Նոր մշակներ. Բացվել են կիրակնօրյա դպրոցները

Արցախի թեմի ՔԴՔԿ նախաձեռնությամբ արդեն շուրջ մեկ տարի է ինչ Արցախի տարբեր բնակավայրերում գործում են մի շարք կիրակնօրյա դպրոցներ, որտեղ երեխաները ուսուցիչների օգնությամբ զարգացնում են իրենց մտածողությունն ու տրամաբանությունը, ստանում անհրաժեշտ գիտելիքներ և դրանով իսկ ամրապնդում իրենց հոգևոր արժեհամակարգը։

Ոգեշնչված կիրակնօրյա դպրոցների անդրանիկ փորձի օգտակար պտուղներով, վերջերս մի շարք մանկավարժներ նախապատրաստական դասընթացներ են անցել՝ նոր կիրակնօրյա դպրոցներում իրենց ներդրումն ունենալու նպատակով։

Հոկտեմբերի 1-ին, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, մի շարք երեխաներ իրենց առաջին դասն են ունեցել Արցախի թեմի նորաբաց կիրակնօրյա դպրոցներում։

Անցած կիսամյակում 11 համայնքների կիրակնօրյա դպրոցներում գործում էին 12 դասարաններ, իսկ հիմա` 27 համայնքում 30 դասարաններ։ Նոր ուսումնական տարում կիրակնօրյա դպրոցներ են գործելու Մարտունի քաղաքում և Քերթ, Քարահունջ, Սոս, Մաճկալաշեն, Խնածախ, Այգեստան, Քոլատակ, Վաղուհաս, Շահմասուր, Գիշի, Սպիտակ շեն, Կարմիր գյուղ, Սարուշեն, Դաշուշեն, Խաչմաչ գյուղերում։

Երեխաների գոհունակ և ժպտերես դեմքերը հենց վկայում են, որ Աստծո զորակցությամբ և առաջնորդությամբ սպասվում է արգասաբեր ուսումնական տարի։


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE