«Ս. Էջմիածնի տոնի իմ անձնական ընկալումը». Տ. Ներսես քհն. Ասրյան

Այսօր Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնն է, որն անձամբ ինձ համար ամենանվիրական տոներից մեկն է: Էջմիածնի Մայր Տաճարն ինձ համար անգամ շատ բացառիկ եկեղեցի չէ, քարեղեն այդ տաճարը կարծես կենդանի հոգևոր էակ, հոգևոր ծնող լինի, որն իր ծոցում ձևավորել, կերտել է նվաստիս՝ աշխարհիկ հավատացյալից աստիճանաբար վերածելով Աստծո տան սպասավորի: Հենց Մայր Տաճարում եմ Գևորգյան Հոգևոր ճեմարանի երբեմնի ուսանողս ստացել մեր Եկեղեցու նվիրապետական առաջին՝ դպրական չորս աստիճանները: Մայր Տաճարում եմ ստացել ուրար կրելու իրավունք, Մայր Տաճարում եմ ձեռնադրվել սարկավագ, և, ի վերջո, կրկին հենց Մայր Տաճարում եմ ստացել քահանայական օծումս: Քանիցս սարսուռով եմ անդրադարձել այն մտքին, որ աղոթքի եմ կանգնում մի վայրում, որտեղ իջել է Աստծո Միածին Որդին, և որտեղ դարերով աղոթքի են կանգնել մեր Եկեղեցու մեծագույն, ամենապայծառ դեմքերը, իրական սրբեր:

Վերջին տարիներին մի շատ իրական արժեք պակասում էր մեր հոգևոր կյանքում. չէր գործում Մայր Տաճարը, վերանորոգման մեջ էր: Մեծ հուզմունքով սպասում եմ այն երջանիկ պահին, երբ մի քանի ամսից Մայր Տաճարը կվերաօծվի և կսկսի կրկին գործել: Ու նորից կսկսի լիարժեք բաբախել Հայ Եկեղեցու սիրտը՝ կենսատու իր օրհնությունը հասցնելով աշխարհասփյուռ մեր եկեղեցիներին:

Թող Տերն անսասան պահի միշտ Իր իսկ հիմնած Մայր Աթոռը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE