Գլխավոր / ՔԴՔ Կենտրոն / Քրիստոնեական քարոզչություն / Հաղորդաշարեր / Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյան / 12․01․2022
ՀԱՍԵ
Արցախի թեմ
Ասկերանի շրջանը զբաղեցնում է Արցախի Հանրապետության կենտրոնական հատվածը։
Տարածքը 1196,3 կմ2 է, որի մի մասը (Կարկառի աջափնյա հատվածը) մտնում էր Արցախի Վարանդա գավառի, իսկ մյուս մասը (Կարկառի ձախափնյա հատվածը)` Խաչենի գավառի մեջ: Այս առումով այն Արցախ աշխարհի պատմության, մշակույթի ու տնտեսական կյանքի զարգացման մեջ առանձնահատուկ տեղ ունի:
Հյուսիս-արևմուտքում Ասկերանը սահմանակցում է Ադրբեջանին։ Շրջանի ռելիեֆը շատ տարբեր է․ հարավ-արևմուտքում այն ավելի լեռնային է, իսկ հյուսիս-արևմուտքում՝ հարթավայրային։ Շրջանով հոսում են Կարկառ, Պատարա և Կոլաթակ գետերը:
Այստեղ են գտնվում մ․թ․ա 7-րդ դարից սկսած տարբեր ժամանակահատվածների ճարտարապետական բազմաթիվ հուշարձանները։ Դրանցից առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես Ավետարանոց գյուղի` Վարանդայի մելիքության` Բերդավանի հուշարձանները, Ասկերանի Մայրաբերդը և շատ ուրիշ բնական ու ճարտարապետական հուշարձաններ:
Հադրութի շրջանը զբաղեցնում է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածը:
Հադրութ քաղաքը գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտից 75 կմ հեռավորության վրա: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Հադրութն իր կարևորությամբ երկրորդն էր Շուշիից հետո:
Հադրութի շրջանը, որը Հայոց պատմության մեջ հայտնի է նաև Դիզակ անունով համարվում է բացօթյա թանգարան: Շրջանը հայտնի է մի շարք վանական համալիրներով և եկեղեցիներով, հին բնակավայրերով և ամրոցներով:
Հյուսիսում Հադրութը սահմանակցում է Մարտունի, Ասկերան և Շուշի շրջաններին, իսկ արևմուտքում՝ Քաշաթաղին: Հադրութի շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 քառ. կմ-ից քիչ ավելի: Հարավային սահմանն անցնում է Արաքս գետով։
Շրջանի տարածքով հոսում է Իշխանագետը, որը թափվում է Արաքս գետը։ Արաքսով է անցնում նաև ԱՀ պետական սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Հադրութի շրջանի արևելյան սահմանը հանդիսանում է Ադրբեջանի հետ պետական սահման։
Շրջանի հարավային և հարավարևելյան հատվածները համեմատաբար հարթավայրային են: Սաղարթախիտ անտառներով և ալպիական մարգագետիններով պատված լեռնային գոտիներն ընկած են հյուսիսում և հյուսիս-արևմուտքում:
Հայտնի դերասան Վ. Փափազյանը Հադրութ կատարած այցի ժամանակ ասաց հետևյալ արտահայտությունը, որը դարձավ հայտնի թևավոր խոսք. «Եթե Ղարաբաղը ոսկե մատանի է, ապա Հադրութը նրա ադամանդե ակն է»:
Մարտակերտի շրջանը գտնվում է Արցախի հյուսիսում ՝ զբաղեցնելով Խաչեն և Կոլաթակ գետավազաններից հյուսիս ընկած տարածքը: Հյուսիսում այն սահմանակցում է Շահումյանի շրջանին, արևմուտքում՝ Քարվաճառի շրջանին, հարավում՝ Ասկերանի և Քաշաթաղի շրջաններին, իսկ արևելքում՝ Ադրբեջանին։
Շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 1795 քառ․ կիլոմետր։
Շրջկենտրոն Մարտակերտից դեպի հյուսիս՝ Թարթառ գետի վրա են գտնվում Սարսանգի ջրամբարը և հիդրոէլեկտրակայանը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն հանրապետության համար։
Մարտակերտը հայտնի է իր պատմական և ճարտարապետական հուշակոթողներով, ինչպիսիք են Գանձասարը (XIII-րդ դար), Երեք մանկունքը, Հակոբավանքը, Եղիշե Առաքյալ վանքը, Մելիք-Բեգլարյանների ապարանքը, Ջրաբերդը, Կաչաղակաբերդը, Խոխանաբերդ ամրոցները և այլն։
Բացի նրանից, որ Մարտակերտն առաջին տեղն է գրավում Արցախի շրջանների շարքում իր հնագույն հուշարձանների քանակով, Արցախի անտառների ամենամեծ մասը ևս բաժին է ընկնում Մարտակերտին: Այն Արցախի ամենագեղատեսիլ շրջաններից մեկն է:
Մարտունու շրջանը զբաղեցնում է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածը։ Հյուսիս-արևմուտքում շրջանը սահմանակցում է Ասկերանի շրջանի, հարավում՝ Հադրութի հետ։ Մարտունու արևելյան և հյուսիսարևելյան հատվածներով անցնում է Ադրբեջանի հետ պետական սահմանը: Արցախի մյուս շրջանների համեմատ՝ Մարտունու շրջանն ավելի հարթավայրային է, նրա տարածքով է հոսում Վարանդա գետը՝ Ամարաս վտակով:
Շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 951 քառ․ կիլոմետր: Շրջկենտրոնը համանուն Մարտունի քաղաքն է, որը գտնվում է Ստեփանակերտից 45 կմ հեռավորության վրա։ Հնագույն ժամանակներում այստեղ տեղակայված է եղել պատմական Մյուս Աբանդ գավառը, իսկ հետո նաև Վարանդա նահանգի մի մասը։
Մարտունու շրջանում պահպանվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնցից առավել հետաքրքրական են Ամարաս (IV-XVII-րդ դդ․) և Բռի Եղցի վանքերը, ինչպես նաև Կուսաբերդ-Աղջկաբերդ ամրոցը։ Մարտունու շրջանը հայտնի է նաև նրանով, որ Սխտորաշեն գյուղում է գտնվում աշխարհում ամենամեծ և ամենատարեց սոսիներից մեկը (լատ․ Plátanus)։ Ծառն ավելի քան 2000 տարեկան է, ծառի բարձրությունը 54 մետր է, իսկ բնի շրջագիծը՝ 31,5 մետր։
Մարտունու շրջանը հայտնի է իր խաղողի տեսակներով, ինչպես նաև նռան և խաղողի այգիներով։ Եղանակն այնքան տաք է, որ այստեղ նույնիսկ արմավենի է աճում։ Մարտունին Արցախի ամենատաք ու ջերմ շրջաններից մեկն է:
Շահումյանի շրջանը Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորն է կազմում, որն ընդգրկում է երկրի հյուսիսային և հյուսիսարևմտյան մասը։ Շրջանի վարչական կենտրոնը Քարվաճառ քաղաքն է։
Շահումյանի շրջանն ունի բազմադարյա պատմություն և հարուստ է պատմամշակութային բազմաթիվ և բազմատեսակ հուշարձաններով։ Այն բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից, ինչի մասին են վկայում տարածքում հայտնաբերված հնագույն հուշարձանները։
Շրջանի Գյուլիստան գյուղի մոտ է գտնվում Ս. Ամենափրկիչ (Նապատ) վանքը, գյուղից 3 կմ հեռու՝ Գյուլիստանի կիսավեր բերդը (XVIII դ.), որը եղե է Գյուլիստանի մելիքների նստավայրը, պահպանվել էին դղյակների, բնակելի շենքերի և եկեղեցու ավերակներ։
Շահումյան քաղաքում էր գտնվում Ս. Աստվածածին եկեղեցին (XVII դ.), քաղաքից հարավ՝ Երեք մանկունք կիսավեր վանքը (XVII դ.), Բուզլուխում՝ եկեղեցի (XVIII դ.), մոտակայքում՝ Ս. Մինաս ուխտատեղին, Հայ Պարիսում՝ ավերակ եկեղեցի և Նահատակ մատուռը, Վերինշենում՝ եկեղեցի (XVIII դ.) և այլն:
Շրջանի հյուսիս-արևելյան մասը 1992 թվականից գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո: Տեղի հայ բնակչությունը (շուրջ 20.000) տարհանվել է: Իսկ հարավ-արևմտյան (քարվաճառյան) հատվածը՝ ստորագրված եռակողմ համաձայնագրով, Ադրբեջանի զինված ուժերին է հանձնվել 2020 թվականի նոյեմբերի 25-ին:
Զբաղեցնում է ԱՀ հարավարևմտյան փոքր հատվածը` Արցախի լեռնաշղթայի կենտրոնական մասը: ԱՀ-ի ամենափոքր շրջանն է, տարածքը կազմում է 381,3 քառ. կմ:
Շրջանի մակերևույթն ամբողջովին լեռնային է, որը գերազանցապես ծածկված է անտառներով ու թփուտներով: Նրա հարավային` Հադրութի շրջանին սահմանակից հատվածում է գտնվում Մեծ Քիրս լեռը (2724 մ): Շրջանի տարածքով է անցնում Կարկառ գետն իր վերին հոսանքով, որն այստեղ ունի բազմաթիվ արագահոս վտակներ:
Այս փոքր տարածք ունեցող շրջանում կա 152 հայկական պատմաճարտարապետական հուշարձան: Դրանց զգալի մասը գտնվում է Շուշի քաղաքում, որը հաճախ անվանում են Արցախի մշակութային մայրաքաղաք, երբեմն նույնիսկ՝ «Կովկասի Փարիզ»: Շուշին,իրավամբ,Արցախի Հանրապետության ամենագեղեցիկ անկյուններից մեկն է: Շուշիի բարձրավանդակը մեր նախնիների կողմից բնակեցվել է դեռևս հնագույն ժամանակներից: Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հելլենիստական և վաղ միջնադարյան ժամանակաշրջանի մշակութային գտածոներ: Մ.թ.ա. առաջին հազարամյակի վերջում բարձրավանդակում արդեն պաշտպանական կառույցներ են կանգնեցվել:
20-րդ դարի սկզբին Շուշին իր հարմարություններով չէր զիջում եվրոպական քաղաքներին՝ հոսող ջուր, լավ սարքավորված փողոցներ և մայթեր: Այս շրջանի մշակութային մակարդակը շատ բարձր էր: Շուկաներում ներկայացված արցախյան հայտնի մետաքսները, գորգերը և զարդերը ապշեցնում էին ճամփորդներին իրենց ճոխությամբ և վառ գույներով:
Ստեփանակերտը Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Այն հանրապետության արդյունաբերական, մշակութային և կրթական կենտրոնն է: Քաղաքը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան լանջին, Կարկառ գետի ափին, հիմնական մայրուղու վրա: Ստեփանակերտի ընդհանուր տարածքը կազմում է 25,6 քառ. կիլոմետր, կլիման կիսաչոր մերձարևադարձային է: Ամառները համեմատաբար շոգ են, իսկ ձմեռները` մեղմ և չոր, բայց երբեմն սաստիկ ցրտեր են լինում:
1924թ. քաղաքին տրվել է Ստեփանակերտ անունը՝ ի պատիվ Ստեփան Շահումյանի: Ստեփանակերտ քաղաքի առաջին հատակագիծը մշակել է Ալեքսանդր Թամանյանը, 1926թ.:
Քաղաքը հնագույն պատմություն ունի. առաջին բնակավայրերն այստեղ հիմնադրվել են մ.թ.ա. 3-2 հազարամյակներում: XIX-րդ դարում Էմիլ Ռոսլերի կողմից իրականացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ արժեքավոր գտածոներ, որոնց մի մասը պահվում է աշխարհի ամենամեծ թանգարաններում:
Մ.թ. V-րդ դարում Արցախի ներկայիս մայրաքաղաքի տեղում գտնվել է Վարարակն (հորդ աղբյուր) բնակավայրը, որն իր անվանումը ստացել է դեպի բնակավայր հոսող հորդառատ աղբյուրի անունից: Ներկայումս այդ բնակավայրից միայն մեկ հյուրատուն է պահպանվել:
Քաղաքն ու շրջակայքը հարուստ են պատմաճարտարապետական ու հնագիտական հուշարձաններով:
Քաշաթաղի շրջանն Արցախի Հանրապետության ամենամեծ շրջանն է. ընդհանուր տարածքը կազմում է 3376 քառ. կիլոմետր: Արևմուտքում շրջանը սահմանակցում է Հայաստանի հետ, իսկ հարավում՝ Արաքս գետով, անցնում է Իրանի հետ պետական սահմանը: Շրջկենտրոնը Բերձոր քաղաքն է, որը հիմնադրվել է հին հայկական բնակավայրերի տեղում: Քաշաթաղով է անցնում Երևան-Ստեփանակերտ մայրուղին: Շրջանի տարածքով հոսում է Աղավնո գետը:
Շրջանը հարուստ է հայկական ճարտարապետական հուշարձաններով: Դրանցից ամենահայտնիներն են Ծիծեռնավանքը, Սուրբ Համբարձումի եկեղեցին, XIX դարի եկեղեցին Տանձատափ գյուղում և Մելիք Հայկազի պալատը:
Քաշաթաղի շրջանի տարածքում 2002-2003թթ. գիտական սպելեոլոգիական (քարանձավային) արշավախմբի կողմից քարանձավների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են 5 ժայռային եկեղեցի, 4 պաշտպանական կառույց և 30-ից ավել բնակելի համալիր: Հայտնաբերված կառույցներից ամենանշավորներից են հայ պատմաբան Ստեփանոս Օրբելյանի (XII դ.) նկարագրած վանական համալիրներ Կրոնը (Կրոնք) և Հոչանցը, ինչպես նաև՝ մ.թ.ա 7-րդ դարի սեպագիր մակագրությամբ քարանձավը: 2010-ին շրջանի տարածքում նաև հայտնաբերվել է մի պահոց, որում պահպանվել էին 112 ոսկյա, արծաթյա և բրոնզե իրեր:
Բացի ճարտարապետական հուշարձաններից, շրջանը հայտնի է նաև իր բնական ռեսուրսներով՝ խիտ կուսական անտառներով և լեռնային գետերով: