Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքը Արցախի անկախության օրվա կապակցությամբ

«Նեղությունները համբերություն են առաջ բերում
և համբերությունը՝ տոկունություն,
և տոկունությունը՝ հույս.
և հույսը երբեք ամոթով չի թողնում» (Հռոմ. Ե 4-5):

Այսօր՝ ուղիղ 30 տարի հետո, բոլորիս միավորել է հիշողությունն ու վերարժևորումը այն օրվա, երբ տասնամյակների ծանր շղթաները կոտրվեցին, երբ արցախցիների հոգու մեջ դարերով ծածկված, ճնշված ու խտացված ուժի վերածված ազատության ձգտումը ժայթքեց և ստացավ իր արժանի բանաձևումը՝ Արցախը այլևս անկախ է։

Անկախության հռչակագիրը բարի ավետիսի պես Արցախի բարձունքներից տարածվեց և մտավ ամեն հայի տուն՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի։ Անկախությունը, միայն հռչակագիր չէ՛, միայն սահմանադրություն չէ՛, սրանք երկուսն էլ իհարկե անհրաժեշտ են, բայց այն առաջին հերթին անկախ ապրելու արժանապատվություն է, երբ դու քո քրտնինքով, աշխատանքով կարողանում ես դառնալ ինքնանկախ՝ և՛ իբրև անհատ, և՛ իբրև ազգ։

Մեր ժողովուրդը ընտրեց արժանապատիվ ապրելու ուղին՝ գիտակցելով թե ինչ թանկ գին պետք է վճարի այդ ընտրության համար, կամավոր ընտրեց և վճարեց այդ գինը, բազում փորձություններ հաղթահարելով ազատեց Արցախը, որպեսզի այնտեղ կարողանա իրականություն դարձնել իր հռչակագիրը։

Վստահաբար բոլորս էլ համակվում ենք անսովոր զգացողություններով, երբ Արցախյան վերջին գոյապայքարից հետո կանգնում ենք դրան նախորդող մեր որևէ հաղթանակի կամ ձեռքբերման հիշատակի առաջ, որովհետև ներքին հարցեր են առաջանում․ արդյո՞ք հիմա պետք է տոնենք կամ հիշատակենք այն տոները, որոնց ձեռքբերումներն այսօր կարծես թե չկան։ Մարդկային պարզ տրամաբանությամբ չկա ո՛չ կարիք, ոչ էլ տոնելու սիրտ։ Բայց արդյո՞ք մեր ազգային կյանքը միայն մարդկային տրամաբանությանն է ենթակա: Ո՛չ իհարկե, մեր ժողովրդի կյանքը բացի նյութական իրողություն լինելուց, ավելի շատ հոգևոր իրողություն է։ Երբ 2000 տարի առաջ մեր ազգը ընտրեց դեպի Աստված գնալու Քրիստոսի նախանշած ճանապարհը, այդ օրվանից դարձավ դեպի հավիտենություն քայլող ազգ։ «Մի վախեցեք նրանցից, որոնք մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ․ 10:24): Ավետարանական այս խոսքերն են դարձել մեր ազգի կյանքի շարունակականության բանալին։

Ինչքան էլ խոցել են մեր մարմինը, հոգին մնացել է կենդանի։ Ուստի այս առումով ինչքան էլ լինենք դժվարին կացության մեջ, ունենանք կորուստներ, երբեք չպետք է մոռանանք ոգու սխրանքի այն փառավոր էջերը, որոնք մեր ժողովրդին պարգևել են հաղթական օրեր։ Դրանք երբեք էլ չպետք է կորցնեն իրենց նշանակությունն ու ուժականությունը։

Մի բան պետք է սովորենք ցավից՝ լինել համախմբված, միասիրտ, միակամ, միաձայն։ Ճիշտ է, մեր երկրում շատ հարցեր կան, բայց դրանք բոլորն էլ մերն են, ուրախությունն էլ է մերը, ցավն էլ է մերը, Հայրենիքը իր բոլոր կողմերով՝ դրական և ժխտական, մերն է։

Հիմա, երբ կանգնած ենք մեր կարևոր ձեռքբերումներից մեկի հիշատակի առջև, լավագույն առիթն ունենք մտորելու, դասեր քաղելու, մեր բացթողումները վեր հանելու և առաջ շարժվելու կամքը ավելի հզորացնելու համար։ Այսօր մենք պետք է մեր անձը մոռանանք, միանանք հոգեկան հաղորդությամբ և մեր աղոթքներն ու ջանքերը ուղղենք մեր հայրենիքի հզորացման վրա, որովհետև ամեն ինչ անհետ կորած չէ։ Աստված թողել է այս մնացորդացը, որի վրա պետք է ամուր կանգնենք ու առաջ շարժվենք։

Մեր շուրջը դեռևս մութ ամպեր կան, Արցախի հարցը դեռ ամբողջովին լուծված չէ, բազմաթիվ հայորդիներ դեռևս գտնվում են անհայտության և գերության մեջ, մեր տնտեսական, ստեղծագործական, արդյունաբերական զորությունը նորից տկարացել է, և ոչինչ անյպես չէ, ինչպես որ մենք կուզեինք։ Բայց մենք է, որ ամեն բան պետք է անենք այս վիճակը փոխելու համար։ Աստված երկնքից հրեշտակներ չի ուղարկելու մեր կյանքը բարելավելու համար։ Մենք ենք Աստծո գործակիցները այս հողի վրա՝ մեր աշխատանքով, մեր ջանքերով, որպեսզի մեր զավակները մի օր չասեն․ «մեր հայրերը և մայրերը այնպիսի ճղճիմ հարցերով, ներքին պայքարներով իրար դեմ ելան, որ մթագնեցին մեր ազատությունն ու անկախությունը»։

Անկախության հիշատակի այս տոնին ավելի ակնհայտ է դառնում, որ Արցախի արդար դատի վերջնական հաղթանակի գաղտնի ուժը մեր ամբողջ հայության միասնականության մեջ է թաքնված։ Եկել է ժամանակը, հատկապես այսքան փորձություններից հետո, որ սկսենք հասկանալ, որ մենք ազգի տարբեր «կարկատաններ» չենք՝ հայաստանահայ, արցախահայ, սփյուռքահայ ստորոգելիներով բաժանված։ Մենք մեկ ազգ ենք, ուր էլ որ լինենք, աշխարհագրական ինչ վայրում էլ գտնվենք, վերջիվերջո՝ Արցախի անկախության լավագույն հանգրվանը Հայկական միասնական հայրենիքին միանալն է։

«Նահատակների արյունը գծում է մեր կյանքի և մեր պարտականության ճանապարհը»։ ԵՎ իսկապես այսօր մեր նվիրյալ նահատակների պատգամն է, որ մենք կարողանանք մեր կյանքով հարգել այն, ինչ որ նրանք մահով և արյունով հարգեցին, և սա պետք է ամեն մեկիս համար մի նոր մղում լինի։ Պետք է հասկանանք, որ մեզնից վեր է մեր հողը, մեզնից վեր է մեր հայրենիքը, մեզնից վեր է մեր Եկեղեցին և այդ գիտակցությունն է, որ պետք է փրկի Արցախը։ Ո՛չ դրամը և ո՛չ զենքը չեն կարող փրկել, եթե չլինի մեր նվիրումը հողին և հավատքին։

Ուստի կոչ ենք անում հայ ժողովրդի բոլոր զավակներին, որ միասնական կեցվածքով, ամբողջական և անվերապահ աջակցությամբ զորավիգ լինեն Արցախի մեր արիասիրտ ժողովրդին, իրենց եղբայրներին և քույրերին, և հաճախակի այցելություններով և հանձնառու մասնակցությամբ ներդրումներ կատարեն Արցախի մեր ժողովրդի զորացման և կյանքի բարգավաճման համար։

Կոչ ենք անում հատկապես Արցախի մեր ժողովրդին մնալ տոկուն, անխախտ իրենց քրիստոնեական Սուրբ հավատքի մեջ և հավատարիմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, կապված մնալ իրենց պապերի սուրբ հողին։

Հորդորում ենք Արցախի մեր այն զավակներին, ովքեր պատերազմի և այլ պատճառներով հարկադրված են եղել թողնել իրենց տներն ու հողերը, վերադառնալ Արցախ և տեր կանգնել իրենց հայրենական ժառանգությանը։ Որքան աճի Արցախի բնակչությունը, որքան շատ մշակվի հողը և զարգանա տնտեսությունը, հոգևոր, կրթական, մշակութային կյանքը, այնքան ավելի կամրանա ազատ ապրելու մեր կամքը, որը սիրտն է Արցախյան ազատագրական պայքարի։

Այո, շատ են նեղություններն ու դժվարությունները, բայց մենք ուրիշ ճանապարհ չունենք․ միայն աշխատանքով և նվիրվածությամբ հաղթահարել այսօրվա բոլոր դժվարությունները՝ միշտ վառ պահելով ավելի պայծառ օրերի հույսը։

Աստվածաշունչ մատյանը Սուրբ Պողոս Առաքյալի բառերով ասում է․ «Նեղությունները համբերություն են առաջ բերում և համբերությունը՝ տոկունություն, և տոկունությունը՝ հույս. և հույսը երբեք չի ամաչեցնի» (Հռոմ. Ե 4-5):

ՀՈՒՅՍԸ թող լինի մեր կյանքի լույսը, որը վառվում է ՀԱՎԱՏՔՈՎ և ճառագայթում ՍԻՐՈՎ:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE