Սուրբ Ծնունդը Բերձորում և Աղավնոյում

Սուրբ Ծննդյան տոնը քրիստոնյայի համար մշտապես եղել է ինքնամաքրումի, նորոգումի և ուժականության աղբյուր: Ձյունառատ մաքրությամբ ծածկված Բերձորում ահա այս մտածումներով ու հույսով տրվեց նաև քրիստոնեական մեծ ավետիսը, որ Դավթի քաղաքում ծնվել է աշխարհի Փրկիչը, որն Օծյալ Տերն է։

Սուրբ Համբարձում եկեղեցու խորանից այդ բարի լուրը Բերձորի հավատավոր հոտին փոխանցեց Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ տեր Մինաս քահանա Մովսիսյանը։ Հավարտ Սուրբ Ծննդյան պատարագի կատարվեց ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի՝ Հորդանան գետում Սուրբ Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելը և աշխարհին հայտնվելը:

Այնուհետև հոգևորականներն ու պատարագի ներկաները Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանի և Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի ուղեկցությամբ ուղևորվեցին Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնք: Տեր Մինասի կատարած տնօրհնեքի արարողությամբ տեղի միջնակարգ դպրոցը Սուրբ Ծննդյան խորհրդով վերածվեց Բեթղեհեմյան այրի, որովհետև Աստված այցելեց այնտեղ։

Տնօրհնեքի արարողությամբ Աղավնոյի դպրոցը հոգևոր առումով ավելի զորացավ, և այնտեղ ներթափանցեց Տիրոջ սերն ու խաղաղությունը, քանզի ինչպես սաղմոսն է ասում․ Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա»։

2020 թվականի աշնանն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի ջանքերով Աղավնոն օրավուր վերականգնում է իր բնականոն շնչառությունը։ Դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտ Աիդա Մաթևոսյանը մեկ երազանք ունի միայն․ Պատերազմ էլ չլինի, միայն խաղաղություն եմ ուզում:

Հոգևորականի ձեռամբ օրհնված դպրոցը մեկ համերաշխ ընտանիք էր հիշեցնում, որն Աղավնո անունն ունի, և Աղավնոն՝ մեկ օրհնված ընտանիք, որն Արցախ, Հայաստան ու Հայոց տուն անունն ունի։


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE