Պետություն և Եկեղեցի

Տարեսկզբին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց մի նոր ձեռնարկի, որով պետք է եկեղեցի-պետություն համագործակցությունը բարձրանա մի նոր մակարդակի։ Պետական բոլոր վարչական և ուժային կառույցներին կցվել են հոգևորականներ, ովքեր պարբերաբար պետք այցելեն և հոգևոր խնամք տանեն հիշյալ կառույցների աշխատակիցներին։

Սույն թվականի հունվարի 20-ին Արցախի թեմի առաջնորդը հանդիպեց ԱՀ կառավարության աշխատակազմի հետ, որին ներկա էր նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Կատարվեց կառավարական մասնաշենքի տնօրհնյաց կարգ։ Սրբազան Հայրը կառավարությանը ներկայացրեց նաև Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի նորանշանակ տնօրեն Գոռ սրկ. Գյուրջյանին, և նախանշվեցին այս ոլորտում հետագա համագործակցության ուղիները։

Հանդիպումը անցավ հարցուպատասխանի և քննարկումների ջերմ մթնոլորտում։ Ներկաների համար ողջունելի էր նոր ձևաչափը, որ ընտրել է Արցախի թեմը, որով եկեղեցին ավելի ճանաչելի պիտի դառնա մեր հասարակությանը։ Առաջնորդ Սրբազանը նշեց, որ մարդու համար հոգևոր սնունդը ավելի կարևոր է, քան ֆիզիկականը, և մենք չպետք է անտեսենք ու անտարբերություն ցուցաբերենք մեր ներքին աշխարհի ներդաշնակ զարգացման հանդեպ, հաճախ այցելենք եկեղեցի, ստանանաք այնտեղից օրհնություն և խաղաղություն և այնտեղ թողնենք մեր մեղքերն ու ավելորդ մտահոգությունները:

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհակալություն հայտնելով նման նախաձեռնության համար` նշեց, որ իրենց համար շատ սպասված էր նման ֆորմատով հոգևորականին ընդունել իրենց հարկից ներս, և հույս հայտնեց, որ հանդիպումները կլինեն շարունակական, ինչպես նաև այլ ձևաչափերով ևս, ու դրանց բարի պտուղները կլինեն տեսանելի բոլորի համար։

ԱԹ տեղեկատվական բաժին

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE