Թեմի երիտասարնդերի և «Սյունիք-Զարգացում»ՀԿ-ի մեկնարկ
2021 թ․ապրիլի 27-ից 29-ը Արցախի թեմի մի խումբ երիտասարդներ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում մասնակցեցին Վայոց Ձորի թեմի հովանու ներքո գործող «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Համայնքային խնդիրների լուծում երիտասարդների միջոցով» խորագիրը կրող երկօրյա աշխատանքային հանդիպում-քննարկմանը։ Դասախոսություններով հանդես եկան սոցիալական աշխատանքի և հոգեբանության ոլորտի մի շարք մասնագետներ, ծավալվեցին ջերմ և ակտիվ քննարկումներ, գործնական-մեթոդական խաղերի տեսքով հասկանալի կերպով ցույց տրվեցին համայնքներում խնդիրների լուծման մի շարք արդյունավետ եղանակներ։
Սա առաջին լուրջ փուլն էր այն գեղեցիկ տեսլականի, որ ծնվեց Վայոց Ձորի թեմի և Արցախի թեմի առաջնորդների մտքում, որը նպատակ ունի միավորելու երկու թեմերի երիտսարդներին՝ աստվածահաճո և մարդասիրական ծրագրերի կյանքի կոչման համար։ Վստահաբար, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի, ՀԱԵ Արցախի թեմի տարբեր փորձառությամբ, գիտելիքներով ու հմտություններով, բայց միևնույն տեսլականն ունեցող և իրենց ուժերին հավատացող երիտասարդների ամենօրյա աշխատանքի շնորհիվ կունենանք այն հայրենիքը, որի մասին երազում ենք բոլորս։