Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Շուշիի շրջան, ք. Շուշի
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում՝ Կարկառի հովտի նկատմամբ 1378 մետր բարձրության վրա: Այն իր բարձրադիր տեղադրության շնորհիվ իշխում է ողջ սարահարթի վրա:
Սուրբ Ամենափրկիչն ունի ազդեցիկ չափեր (34,7x27x42 մ) և հայկական ամենամեծ եկեղեցիներից մեկն է: Ուղղանկյուն հատակագծով եկեղեցու չորս ճակատներն ունեն արտաքուստ շեշտված աբսիդներ, որոնք կառույցին հաղորդում են խաչաձևություն:
Ճակտոններին կան պատկերաքանդակներ: Աղոթասրահի կենտրոնում, չորս հաստահեղույս մույթերի վրա բարձրանում է գմբեթը: Ընդհանուր ծավալային լուծումով Սուրբ Ամենափրկիչն ստացել է Էջմիածնի Մայր տաճարը հիշեցնող խաչաձև-գմբեթավոր հորինվածք:
Եկեղեցին ունի երեք շքամուտքեր, որոնք բացվում են դեպի արևմուտք, հարավ և հյուսիս: Դրանց առջևում կառուցված են եռակամար կիսաշրջանաձև, ներսից ու դրսից բազմանիստ գավիթ-նախասրահներ: Կամարները նախապես հինգն են եղել, բայց կողային երկուսը հետագայում շարվել-փակվել են: Սրանց գոյությունը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու առանձնահատկություններից մեկն է: Նախասրահների վերնամասում բացված են փոքրիկ խաչաձև լուսամուտներ։ Դռների վերնամասերը զարդարված են շրջանակի մեջ ներառված պատկերաքանդակներով:
Եկեղեցու արտաքին հարդարանքը ներկայացված է բազմաթիվ դեկորատիվ գոտիներով, ծավալային շքամուտքերով, լուսամուտատեղերի երիզումներով, դռների և լուսամուտների զարդարուն կամարներով:
Սլացիկ է նաև եկեղեցու գմբեթը՝ թմբուկի նիստերը մշակված են ուղղաձիգ համաչափություններով, իրար մեջ ներգծված պատուհան-որմնախորշերով: Թմբուկը պսակված է հովհարաձև վեղարով։ Եկեղեցու պատերին կան բազմաթիվ հայերեն արձանագրություններ:
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու արևմտյան կողմում, քիչ հեռու, տեղադրված է եռահարկ զանգակատունը: Առաջին հարկի խորանարդաձև ծավալը արևելք-արևմուտք առանցքով շեշտված է միջանցիկ կամարակապ բացվածքով: Այս հարկի վերնամասի անկյուններում հրեշտակների չորս արձանիկներ են, որոնք փող են փչում: Զանգակատան երկրորդ և երրորդ հարկերի նիստավոր պատերը իրար են միացած լայն կամարակապ բացվածքներով: Զանգակատան երրորդ հարկը՝ եկեղեցու նման, պսակված է հովհարաձև վեղարով: Առանձնահատուկ վարպետությամբ է իրականացված զանգակատան դրվագազարդ գոտին: Կառույցի արևելյան պատի ընդարձակ արձանագրությունից տեղեկանում ենք, որ այն կառուցել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցը՝ ի հիշատակ Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի, ով ծնունդով ղազանչեցի էր և ուխտավոր Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ՝ Բալասանի, որդիներ՝ Արուպի ու Ստեփանի, ինչպես նաև բոլոր ղազանչեցիների: Հարավային պատի վերևի հատվածում նշված է զանգակատան կառուցման թվականը՝ 1858 թ. ամառ: Այս գրառումից դժվար չէ նկատել, որ զանգակատունն ավելի վաղ է կառուցվել, քան Սուրբ Ամենափրկիչ տաճարը (1868 թ.) և որ այստեղ՝ ներկայիս Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու փոխարեն կառուցված է եղել Մեսրոպ Թաղիադյանի հիշատակված հին՝ թերևս 18-րդ դարում կառուցված եկեղեցին: Սրանով էլ պայմանավորված է զանգակատան առանձին կանգնած լինելու հանգամանքը:
Խորհրդային շրջանում եկեղեցին փակվել էր։ 1940-ականներին այն որպես հացահատիկի պահեստ էր օգտագործվում: 1950-ականների ընթացքում վնասվել են եկեղեցու մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները, ավերվել՝ գմբեթը։ Քաղաքում բնակվող ադրբեջանցիները տանիքների սրբատաշ սալերն ու ճակատների վերին շարքի քարերը պոկել են և տներ կառուցել:
1960-ականների վերջին եկեղեցին վեր էր ածվել գյուղտեխնիկայի կայանատեղիի։ Սրանից տասնամյակ անց բարբարոսաբար և միտումնավոր պայթեցումներ ու հրդեհներ էին կազմակերպվում եկեղեցու ներսում, եղծվում՝ վավերագրերը: Այս ամենը մշտապես առաջացրել է հայ ազգաբնակչության բողոքը: 1982 թվականին սկսվել են Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք սահուն չէին ընթանում: Վերականգնող վարպետ Վալոդյա Բաբայանի վկայությամբ Ադրբեջանի բարձր ղեկավարությունը խոչընդոտում էր գմբեթի կառուցմանը: Նրանք գիտակցում էին, որ դրանից հետո եկեղեցին կդառնա ոչ միայն Շուշիի, այլև Կարկառի ընդարձակ հովտի դոմինանտը (Мкртчян, Давтян 1997, 121):
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները եկեղեցին վերածել էին ռազմապահեստի: Շուշիի ազատագրումից հետո ավերված գմբեթի և ողջ համալիրի վերականգնումն ավարտվեց 1998 թվականին ։
2020 թվականի հոկտեմբերի 8-ին էլ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին թշնամու թիրախում էր. հրթիռակոծվել է, վնասվել են եկեղեցու գմբեթը, խաչաթևերի տանիքները: Եկեղեցու աղոթասրահն ամբողջությամբ լցվել էր շինարարական թափվածքով: Այսօր, ադրբեջանական կողմին անցնելուց հետո այդ թափվածքը մաքրվել է: Եկեղեցու ներկա վիճակը հայտնի չէ:
Օգտագործված աղբյուրների ցանկ
Արցախի թեմ, Երևան, 2009թ., 411 էջ