Պայծառակերպության տոնը Արցախում
Ստեփանակերտի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցին հերթական անգամ իր գրկում համախմբեց մեր ժողովրդին:
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Տոնական օրը սկսվեց Սուրբ և Անմահ Պատարագով. պատարագիչն էր արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը: Տեր Հայրը իր քարոզի մեջ նշեց, որ մենք, մեր մտքում պետք է ունենանք Քրիստոսի կերպարը` որպես բացվող վարդ։ Հիսուս Քրիստոս վարդի նման փշոտ կյանք ունենալով, ծաղկեց և այլակերպվեց` ի ցույց դնելով Իր աստվածային փառքը: Քրիստոսի կերպարը այնքան պայծառ ու ճերմակ մաքրություն ունի, որ մենք անընդհատ պետք է նորոգենք մեր անձը` ձգտելով անհաս թվացող կատարյալ լույսին: Պատարագի ընթացքում Աշխարհգալոցի ժամանակ Տեր Հայրը վարդաջրով ցողեց ներկաներին:
Օրվա երկրորդ կեսին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղի ունեցավ Պայծառակերպության տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր եկեղեցու երիտասարդաց միության կողմից: Միջոցառման մաս կազմեցին խաղերը, ազգային պարերը, որին մասնակից էին ինչպես միության անդամները, թեմի կիրակնօրյա դպրոցների երեխաները, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր ցանկություն հայտնեցին միանալու տոնական միջոցառմանը: Այն ամփոփվեց ժողովրդական ավանդույթ դարձած ջրախաղով։ Գեղեցիկ միջոցառումը համախմբեց և ցնծությամբ լցրեց մարդկանց սրտերը: