Հիսուս Քրիստոսի Խաչելությունը. Խավարման կարգ

Սիրելի հավատացյալներ, հիմա, դարերի հեռավորությունից նորից կանգնած ենք Քրիստոսի Խաչի առաջ և խավար է տիրել մեր շուրջը։ Աշխարհի Արարիչը գամված է խաչին, Նրա ձեռքերն ու ոտքերը մեխերով ամրացրել են իր իսկ արարածները՝ մտածելով, թե Աստծուն ծառայություն են մատուցում։

Այնքան իրական են փրկչի տանջանքները և ցավերը, որ նույնիսկ ստիպված է լինում արտաբերել «Էլի’, էլի’, լամա սաբաքթանի», Աստվա՜ ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչու՞ թողեցիր ինձ։ Այո, Նա իրապես տառապում է և ցավ է զգում՝ ինչպես սովորական մարդ, միևնույն ժամանակ հասնում է մարդկային կյանքի ցավի և տառապանքի գագաթնակետին՝ Աստծուց մոռացված լինելու զգացումին։

Կարծես թե Մարիամը լսել է Որդու ուժասպառ ձայնը «Ուր ե՞ս ,Մա՜ յր իմ, քաղցր և անուշ» և փորձում է թեթևացնել Նրա ցավերը։ Մոտենում է Հովհաննես առաքյալը, ով փաստորեն չէր փախել մնացյալի հետ և րոպեներ առաջ Փրկիչը հանձնարարել էր խնամել իր Մորը։ Նա փորձում է գրկել և սփոփել Աստվածամորը, բայց լսում է ցավատանջ մոր խոսքերը. «Լալու մեծ պատճառ ունեմ, քանի որ իմ Որդուն չարչարվելիս եմ տեսնում, սակայն չեմ կարողանում օգնել: Տեսնում եմ լալիս, բայց չեմ կարող մխիթարել: Տեսնում եմ, որ մեռնում է, սակայն չեմ կարող Նրա հետ մեռնել: Տեսնում եմ` ծարավ է, սակայն չեմ կարող ջրով հագեցնել: Վա’յ ինձ, ի՞նչ անեմ. իմ Որդին աղաղակում է, որ ծարավ է և լեղի են խմեցնում: Վախենում եմ գնամ ջուր բերեմ. գուցե գամ մեռած գտնեմ Նրան»: Եվ հնարավոր է Մարիամը լացելով հիմա բողոքում է Հրեշտակին. «Ո՞ւր է իմ ավետիսը, ո՞ւր է իմ ուրախությունը, ո՞ւր է իմ ողջույնը: Այսօր ամեն ինչ հակառակ է:

Վա’յ ինձ. այն օրն ինձ Մարիամ անունով դիմեցիր, որ լուսավոր աստղ է թարգմանվում, իսկ այսօր խավար եղավ: Ասացիր շնորհներով լի’ եղիր. այսօր լի եմ դառնությամբ: Ասացիր Տերը քեզ հետ է. այսօր իմ Տիրոջը խլեցին ինձանից: Ասացիր օրհնյալ ես դու կանանց մեջ. այսօր նախատվում եմ Իսրայելի մեջ»: Դարձյալ կարող էր ասել Եղիսաբեթին. «Ո’վ ազգական իմ, ո՞ւր է քո ավետիսը, որ ասացիր օրհնյալ է քո որովայնի պտուղը»: Բայց Հիսուս նայում էր նրան ու մխիթարում այս խոսքերով. «Մ’ի լար, մա’յր Իմ, քանի որ քո ցավն Ինձ համար առավել է, քան Իմը»:

Այս ողբերգական տեսրանը մեր առջև վեր է հանում երկու կարևոր իրողություն՝

  1. Որդի Աստված այնքան սիրեց մեզ, որ իրապես զգաց մահվան խայթը և սիրելիներից լքված լինելու դառնությունը,
  2. Մայրական սիրո մեծությունն ու խորությունը։

Եկեղեցական արարողակարգի միջոցով նորից վերապրելով Գողգոթայի իրական և ողբերգական դրաման, մեր առջև գալիս է սրա նման մեկ այլ պատկեր և մտածում։ Մտածում, որ Քրիստոսից հետո չվերջացան փոքրիկ գողգոթաները մարդկության կյանքից՝ հատկապես այն ազգերի, ովքեր հետևում են Քրիստոսին, ովքեր արդարության համար են պայքարում։ Ցավոք մենք այսօր կարիք չունենք պատմության խորքերը գնալու՝ որպեսզի մեր ազգի մեջ նշմարենք վերոնշյալ պատկերը։

Ինչպես Սուրբ Մարիամ Աստվածածինը ծնեց, սնեց և փայփայելով մեծացրեց իր Հիսուս Մանկանը և վերջում կանգնած լացում էր Նրա Խաչի առաջ, նույնպես և մեր Հերոսածին Մայրերը իրենց զավակներին լույս աշխարհ բերելով, պարուրելով իրենց սիրով ու հոգատարությամբ՝ հայրենիքին սպառնացող վտանգի ժամանակ իրենց որդիներին անմռունչ կերպով ուղեկցեցին դեպի Գողգոթա։ Մարիամի նման նրանց սրտերով էլ սուր անցավ։ Երբեմն նրանց որդիները, մարտի դաշտում վիրավոր ընկած, փափագում էին գեթ մի բաժակ ջուր ստանալ իրենց մայրիկից։ Եվ մեր գերյալ զավակների քանի-քանի մայրեր դեռ այրվում են անհայտության ու անորոշության կրակով։ Մարիամի նման նրանք էլ սկսում են հիշել իրենց որդիների հետ անցկացրած երջանիկ օրերը և վայ են տալիս և երբեմն էլ ցավից բթացած՝ անօգուտ համարում իրենց հետագա կյանքը, բայց ինչպես Քրիստոս խաչի վրա դիմեց իր մորը, նույնկերպ հիմա նրանց ականջներին հնչում է իրենց որդիների Ձայնը. «Մի՜ լար, մա՜յր Իմ, քանի որ քո ցավն Ինձ համար առավել է, քան Իմը»:

Այսօր Մարիամի ցավով տառապում է նաև մի ուրիշ մայր՝ մեր Մայր Հողը, որ չի ուզում զրկվել իր հարազատ որդիներից։

Աստվածամայրը իր որդուն տվեց հանուն աշխարհի, հայ մայրը իր զավակին տվեց հանուն Մայր Հողի։ Արդյոք արժեր այսպիսի զոհողություններ կատարել, այսպիսի ցավի կրող դառնալ, որն է իմաստը և արդյունքը։ Այս խորհրդավոր պահին պատասխանը պարզ է դառնում մեզ համար: Ոչինչ էլ չարժեն այս զոհողությունները և անարդյունք են, բայց այն դեպքում, երբ Քրիստոս մնում է գերեզմանում և հայրենիքի համար նահատակված զինվորը միայն իր մայր հողի գրկում։ Բայց միթե այդպես է իրականությունը։ Քրիստոս արդյո՞ք մնաց գերեզմանում, սխրանքի գնացող զինվորի վերջին հանգրվանը արդյո՞ք միայն սառը շիրիմն է։ Պատասխանը մեզ՝ քրիստոնեաներիս համար կարծում եմ պարզ է։

Եվ այս խավարային լռության մեջ կարծես թե Քրիստոս հավաքում է իր վերջին մարդկային ուժերը և արդեն դիմում է մեզ. «Մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող»::