Աղին նահատակ
Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ
Եկեղեցին գտնվում է Կարմիր գյուղ, կամ Դռնավարզ գյուղից 3 կմ հյուսիս – արևմուտք, մի բլրակի վրա: Եկեղեցին կրում է նաև “Խաչին տակ” անվանումը: Հին գյուղատեղիի հյուսիսային եզրին, բլրի վրա կանգնած փոքր, թաղածածկ դահլիճով եկեղեցին (չափերը` 6.8 x 5.3 x 5.8մ), կառուցված է անտաշ քարով: Պատերի մեջ ագուցված են մի շարք խաչքարեր՝ բնորոշ 12-13-րդ դարերին: Առանձին խաչքարեր պարունակում են բուսական ու երկրաչափական, ինչպես նաև՝ կենցաղային բնույթի բարձրաքանդակներ: Խաչքարեր կան ոչ միայն հուշարձանի ներսում, այլև արտաքուստ՝ մասնավորապես մուտքի հատվածում և մոտակա գերեզմանոցում, որոնց ընդհանուր թիվը մեկ տասնյակից ավելի է: Եկեղեցու մուտքի դիմաց 1861թ. կառուցվել է հյուրատուն ուխտավորների համար:
Եկեղեցու Ըղեն նահատակ անվանման շուրջ տարբեր ավանդազրույցներ են մեզ հասել, ըստ մի տարբերակի թշնամինները սպանել են մի հղի կնոջ, այդտեղից էլ տեղանքը կոչվել է հղի կնոջ նահատակման վայր, այն է հղեն կամ ըղեն նահատակ: Ըստ երկրորդ վարկածի, Լենկ Թեմուրի դեմ պաշտպանական մարտերում շատերի հետ նահատակվել է և գյուղի աղան (տանուտերը), որի դին գյուղացիները ամփոփել են բլրակի վրա, կառուցել եկեղեցի նրա հիշատակին և վայրը կոչվել է Ըղեն նահատակ, այսինքն աղայի նահատակման վայր:
“Խաչին տակ” կամ “Ըղեն նահատակ” եկեղեցուց մոտ 100մ հեռավորության վրա տարածվում է համանուն գերեզմանոցը՝ բնորոշ 9-14-րդ դարերին, իսկ ստորին մասում՝ գյուղատեղին, որն ըստ էության գոյատևել է մինչև 19-րդ դար, նկատի ունենալով այստեղ գտնվող աղբյուրի վրայի արձանագրությունը:
Օգտագործված աղբյուրների ցանկ
«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ