Սուրբ Թարգմանչաց տոնը Կաղարծի համայնքում

Ս.թ. հոկտեմբերի 8֊ին մեր սուրբ թարգմանիչ վարդապետներ Մեսրոպի, Եղիշեի, Մովսես քերթողի, փիլիսոփա Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու, հայոց նշանագրերի գյուտի հիշատսկի և Սուրբ Գրքի թարգմանության ազգային և եկեղեցական տոնը Արցախի թեմում նշվել է Մարտունու շրջանի Կաղարծի գյուղի Սուրբ Թարգմանչաց անունը կրող եկեղեցում։ Տոնի խորհրդով ուխտի սուրբ Պատարագ մատուցեց Խնածախի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ տեր Անդրեաս քահանա Թավադյանը՝ հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Եկեղեցին մարդաշատ էր և լի ջերմությամբ։ Հարյուր տարի է, ինչ եկեղեցին պատարագ չէր լսել։

Սրբոց տոնի Պատարագին ուխտավորաբար ներկա էին Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարը, Ստեփանակերտի սուրբ Հակոբ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի աշակերտներն ու համայնքի հավատավոր զավակները, ինչպես նաև Արցախի թեմի երիտասարդաց միության անդամներ և Արցախի պետական համալսարանի երիտասարդներ, Կաղարծի համայնքի և շրջակա գյուղերի բնակիչները։ Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ եկեղեցին կառուցողների, բարերարների և արցախյան պատերազմներում հանուն հայրենիքի մարտում հանգչած մեր հայորդիների, մասնավորապես կաղարծեցի նահատակների։

Պատարագիչ քահանան, քարոզի մեջ անդրադառնալով օրվա խորհրդին և սրբերի կենսագրությանը, մասնավորապես նշեց. «սուրբ Մեսրոպ Մաշտոցը մեզ սովորեցնում է չվախենալ և աղոթքով հաղթահարել բոլոր փորձություններն ու դժվարությունները, սուրբ Սահակ Պարթևը մեզ սովորեցրեց լինել մեծ և խոնարհ, սուրբ Եղիշեն վարդանանց պատմությամբ սովորեցրեց մեզ հայրենասիրություն և անձնազոհություն, սուրբ Խորենացին՝ Հայոց Պատմություն, իսկ սուրբ Նարեկացին` ինչպես խոնարհությամբ բարձրանալ առ Աստված»։


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE