Անապատի վանք
Մարտակերտի շրջան, գ. Կիչան
Կիչան գյուղից 3 կմ հյուսիս — արևելք, լեռնալանջին փռված է Անապատ կոչվող վանքային համալիրը: Այն բաղկացած է երկու եկեղեցուց, գավիթից, սեղանատնից, միաբանների խցերից, և ընդարձակ գերեզմանատներից: Համալիրի ամենահին՝ 1191 թվագրությամբ արձանագրությունը պահպանվել է մի խաչի վրա: Սա իհարկե միակ արձանագրությունը չէ: Վանքի տարբեր շենքերից ընդօրինակվել և հրատարակվել են 10-ից ավելի արձանագրություններ: Աչքի է ընկնում գլխավոր եկեղեցին, համալիրի հյուսիսարևելյան թևում: Այն ունի գեղեցիկ հորինվացք: Աղոթասրահի հյուսիսային և հարավային կողապատերից նեղ բացվածքները տանում են դեպի ավանդատները, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկական լուամուտ: Ավագ խորանի և ավանդատների աբսիդները պայտաձև են: Եկեղեցին կառուցված է կոպտատաշ և կոփածո քարերով: Տաճարի ներսի պատերը ծեփված են: Ավանդատների պատերում բացվում են յոթ պատուհաններ: Նույն պատկերը կրկնվում է հակառակ՝ արևմտյան ճակատում: Եկեղեցու արևմուտքից, հյուսիս-հարավ առանցքով կից է գավիթը, որը դարձյալ ունի արտասովոր հորինվածք: Հյուսիսայինը, որը քիչ ավելի փոքր է հարավայինից , հյուսիսային կողմի վրա ունի մեկ լուսամուտ: Երկրորդ եկեղեցին համալիրի հարավային կողմում թաղակապ դահլիճի հորինվածք ունի: Ըստ պահպանված արձանագրության վերակառուցվել է XVIII դարի կեսերին: Ուշագրավ է դահլիճի հյուսիսային պատում եղած ուղղանկյունաձև ավանդատունը: Պատերը շարված են կիսակոփածո , իսկ թաղակիր կամարները սրբատաշ քարերով: Եկեղեցու մուտքի բարավորի դեր կատարող գեղաքանդակ խաչքարի զարդանախշերն աղերս ունեն XII-XIII դարերի խաչքարերի հետ: Վանքի սեղանատունը (1,6x 4,9մ) գտնվում է համալիրի հարավային կողմի թեքութըան վրա: Թաղակապ , լուսավոր սեղանատան ներսում, պատերի մեջ կան բազմաթիվ պատուհաններ: Սեղանատան ուղութըամբ տեղաբախշված են միաբանների խցերը: Հին գերեզմանատունը, որն ինչպես նշվեց, ունի բավականաչափ ուշագրավ տապանաքարեր ու խաչքարեր, տարածված է վանքի արևմտյան լանջին: Անապատի մոտերքում, ձորի մեջ է վանքի Անահիտ կոչված աղբյուրը:
Օգտագործված աղբյուրների ցանկ
«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ