Տարեվերջյան քահանայից ժողով Արցախի թեմում

Տարին ամփոփելու, իրականացրած աշխատանքները ներկայացնելու և հետագա ծրագրերը քննարկելու նպատակով, դեկտեմբերի 21-ին թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել քահանայից ժողով:

Ժողովն սկսվեց տերունական աղոթքով և թեմակալ առաջնորդի ողջույնի խոսքով։ Հոգևոր հայրերն իրենց հերթին հանդես եկան ամփոփիչ զեկույզներով՝ ներկայացնելով անցնող տարվա ընթացքում իրենց հովվական ծառայության մեջ գրանցած հաջողություններն ու կատարված աշխատանքները: Ժողովի ընթացքում քննարկվեցին գալիք նոր տարում Արցախի թեմում կատարվելիք ծրագրերը՝ հատուկ կարևորություն տալով երկրի հոգևոր անվտանգությանն ու հոգևոր քարոզչության ակտիվացմանը:

Առանձնահատուկ մտահոգությամբ քննարկվեց Արցախում տիրող ներկայիս իրավիճակը, որը հոգեբանորեն վատ ազդեցություն է թողնում երկրի բնակչության վրա՝ անկախ արցախցու ամուր կամքից ու տոկունությունից։ Որոշվեց առավել ակտիվ գործունեություն վարել հոգևոր համայնքներում՝ այս դժվար օրերին ժողովրդին գոտեպնդելու նպատակով։

Ժողովի ավարտին թեմակալ առաջնորդը հույս հայտնեց, որ բոլորիս մշտական աղոթքներով Արցախ աշխարհում կտիրի հարատև խաղաղություն, և թեմը կկարողանա գալիք տարում ամբողջապես իրականացնել նախատեսված ծրագրերը։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE