Թեմակալ առաջնորդի խոսքը Արցախի թեմի կացության և պատերազմի հետևանքների մասին
Արցախի Թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Սեպտեմբերի 10-ին Էջմիածնում ելույթ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովին։ Թեմակալ առաջնորդը խոսել է Արցախի թեմի ներկա կացության և պատերազմի հետևանքների մասին:
«Վեհափառ Տեր,
Գերաշնորհ, հոգեշնորհ և արժանապատիվ հայրեր, սիրելի հյուրեր
Ողջունում եմ բոլորիդ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի Հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի կազմակերպած «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագիրը կրող համաժողովին։ Այսօր, երբ դեռևս թարմ են Արցախի դեմ Թուրքիայի գլխավորությամբ և միջազգային ահաբեկչական ռեսուրսի ներգրավմամբ սանձազերծված պատերազմի վերքերը, շատ կարևոր է ճշմարտությունը ջրի երես հանել և համարձակ կերպով պայքարել դրա համար, ուստի լիահույս ենք, որ այս հավաք-խորհրդակցությունը պիտի ծառայի հենց այս նպատակին։
Կրոնական ազատություն և խաղաղություն. իսկապես սրանք կարևոր գաղափարներ են, որոնց ոտնահարմանն ու ոչնչացմանը հայ ժողովուրդը՝ հատկապես արցախահայությունը ականատես է ավելի քան մեկ դար, ինչ կազմավորվել է Ադրբեջանը։
Քրիստոնեությունն Արցախ և ներկայիս Ադրբեջանի տարածք է թափանցել դեռևս 5-րդ դարում, երբ Սբ․ Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը նոր կրոնը քարոզելու նպատակով մեկնեց Աղվանք։ Նա դարձավ Աղվանից եկեղեցու առաջին եպիսկոպոսը։ Այդ նվիրական գործի իրականացման համար նա տվեց իր կյանքը և 338 թ․ սպանվեց Սանատրուկ Արշակունի թագավորի կարգադրությամբ։ Նրա աճյունն ամփոփվեց Ամարասի վանքում։ Չնայած դրան՝ քրիստոնեությունն իր տարածումը գտավ Աղվանքում և այն հռչակվեց պետական կրոն։
551 թ․ սկսած ստեղծվեց Աղվանից կաթողիկոսությունը, որի գահակալները ենթարկվում էին Հայոց կաթողիկոսին։ Կաթողիկոսության նստավայրը դարձավ Աղվանքի նորակառույց մայրաքաղաք Պարտավը։ Իսկ 14-րդ դարի վերջից՝ Աղվանից կաթողիկոսության նստավայրը դարձավ Գանձասարը։ Այդ ժամանակվանից այն սկսեց կոչվել Գանձասարի կաթողիկոսություն, որը ենթարկվում էր Էջմիածնի հայոց կաթողիկոսին։
1836թ․-ից նախկին Աղվանից կաթողիկոսության ենթակա շրջաններում ստեղծվել են Մայր Աթոռին ենթակա երկու առաջնորդական թեմ։ Առաջինը՝ Արցախի թեմն էր, իսկ երկրորդը դարձավ Շամախու թեմը (կամ Շիրվանի թեմը)։ 1915 թ․ ներկայիս ադրբեջանի տարածքում գործել է 39 եկեղեցի որից 15-ը՝ Շամախիում, 17-ը՝ Գյոկչայում, 2-ը՝ Ղուբայի գավառում, 5-ը՝ Բաքվում։
Ադրբեջան պետության կազմավորումը կործանարար եղավ տարածաշրջանի, այդ թվում նաև Արցախի հոգևոր ժառանգության համար։ Եթե համարենք, որ խորհրդային իշխանությունները վարում էին հակաեկեղեցական քաղաքականություն, ապա Ադրբեջանում այդ ամենը կատարվում էր կրկնակի ուժգնությամբ, և սա ավելի շատ պայմանավորված է նրանց ցեղասպան բնավորությամբ, որ դարեր շարունակ փորձում են ոչնչացնել հայի և նրա հավատի հետ կապված ամեն ինչ։ Այս վարքագիծը ժամանակի ընթացքում զարգացում է ապրել և դաստիարակության միջոցով, պատկերավոր կերպով ասած, ներդրվել է նրանց արյան մեջ։
1992-1994 թթ. Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից հիմնահատակ քանդվել և ամբողջությամբ ոչնչացվել են հայկական 167 եկեղեցիներ և 8 վանական համալիրներ։
2020 թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի թեմի 161 վանքեր և եկեղեցիներ անցել են Ադրբեջանի հսկողության տակ և ասել, որ դրանց վտանգ է սպառնում, նշանակում է ոչինչ չասել։ Ադրբեջանի նախագահը անձամբ է գլխավորում հայոց հոգևոր-մշակութային ժառանգության ոչնցացման կամ էլ դրանց կերպարանափոխության սարսափելի գործընթացը։ Ակնհայտ ապացույցներ են Շուշի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը, Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցու պայթեցումը, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը , Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու գրությունների անձամբ Ալիևի ձեռքով ջնջելը, Դադիվանքը և Գանձասարը որպես ալբանական ներկայացնելու հանգամանքը և այլ շատ չբացահայտված դեպքեր։
Մի քանի օր առաջ մենք տոնում էինք Արցախի անկախության 30-ամյակը, որի նպատակը Արցախահայության ազատ ապրելու, ազատ դավանելու իրավունքի վերականգնումն էր, և չնայած այսօր մենք կորցրել ենք Արցախի մեծ մասը, բայց դեռևս չի մարել Արցախցու ազատ ապրելու կամքը։ Արցախի թեմը բազմաթիվ զրկանքներից ու անգնահատելի կորուստներից հետո շարունակում է մնալ իր առաքելությանը հավատարիմ՝ Քրիստոսի Ավետարանով հուսադրել մեր ժողովրդին, որպեսզի կարողանա դիմակայել չարի ակնհայտ հարվածներին։ Այս առումով կարևոր եմ համարում նշել, որ Արցախի թեմը ունի ամուր թիկունք և սրտացավ աջակցություն՝ ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ի և աշխարհասփյուռ մեր թեմերի, առանց որոնց շատ դժվար կլիներ թեմի գործունեությունը ներկա պայմաններում։ Վեհափառ Հոր հատուկ հոգածության ներքո է թե՜ արցախյաությունը և թե՜ մեր հոգևոր ժառանգությունը, ինչի վառ վկայությունն են Դադիվանքի մեր հոգևոր հսկողության տակ գտնվելը և թե Արցախի Հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի ստեղծումը։ Վեհափառ տեր, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում հայրական հոգածու վերաբերմունքի համար։
Նորից գալով այսօրվա սեմինարի խորագրին, ցավով պետք է արձանագրենք, որ աշխարհում պաշտոնապես առաջին քրիստոնյա երկիրը կարծես թե մնացել է մենակ և անպաշտպան մուսուլմանական երկրներով շրջապատված այս տարածաշրջանում։ Պատմության խորքերը չմտնելով, եթե նայենք միայն Ղարաբաղա-ադրբեջանակական հակամարտության պրիզմայից, ապա որևէ միջազգային աշխարհիկ և քրիտոնեական կազմակերպություն գործնական քայլեր չեն կատարել Արցախի ոչնչացվող քրիստոնեական գոհարները փրկելու կամ Ադրբեջանի նման վարքագիծը կանխելու համար։ Լավագույն դեպքում արձանագրել են փաստերը և բավարարվել մտահոգ հայտարարությամբ։
2015 թ-ին Փարիզում՝ «Շարլի Էբդո» երգիծական շաբաթաթերթում Մուհամեդի ծաղրանկարը ոտքի հանեց ամբողջ մուսուլման աշխարը, նույնիսկ տեղի ունեցավ ահաբեկչական հարձակում գրասենյակի վրա և ստիպեցին հրապարակավ ներողություն խնդրել այդ հրապարակման համար։ Բնականաբար մենք կոչ չենք անում գնալ ահաբեկչության, բայց մի՞թե արդար է, երբ ծաղրվում ու պղծվում են դարավոր քրիտոնեական սրբավայրերը, Քրիստոսի նկարներն ու խաչի նշանը, և ամբողջ քրիստոնյա աշխարհը անտարբեր հետևում է այս ամենին։ Միգուցե արդեն հասունացել է պահը, երբ պետք է արթնանանք այս թմբիրից, լինենք միասնական Ի Քրիստոս մեր եղբայրների և քույրերի և քրիստոնեական ժառանգության պահպանման հարցում։ Վերջիվերջո աշխարհը պետք է հասկանա, որ քրիստոնյաները ամենամեծ կրոնի հետևորդները լինելով ևս ուժ են, ու այսպիսով սկսեն հարգել մեր կրոնն ու մեզ։
Ուստի մեր Աղոթքն ու մաղթանքն է, որ այս համաժողովը ունենա գործնական պտուղներ, լինի փոքրիկ մանանեխի մի հատիկ, որ ամբողջ աշխարհի քրիստոնյաներին պիտի միավորի քրիստոնեական արժեքների պաշտպանության և առհասարակ կրոնական ազատության հանդեպ հարգանքի գաղափարների շուրջ։ Վերջիվերջո Քրիստոնյա աշխարհը այսօր էլ գտնվում է մի իրավիճակում, երբ պետք է ընտրություն կատարի՝ արդյոք Պիղատոսի նման լվանում է ձեռքերը և լուռ մասնակցում Քրիստոսի խաչելությանը, թե համարձակ կանգնում է Արդարության կողքին։»
Համաժողովին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Դավիթ Բաբայանը ներկայացրել է Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, գրավված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։
Նախարարն ընդգծել է, որ արբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան չի կարող դիտարկվել որպես միջկրոնական բախում՝ շեշտելով, որ ահաբեկիչներն ու ծայրահեղականները չեն պատկանում որևէ կրոնի։
Այս համատեքստում ԱԳ նախարարն արժևորել է միջկրոնական երկխոսությունը՝ այն դիտարկելով որպես հակամարտությունների խաղաղ կարգավորման, ծայրահեղականության և այլատյացության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը, բարձր գնահատել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու դերը այս գործընթացում։