Տեր Ներսես քահանա Ասրյանի հարցազրույցը aparaj.am — ին

Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն՝ տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Այս տարի Մեծ պահքը սկսվել է փետրվարի 15-ին: Մեծ պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին և տևում է 48 օր։

Մեծ պահքի խորհրդի, ներկա իրավիճակում եկեղեցու դերի և այլ հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է Ստեփանակերտի սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանի հետ: Նա նշել է, որ Մեծ պահքը խորը ապաշխարության շրջան է, հոգևոր ճանապարհորդություն, որը հավատացյալին աստիճան առ աստիճան նախապատրաստում է՝ մաքրագործվելով մոտենալ սուրբ Հարության տոնին:

«Մեծ պահքից երեք շաբաթ առաջ սկսվում է Առաջավորաց պահքը, և տարին սկսում ենք ապաշխարությամբ: Առաջվորաց պահքը կարևոր խորհուրդ ունի, որն սկսվում է անհատի ապաշխարության խորհրդից, այսինքն՝ Ադամի և Եվայի՝ առաջին մարդկանց ապաշխարության խորհուրդն ունի իր մեջ և հասցնում է մինչև նինվեացիների ապաշխարություն: Աստվածաշնչում, Հովնան մարգարեի գրքում նինվեացիների պատմություն կա, երբ Աստված որոշում է, որ Նինվեն պետք է կործանվի, և Հովնան մարգարեին ուղարկում է այնտեղ հստակ պատգամով՝ երեք օրից քաղաքը կործանվելու է: Մարդիկ իրենց մեղքերի համար ապաշխարում են, և կատարվում է բացառիկ երևույթ, երբ Աստված փոխում է իր կայացրած որոշումը՝ ողորմելով ապաշխարող քաղաքին»,- ասում է քահանան՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի հաստատած Առաջավորաց պահքը դիտարկելով որպես յուրահատուկ փրկության բանալի: Նրա խոսքով՝ հիմա բոլորն իրար մեղադրում են, հայհոյում, ծաղրում, մեղքը մեկը մյուսի վրա գցում, իսկ ապաշխարությունը փրկության ճանապարհ է ցույց տալիս:

Մեծ պահքի շրջանում ամեն կիրակի ունի իր խորհուրդը, ընդհանուր 7 կիրակիներ են՝ Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության տոն: «Հիմնականում չորս ազդակներ կամ հոգևոր ճանապարհներ կան, որոնք գործնականորեն ցույց են տալիս, թե ինչպես հավատացյալը պետք է ինքնամաքրվի, վերականգնվի և մաքրագործվի: Դրանք են՝ պահեցողությունը, ապաշխարությունը, ողորմությունը և աղոթքը: Այս չորսն իրարից անբաժան են, և իրար հետ կիրառելով է, որ հավատացյալն իրոք հոգևոր որոշակի մաքրություն կարող է ձեռք բերել, վերականգնել իր հոգևոր ներաշխարհը և ինչ-որ չափով մոտենալ Աստծուն»,- նշում է նա:

Անդրադառնալով առկա իրավիճակից ելքեր գտնելու մասին հարցին, Տեր Ներսես քահանա Ասրյանը գտնում է, որ մեզ հետ չի կատարվում մի բան, որի արմատները մեր մեջ չեն: «Այս իրավիճակն այսպիսի ողբերգական հանգրվանի չէր հասնի, եթե մեր խնդիրներն այս աստիճան սրված չլինեին և մենք առաջին հերթին կարողանայինք այս երեսուն տարիները ճիշտ օգտագործել, այդ բացառիկ հնարավորությունը չմսխել: Հին կտակարանում այսպիսի պատմություն կա, երբ Աստված հրեաներին դուրս է հանում եգիպտական գերությունից, նշաններով, հրաշքներով, եգիպտացիներին հասցված հարվածներով անապատով բերում է դեպի Ավետյաց երկիր: Այդ ժամանակ հետախույզներ են ուղարկում, որպեսզի տեսնեն այն երկիրը, որ Աստված իրենց խոստացել է: Հետախույզները, բացառությամբ երկու հոգու, վերադառնալով՝ սարսափած պատմում են, որ այն հսկաների երկիր է, անհնար է հաղթել, իրենք երկիրը գրավելու որևէ շանս չունեն: Այստեղ Աստծո համբերության բաժակը լցվում է: Աստված բազմաթիվ հրաշքներով իր առաջնորդությամբ մարդկանց հասցնում է Ավետյաց երկիր: Բայց այդքանը բավարար չի լինում, որպեսզի մարդիկ կտրվեն ստրկության ժամանակաշրջանից, անընդհատ երանությամբ հիշում են, որ Եգիպտոսում մսով լցված կաթսաների շուրջ նստած էին, հանգիստ, խաղաղ կյանքով ապրում էին ստրկության մեջ: Աստված ասում է՝ 40 տարի պիտի անապատներով շրջեք, մինչև ստրկության սերունդը մեռնի, նոր ազատության սերունդը գա»,- Հին կտարակարանի պատմությունը մեջբերում է քահանան ու կապելով այսօրվա իրավիճակի հետ՝ նշում, որ մեզ մոտ էլ այսպիսի մի «անապատային» շրջան է սկսվել:

«Մեծ պահքի խորհրդի առումով՝ գտնվել ենք դրախտում, բայց դրա արժեքը չենք զգացել ու վտարվել ենք այնտեղից: Հիմա ավելի ծանր ճանապարհով ենք ընթանում, որի ընթացքում սխալները պետք է սրբագործվեն: Առաջին հերթին, մեր մեջ եղած այս ամբողջ մաղձը պետք է հանենք: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում. ներքին սահմանազատումներ, բաժանումներ կան՝ քաղաքական, սոցիալական, կրոնական: Եվ մեր ժողովուրդը կարծես ավելի շատ մտահոգված է այլ հարցերով, քան իր մաշկի վրա տեղացող հարվածներով: Մենք պետք է գիտակցենք՝ անկախ նրանից, թե քո երկրի փրկությունը հյուսիսի, արևմուտքի, հարավի կամ որևէ այլ տեղի հետ ես կապում, դրանցից որևէ մեկը իրատեսական չէ, եթե դու ինքդ չես սիրում քո երկիրը, քո պետականությունը, քո ազգակցին և ընդհանուր մտահոգությունների շուրջ չես համախմբվում»,- ասում է Տեր Ներսեսը:

Խոսելով պառակտված, հուսահատված վիճակում հոգևոր իշխանության շուրջը համախմբվելու մասին, Տեր Ներսես քահանա Ասրյանը նկատում է, որ այն անհրաժեշտություն է. «Տարբեր պատասխանատու անձանց հրապարակային ելույթները նայելով՝ կարելի է ասել, որ ամենապետականամետը, ամենաադեկվատը հենց ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորները, ելույթները, կոչերն են: Պարտադիր չէ, որ եկեղեցին կամ որևէ եկեղեցական պետական պաշտոն զբաղեցնի: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ եկեղեցին այդ ամենից միշտ բարձր պետք է մնա: Այդ բարձրության մեջ պիտի կարողանալ համախմբել բոլորին, ոչ թե իջնել պաշտոնի մակարդակի: Ամենաբարձր պաշտոնը հենց հոգևոր իշխանությունն է, որովհետև այն մարդկանց սրտերի հետ է կապված: Մարդիկ կամովին են ընդունում այդ իշխանությունը, այն դիտարկում որպես դուռ դեպի հավիտենականություն»:

Մեր եկեղեցին բացառիկ է նաև այն առումով, որ կրկնակի առաքելություն է ստանձնել՝ իր հոգևոր հոտի փրկությունը ոչ միայն հավիտենական կյանքի համար, այլ նաև հենց այս աշխարհում ազգապահպանության խնդիրը, որը ժամանակին տարբեր փուլերում եկեղեցին իրականացրել է:

Սակայն, ըստ քահանայի, հոգևորականը թևերը կտրած թռչուն է, լավագույն դեպքում՝ կարող է քայլել, բայց թռչել չի կարող: Հավատացյալները, ժողովուրդն են թևեր տալիս եկեղեցականին:

Տեր Ներսես քահանա Ասրյանը պատերազմից հետո հավատացյալների նոր շարժ է նկատում դեպի եկեղեցի: Շփվելով հազարավոր մարդկանց հետ, նա համոզված է, որ շատ դեպքում առկա խնդիրները ամենալավը հոգևորականն է տեսնում: «Հասարակությունը պայմանականորեն կարելի է երկու մասի բաժանել, մի մասը տեսնում է այս ամբողջ ողբերգությունը, կրում է իր վրա, մի մասի համար էլ կարծես թե ոչինչ չկա, եթե պահի տակ պայթյուններ բան չկան, լրահոսը մի փոքր հանգստանում է, անցնում են բնական, առօրյա կյանքին: Դժվար է ասել, թե ինչպես կարելի է կամրջել հասարակության այս երկու հատվածները: Պարզ է, մարդիկ ձգտում են լավ ապրել, բարեկեցության հասնել, բայց պիտի քո հնարավորությունները հաշվարկես, քո իրավիճակը, առաջնահերթությունները ճիշտ դիտարկես, որպեսզի հասկանաս՝ նախ ինչ խնդիր պիտի լուծես, նոր անցնես երկրորդականին»,- նշում է քահանա:

Նրա կարծիքով՝ մեր առաջնահերթ խնդիրը, ամենամեծ բացթողումը եղել է դաստիարակության ոլորտը՝ դպրոցից մինչև հասարակական դաստիարակություն: Երկրորդ առաջնահերթությունը ռազմական անվտանգությունն է: «Եթե մենք այսօր ունենայինք պահի լրջությունը լիարժեք գիտակցող, հայրենասեր, հոգևոր արժեքներով ապրող հասարակություն, ապա այդպիսի հասարակությանը հնարավոր չէր լինի խաբել պոպուլիստական բառերով կամ կեղծ հայրենասիրական, ռազմահայրենասիրական պաթոսով: Իսկ ճիշտ կրթված, դաստիարակված հասարակությունը նման խաբկանքների չէր ենթարկվի և ամեն ինչ հալած յուղի տեղ չէր ընդունի», — նշում է Տեր Ներսեսը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE