Նաև հոգեպես եմ փորձում նմանվել Կոմիտասին
Դավիթ ուրարակիր Փաշայանը ծնվել է 1991 թվականին Ստեփանակերտում։ 1992-ին՝ Շուշիի ազատագրումից ամիսներ անց ընտանիքը տեղափոխվել է Շուշի։ Սովորել է տեղի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում, ավարտել շեփորի և դաշնամուրի բաժինները։
2007-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա, «Զինվորական դիրիժորություն» բաժինն ավարտելուց հետո 2011-ին, որպես զինվորական դիրիժոր, սպայական ծառայության է անցել Արցախի ՊԲ-ի 5-րդ պաշտպանական շրջանում։
Ի դեպ, Կոմիտասի անունը տալիս Դավիթն ասում է․ «Վերջերս հաճախ են ինձ նմանեցնում Կոմիտասին, ինչքանով ուժերս թույլ են տալիս, նաև հոգեպես եմ փորձում նմանվել Կոմիտասին»։
Բանակում ծառայության ընթացքում Դավիթը շատ ջերմ հարաբերություններ ուներ մանկության վաղեմի ընկեր, շուշեցի Նարեկ սարկավագ Պետրոսյանի հետ, որը զորամասի հոգևոր հովիվն էր։ Թեև Աստծուն փնտրում էր վաղուց, բայց հենց Նարեկ սարկավագի կերպարը նրան մղեց դեպի հոգևոր կյանք։ Պաշտպանության բանակում պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2016-ին Դավիթն ընդունվեց Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։
Ավարտելուց հետո ուրարակրի հոգևոր կոչումով ծառայության նշանակվեց Արցախի թեմում։ Ավելի ուշ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի որոշմամբ նշանակվեց թեմի գլխավոր քարտուղար։ Այդ պաշտոնում էր մինչև բռնի տեղահանությունը։ 2023-ի պատերազմի հենց առաջին րոպեներից Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր, որի ներքնասրահում հավաքվել էր ժողովուրդը, օգնել է, ինչով կարողացել է։ Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 28-ին։ Երևանում շարունակում է ծառայությունը Արցախի թեմի գրասենյակում։
Աղբյուրը՝ armradio.am