Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնը
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունից հիսուն օր հետո տոնախմբում է Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնը:
Տարվույս Մայիսի 23-ին Արցախի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վրթանես եպս.Աբրահամյանի ձեռամբ հոգեգալստյան պատարագ մատուցվեց Ամարասի վանքում:
Սրբազան արարողությանը ուխտավորաբար ներկա էին տարբեր տեղերից ժամանած հավատացյալներ, որոնք եկել էին իրենց ուխտը վերանորոգելու պատմական վանքում:
Թեմակալ առաջնորդը օրվա խորհրդին նվիրված իր քարոզում անդրադարձավ՝ Հոգեգալստյան տոնի խորհրդին ու դրա կարևորությանը եկեղեցու և հավատացյալների կյանքում:
Հատկապես շեշտեց, որ այսօր հայ ազգը առավել ևս կարիք ունի իր սիրտում ընդունելու Սուրբ Հոգու շնորհները, որոնք կփարատեն մեր կասկածները, վախերը, անհանգստությունները ու վշտերը և մենք Սուրբ Հոգու զորակցությամբ միախորհուրդ ու միակամ կընթանանք դեպի մեր ազգային և պետական իղձերի ու նպատակների իրագործումը:
Հավարտ պատարագի սրբազան հայրը իր օրհնությունը բաշխեց ներկա հավատացյալներին, Արցախի թեմի հոգևորականներին և ԱՀ ՊԲ տարբեր զորմասերում իրենց ծառայությունը իրականացնող գնդերեցներին: