Սբ.Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գյուտի օր

Սույն թվականի հոկտեմբերի 11-ը ՀԱԵ տոնացույցում նշված է որպես Աղվանքի Սբ.Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու և 12 հայ ճգնավորների հիշատակության օր:

Օրվա խորհրդին Արցախի թեմը ուխտագնացություն է կազմակերպել դեպի Սբ.Գրիգորիս հայրապետի անունը կրող Ամարասի վանք: Ուխտի պատարագը մատուցվել է Ասկերանի սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի ձեռամբ։

Տեր Հայրը քարոզում անդրադարձել է օրվա խորհրդին ու մանրամասներին, այնուհետև Սրբերի բարեխոսությունն է հայցել մեր պետության անվտանգության, հավատքի ամրության և խաղաղության համար: Տեր Հայրը հորդորել է ներկա կացյալ ժողովրդին լինել նվիրյալ քրիստոնեական հավատին, տարածել Քրիստոսի լույսը և լուսավորել շրջապատը՝ օրինակ ունենալով Սուրբ Գրիգորիսի վարքը:

“Այսօր մենք փորձում ենք մեր հավատքի և Աստծո տված շնորհի չափով հաղորդակցվել հիշատակվող Սրբերի հետ: Մեր այստեղ գտնվելու առաջնային նպատակը այդ Սրբերի հիշատակը տոնելն է, իսկ երկրորդը՝ ուխտելն է, որ պիտի հավատարիմ մնանք Աստծուն, պիտի մնանք նվիրյալը քրիստոնեական հավատքի և եկեղեցու, լինենք հետևորդները մեր սուրբ նահատակների և մեր հայրապետների՝ ի դեմս Գրիգորիս Հայրապետի: Այն լույսը, որ նրանք փոխանցել են, պիտի կրենք մեր սրտերում և այդ լույսով պիտի լուսավորենք մեզ, մեր շրջապատը, մեր Արցախ աշխարհը և Հայաստան աշխարհը: Ամեն մի հայի սրտում պիտի վառվի հավատքի այդ լույսը, այդ ջահը, այդ կանթեղը՝ մշտավառ և մշտամնա:

Միմիայն մեր ուխտից է կախված՝ կավելանա՞ արդյոք մեր թիվը թե ոչ, կբազմապատկվի՞ թե ոչ: Ինչքանով մեր մեջ Քրիստոսի սերը լինի հաստատված և ինչքանով մենք այդ սերը տարածենք մեր շրջապատում, այնքանով կհզորանա մեր բանակը: Կունենանք անպարտելի քրիստոնեական մի բանակ, որը սարեր ու լեռներ շուռ կտա, որը անկարելին կարող կդարձնի, իսկ անհնարը՝ հնարավոր:

Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի աղոթք բարձրացնենք մեր հարազատների համար, մեր հիվանդների առողջության համար, մեր նահատակների ու ննջեցյալների հոգիների հանգստության ու խաղաղության համար և վիրավորների բժշկության համար: Աղոթք բարձրացնենք մեր բոլոր գերիների վերադարձի համար, որպեսզի Աստված թեթևացնի իրենց լուծը, տառապանքն ու ցավը, որ հանուն Քրիստոսի են կրում: Նրանք քրիստոնյա են, նրանց մեջ կան մեր հայրերի կողմից սերմանված քրիստոնեական սերմերը, իսկ թշնամին այդ սերմերն ուզում է արմատախիլ անել: Ուրեմն աղոթենք և խնդրենք այսօրվա հիշատակվող սրբերի բարեխոսությունը՝ ի դեմս Սուրբ Գրիգորիս նահատակի, որպեսզի Աստված մեզ շնորհի տևական խաղաղություն:

Հավատացեք՝ մեր հույսը մարդկանց վրա չենք կարող դնել, մարդիկ ոչինչ չեն կարող անել, եթե անգամ կամենան ու ցանկանան: Միայն Աստված կարող է անկարելին հնարավոր դարձնել: Ուրեմն աղոթենք Աստծուն՝ որպես երաշխավոր մեր անվտանգության և մեր երկրի պետականության, մեր զավակների անփորձանք, խաղաղ ու անվտանգ ապագայի համար: Աղոթենք Աստծուն, և թող Աստված իր Սուրբ աջը և Սուրբ Խաչը պահապան դարձնի մեզ բոլորիս: Թող բոլորի սրտերը լցված լինեն աստվածային լույսով, հույսով, սիրով ու հավատով:”

Ս. Գրիգորիս հայրապետը Վրթանես կաթողիկոսի ավագ որդին էր: Նա եղել է Աղվանքի կաթողիկոսը, նորոգել ու բարեկարգել բոլոր եկեղեցիները` Աստծո խոսքը քարոզելով մարդկանց: Նա Քրիստոսի սիրո վարդապետությունը քարոզել է նաև մազքութների երկրում և  այնտեղ էլ նահատակվել է՝ մազքութների Սանեսան թագավորի հրամանով:

Նահատակ Հայրապետի նշխարների գյուտը տեղի է ունեցել նրա մահից 147 տարի հետո` 489 թ.: Հայոց Վահան Մամիկոնյանի մարզպանության ժամանակ, երբ Զենոն կայսրը թագավորում էր հույների վրա, իսկ աղվանների վրա իշխում էր հայկազյան տոհմից բարեպաշտ Վաչագան թագավորը, վերջինս բացի իր աշխարհական գործերից միտք դրեց գտնել նաև Ս. Գրիգորիսի նշխարները: Նա երեցների օգնությամբ փորել տվեց գերեզմանը, և երբ գտան նշխարները, թագավորը նստեց գերեզմանի եզերքին` հողի վրա, և հրամայեց բերել արքունի սպասները: Արկղիկն իր գիրկը դրած` սպասում էր ընդունել նշխարները, և երեցները սուրբի մասունքները երկյուղածությամբ հավաքում էին արկղիկի մեջ:

Բացի Ս. Գրիգորիսի նշխարներից` դագաղի մեջ կային նաև երկու ապակյա անոթներ, որոնցից մեկի մեջ կային Զաքարիայի` Հովհաննես Կարապետի հոր, իսկ մյուսի մեջ` Պանդալեոն բժշկի նշխարները, որ Ս. Գրիգոր Լուսավորիչը տվել էր իր թոռանը` Ս. Գրիգորիսին:

Հայրապետի գերեզմանը մինչև այսօր պահպանվում է Ամարասի Վանքում՝ իր անունը կրող եկեղեցու մեջ: Նրա հիշատակը երկու անգամ ենք տոնում, առաջինը՝ Ս. Գր. Լուսավորչի որդիների և թոռների տոնի օրը, մյուսն՝ իր նշխարների գյուտի օրը այլ 12 հայ ճգնավորների հետ:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE