բանակի, ո՛չ էլ թեմի։ Բանակի գնդերեցներից ամեն մեկն իր զորամասում ծառայում է այնպես, ինչպես ծառայել է, իսկ թեմի հոգեւորականներն էլ ամեն մեկն իր տեղում ծառայում է՝ բացառությամբ, այսպես ասեմ՝ ժամանակավորապես հարեւանների ձեռքի տակ գտնվող տարածքների քահանաների, նկատի ունեմ Հադրութն ու Շուշին։ Այս տարածքների քահանաները գտնվում են այլ ծառայության, արդեն վերանշանակված են նախկին առաջնորդի՝ Պարգեւ սրբազանի կողմից»,- պատասխանեց Վրթանես սրբազանը։

  • Իսկ հակառակորդի վերահսկողության տակ անցած զորամասերի գնդերեցները որտե՞ղ են ծառայություն իրականացնում։
  • Որտեղ զորամասն է, այնտեղ էլ իրենք են, իրենց անձնակազմի հետ։
  • Որքանով տեղյակ ենք, Արցախում հոգեւորականները նվազ վարձատրություն են ստանում, նպատակ չկա՞ նրանց աշխատավարձերը բարձրացնելու։
  • «Նվազ» հասկացությունը կախված է նրանից, թե որ կատեգորիայի հետ ենք մենք համեմատում․ եթե Հայաստանի ազգաբնակչության՝ ապա նվազ չէ, լավ աշխատավարձ է, իսկ եթե համեմատենք իրենց ծառայության բնույթի հետ, ինչը ոչ պակաս կարեւոր է եւ տարողունակ ծառայություն է, անշուշտ, կարող ենք ասել, որ փոքր-ինչ նվազ է, բայց ընդհանուր Հայաստանի մասշտաբով նվազ չէ, նորմալ աշխատավարձ է, մանավանդ չամուսնացած հոգեւորականի՝ գնդերեցի համար լավ է, ամուսնացածի համար արդեն փոքր-ինչ դժվարություն է, անշուշտ։
  • Ինչպե՞ս է իրականացվում հոգեւորականների ծառայությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների սրբավայրերում՝ Շուշիի եկեղեցում, Դադիվանքում, ուխտագնացություններ կազմակերպվո՞ւմ են։
  • Այս պարագային իրենց տարածքում է գտնվում, բայց մենք մեր հոգեւոր ծառայությունն իրականացնում ենք լիարժեք, նույնիսկ ասեմ՝ մի բան էլ ավելի։ Մենք դնում ենք վանական ծառայության սաղմեր՝ վանական ծառայությունը վերականգնելու։ Եթե Դադիվանքում նախկինում ի դեմս Տեր Հովհաննեսի ունեինք մեկ վանահայր, այսօր ունենք 6 հոգի։
  • Կանխատեսումներ կան, որ չվերթները դեպի ՌԴ վերաբացելուց հետո մեծ արտագաղթ է սկսվելու թե՛ Հայաստանից, թե՛ հատկապես Արցախից։ Դուք ի՞նչ տպավորություն ունեք, արցախցիները պատրաստվո՞ւմ են արտագաղթել, թե՞ շարունակելու են ապրել Արցախում։
  • Ես, ճիշտն ասած, նման բան չեմ տեսել, միայն մի բան կասեմ, որ արցախցիները երբեւիցե, ինչ դժվարություններ էլ եղել են, չեն արտագաղթել, եւ այս դժվարություններն էլ, կարծում եմ, չեն առաջացնի այդ տրամադրվածությունը կամ հակվածությունը՝ դեպի դուրս գնալու։ Կարծում եմ՝ այդ անորոշության հանգամանքը երբ փոքր-ինչ վերանա մեր ժողովրդի տեսադաշտից, ամեն ինչ իր տեղը կընկնի եւ հունի մեջ կընկնի, բայց քանի որ փոքր-ինչ հապաղում են, որ այդպիսի հասկացողությունը լուսաբանեն, որպեսզի այդ մարդիկ իրապես հասկանան, գիտակցեն, թե ինչ է լինելու վաղը, վաղվա օրվա իրենց ակնկալիքն ինչ է։ Ահա, այս հարցում է, որ փոքր-ինչ պետք է շտապողականություն լինի մեր ղեկավարության կողմից՝ հասկանալի դարձնելու մեր ժողովրդին, թե իրականությունն ինչ է, եւ սպասելիքն ինչ է։ Իսկ եթե չկա, անորոշություն է, ապա դա բերում է տարբեր տեսակի անհասկացողությունների եւ խուճապային տրամադրության, անշուշտ։ Ես Ձեր բարձրացրած հարցին կողմնակից եմ, բայց չեմ կարծում, որ ժողովուրդն այդ տրամադրվածությունն ունի։
  • Դուք նշանակվել եք Արցախի թեմի առաջնորդ, նախկինում էլ, որպես ԶՈւ հոգեւոր առաջնորդ, Արցախի հետ կապ եք ունեցել, ի՞նչ կարծիք ունեք վարչապետի այն հայտարարության մասին, թե մինչեւ հակամարտության սկիզբը Շուշին 90 տոկոս ադրբեջանական բնակչություն ուներ եւ հայկական չէր։
  • Անկեղծ ասած՝ ես իր խոսքը չեմ լսել այդ մասին, բայց եթե ինքն այնպես է ասել, ինչպես Դուք եք ներկայացնում, ապա այդ ասածի հետ ես համամիտ չեմ։ Ադրբեջանական Շուշի երբեք չի եղել, մեր նախնիներն են առաջին հիմքերը դրել այդ բերդաքաղաքում, եւ ամբողջ շինարարական աշխատանքները՝ տները, փողոցները, ամբողջը հայկական են, ականջ դնես քաղաքի պատերին, միայն հայերեն խոսք կլսես, էդ քաղաքի փողոցներում միայն Ղարաբաղի բարբառը կլսես։ Չեմ կարծում, որ որեւէ մեկն իրավունք ունի Շուշին անվանելու օտար, Շուշին երբեւէ օտար չի եղել։
WP Radio
WP Radio
OFFLINE LIVE