Այլ Ճանապարհ և Ճշմարտություն մենք չունենք

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը զրույց է ունեցել Yerkir.am-ի հետ:

-Սրբազա՛ն Հայր, ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանի հրթիռները կրկնակի խոցեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, ինչպիսի՞ զգացողություններ ապրեցիք այն ժամանակ և ինչպիսի՞ գնահատականներ կտաք այսօր։

— Մեր գնահատականը սրտի խոր ցավն է, որ անընդհատ ուղեկցում է մեզ։ Այդ ցավն ունի երկակի իմաստ` նախ որ կորցրինք մեր հայրենիքի մի զգալի մասը և մեր զավակներին, ավերվեցին ու պղծվեցին մեր դարավոր սրբավայրերը, և երկրորդ՝ մեզ բաժին է հասել այնպիսի մի հակառակորդ, ով զուրկ է համամարդկային արժեքներից` մարդասիրությունից, սրբության հանդեպ հարգանքից:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հաշված օրեր անց նույն եկեղեցին ենթարկվեց վանդալիզմի։ Վերանորոգման պատրվակով Շուշիի Մայր տաճարի ֆիզիկական ձևափոխմանը և դիմախեղմանը զուգահեռ Ադրբեջանը չի դադարում փորձերը` խեղաթյուրելու եկեղեցու հայկական ինքնությունը: Կցանկանայինք լսել Մայր Աթոռի գնահատականն այս ամենի մասին։

— Այս վարքագիծը, ցավոք, նորություն չէ մեզ համար և դարեր շարունակ թուրքի այդ ձեռագիրը ոչնչացրել ու խեղաթյուրել է մեր պատմական հուշարձանները, հատկապես վանքերն ու եկեղեցիները։ Մի ժողովուրդ, ազգ կամ թեկուզ անհատ մարդ, երբ իրենից  ոչինչ չի ներկայացնում, մնայուն արժեքներ չի կարողանում ստեղծել, սկսում է գողանալ և ուրիշինը իրենը ներկայացնել։ Սրա արմատները շատ խորն են գնում, և կարծում եմ՝ սա գալիս է իրենց քոչվորական էությունից` ապրել ուրիշի ստեղծածը սեփականացնելով։ Մի ազգից, որտեղ հայրը իր որդուն մանկուց սովորեցնում է գողանալ և իր բարեկամների մոտ հպարտանում է իր որդու հաջողություններով, այլ վարքագիծ սպասել ավելորդ է, և սա լուրջ քաղաքակրթական մակարդակի հիմնախնդիր է։

Մայր Աթոռը մշտապես ակտիվ քայլեր է ձեռնարկել Արցախի վտանգված հոգևոր ժառանգության պահպանման համար։ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ստեղծվել է Արցախի գրավյալ տարածքների հոգևոր ժառանգության հարցերով հատուկ գրասենյակ, և վերջերս էլ  Մայր Աթոռում տեղի ունեցավ գիտաժողով` աշխարհի տարբեր եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ, որի առանցքում հենց վերոնշյալ հարցերն էին։ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը միջազգային տարբեր հարթակներում, սկած ՅՈՒՆԵՍԿՕ-ից մինչև Հռոմի Պապ, ներկայացրել է այս հարցերը և կոչ արել կանխել Արցախում համամարդկային քրիստոնեական արժեքների ոչնչացումը։

Նման վերաբերմունքը չի՞ վկայում, արդյոք, Արցախի տարածքում հայկական հետքի բնաջնջմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության շարունակականության մասին։

— Անշուշտ, անզեն աչքով էլ տեսանելի է, որ սա Ադրբեջանի կողմից հստակ մշակված ռազմավարություն է, և նույնիսկ իրենց նախագահն ինքն էր ջնջում Հադրութի Ծակուռի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հայերեն արձանագրությունը։ Բայց ինչպես նշեցի, սա նոր ծրագիր չէ, այլ արդեն իրենց էության մաս է դարձել` ջնջել հայկական քրիստոնեական ամեն հետք։

Գիտեք, ես կարծում եմ նաև, որ նրանք վախենում եմ մեր եկեղեցիների հայկական լինելուց, այնտեղ հնչած հայի աղոթքից և այսպիսի էժանագին ձևերով փորձում են փոխել մեր սրբավայրերը, որպեսզի հաղթահարեն իրենց ներքին բարդույթները: Բայց ինչքան էլ ջնջեն արձանագրությունները կամ ինչ-ինչ փոփոխություններ կատարեն՝ միևնույն է, եկեղեցու հոգին հայկական է մնալու: Միևնույն ժամանակ ես հավատում եմ, որ այնպիսի մի ազգ, որ չունի հարգանք հավիտենական երևույթների նկատմամբ, երկար գոյատևել չի կարող։

Պատահականությո՞ւն եք համարում այն, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակել  ՅՈՒՆԵՍԿՕ—ի փորձագիտական առաքելության մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր։

— Բնավ պատահական չէ, այլ տրամաբանական շարունակությունն է իրենց վարքագծի, որովհետև դեռևս թարմ են իրենց վանդալիզմի հետքերը, դեռ կան եկեղեցիներ, որոնք չեն հասցրել պղծել, ջնջել հայկական աղաղակող վկայությունները, ուստի այս պարագային ամենևին էլ ձեռնտու չէ որևէ միջազգային մշակութապահպան կառույցի մուտքը այդ տարածքներ։ Հետո, երբ իրենք կանեն իրենց ուզածը, հնարավոր է որոշ չափով թույլատրեն նրանց մուտքը։

Իշխանությունները որևէ կերպ օժանդակո՞ւմ են հայ եկեղեցու գործունեությանը, որպեսզի Արցախի հոգևոր մշակույթային ժառանգությունը ներգրավվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության մեջ։

— Ես Արցախի իշխանությունների մասով կարող եմ հավաստիացնել, որ նրանք կատարում են մաքսիմալ հնարավորը այս հարցում և մշտապես կանգնած են մեր կողքին` հատկապես Արտաքին գործոց և Կրթության, գիտության ու մշակույթի նախարարությունները։ Կատարվել են Ադրբեջանին անցած տարածքների մշակութային ժառանգության մանրամասն հաշվառում և բնութագրում և միջազգային կազմակերպություններին իրազեկման հսկայական աշխատանքներ, բայց այս ամենը շատ քիչ է, եթե Ադրբեջանը փակում է նրանց մուտքն այդ տարածքներ: Երկրորդ, իրատեսական լինելով՝ կասեմ, որ ցավոք սրտի աշխարհը շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում, բայց բոլորն էլ առաջնորդվում են իրենց շահերով, և ոչ մեկը չի ցանկանում արդարության կամ քրիստոնեական արժեքների պահպանման համար իր հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ. սա է դառը իրականաությունը։

Մեխակավանի Սուրբ Աստվածածին  եկեղեցին ենթարկվեց վանդալիզմի, իշխանությունները  քայլեր  ձեռնարկեցի՞ն, որպեսզի միջազգայնորեն դատապարտվի այդ արարքը։

— Մեզ համար դա իսկապես ցավոտ երևույթ էր, նամանավանդ, որ այդ եկեղեցին օծել եմ ես և այն իսկապես շատ սպասված էր այդ տարածաշրջանի համար։ Իշխանությունները, ի թիվս այլ դեպքերի, այս դեպքը ևս փաստագրել են և հնարավորինս ներկայացրել միջազգային պատկան մարմիններին։

 — Արցախի իշխանությունները որևէ կերպ  օժանդակո՞ւմ  են Մայր Աթոռին , որպեսզի վերականգնվեն ուխտագնացությունները Դադիվանք և, ինչու չէ, նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, քանի որ այս երկու եկեղեցիները գտնվում եմ ՌԴ նախագահի անմիջական վերահսկողության ներքո։

— Այո, կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերը, բայց, ցավոք, սայլը տեղից չի շարժվում, որովհետև ամեն բան կախված է Ադրբեջանի «բարյացակամությունից»։ Չմոռանանք, որ մենք պարտվել ենք, և սա ամենամեծ խոչընդոտն է մեր բոլոր քայլերում։ Առաջ Աստված, հուսով ենք առաջիկայում ամեն բան ի բարին կփոխվի։

Սրբազան Հայր, գաղտնիք չէ, որ ադրբեջանական քարոզչամեքենան ուդիների միջոցով  փորձում է տիրանալ Արցախի պատմամշակութային ժառանգությանը։ Կցանկանայինք լսել Մայր Աթոռի գնահատականն այս ամենի մասին։

— Ադրբեջանը հիմա էլ շահարկումների գործիք է դարձրել իր փոքրաթիվ Ուդի քրիստոնյաներին, որովհետև նրանք են այն միակ կետը, որոնք աղերսներ ունեն Արցախի Աղվանից կաթողիկոսության հետ, բայց պատմական ճշմարտությունը այն է, որ Աղվանից կաթողիկոսությունը եղել է հայկական և ենթակա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ուդիներին ևս հայերն են քրիստոնյա դարձրել դեռևս Գրիգորիս Հայրապետի ժամանակներից։ Եվ այսօր կանգնել ու հայտարարել, որ նրանք են Աղվանից Կաթողիկոսության հիմնադիրներն ու օրինական ժառանգները մեղմ ասած անգրագիտություն է և պատմության խեղաթյուրում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատմական ճշմարտությունների հիման վրա փաստում է, որ Արցախի և ներկայիս Ադրբեջանի տարածքների վրա նախկինում եղած Աղվանից կաթողիկոսությունը հայ եկեղեցու անբաժանելի մասն է կազմել և այս ամենը ներկայացնում է միջազգային տարբեր հարթակներում։

Ինչպե՞ս փրկվեց Դադիվանքը, իսկ արդյո՞ք հնարավոր չէր նույն կերպ փրկել Շուշիի Մայր տաճարը։

— Շուշիի Մայր Տաճարը չփրկվեց, որովհետև զինադադարի ժամանակ արդեն Շուշին կարելի է ասել գրավված էր, իսկ Դադիվանքը՝ ոչ։ Շուշին, ընդհանրապես, միշտ համարվել է այն ամենացանկալի պատառը, որ Ադրբեջանը ցանկանում էր ձեռք գցել, և այս տրամաբանությամբ, ավելի քիչ հավանական էր, որ թույլ տային մեզ գնալ մեր եկեղեցին, իսկ Դադիվանքի հարցը վիճահարույց հարց էր, որովհետեւ փաստացի այն գտնվում է Մարտակերտի շրջանում, և նույնիսկ հնարավորություն կար Դադիվանքը չհանձնելու, բայց, ցավոք, եղավ այն, ինչ եղավ: Նման պայմաններում Դադիվանքը հայկական պահելու գործում մեծ դեր խաղաց ՌԴ նախագահի որոշումը, որը կայացվեց Վեհափառ Հայրապետի աննահանջ պնդումների և միջնորդությունների հիման վրա: Բայց գնալով իրավիճակը ավելի վատացավ, և հիմա արգելված է հայ ուխտավորների մուտքը, իսկ այնտեղ մնացած վանականները ապրում են շատ վտանգավոր, դժվարին հոգեբանական պայմաններում և իսկապես մեծ նվիրումով են կատարում իրենց ծառայությունը։

Ես կարծում եմ, քանի դեռ մենք լիովին չենք ընկալել մեզ հետ կատարվածը, չենք ապաշխարհի և չենք թոթափի մեր ազգային անմիաբանությունը, լավ բաներ ակնկալելն անիմաստ է, բայց նաև հավատում եմ, որ մենք կկարողանանք բռնել մշտապես մեզ պարզված Քրիստոս Աստծո ձեռքը և քայլել Նրա հետ, որովհետև Կյանքի այլ Ճանապարհ և Ճշմարտություն մենք չունենք։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE