«Եվ եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը»։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:14
Սիրելի Հայրենակիցներ,
Նախ, ցանկանում եմ Ձեզ փոխանցել Արցախում ապրող մեր քույրերի և եղբայրների ջերմագին ողջույններն ու անմնացորդ սերը:
Բոլորս էլ քաջատեղյակ ենք, թե ինչ է կատարվում Արցախում և ինչ խմորումներ են տեղի ունենում մեր հայրենիքի այդ սրբազան մասունքի շուրջ: Ինչպես ժամանակին Խրիմյան Հայրիկն էր բնութագրում Հայկական Հարցը, ճիշտ նույն իրավիճակում ենք այսօր գտնվում մենք: Մի մեծ առևտուր է ընթանում. Արցախը դրված է վաճառքի, իսկ երկաթե շերեփավորները ախորժակները սրած սպասում են իրենց պատառին: Որքան էլ խաղաղության սին հույսերի գինով հարբենք ու փորձենք մենք մեզ խաբել, դրանից իրականությունը չի փոխվի և ինչպես խրոնիկ հարբեցողի դեպքում է լինում, ամեն ինչ գնալու է դեպի կործանում:
Արցախը ենթակա չէ՛ վաճառքի, Արցախը Աստվածապարգև հայկական աշխարհի անբաժան մասն է, Արցախը սրբություն է, հող է, պատմություն է, և այն պատկանում է միայն ու միայն մեզ՝ հայերիս: Այսօր կանգնե՛լ Արցախի կողքին, կնշանակի կանգնել մեր խղճի ու արդարության կողքին, կանգնե՛լ Արցախի կողքին, կնշանակի կանգնել քաղաքակրթության և մարդու իրավունքների կողքին, կանգնել՛ Արցախի կողքին, կնշանակի հավատարիմ մնալ Աստծո պատգամներին: Աստված Սեր է, և այդ սիրո վրա հիմնված եղբայրությունն ու հայրենասիրությունն է դառնալու մեզ այնքան անհրաժեշտ Երկաթե շերեփը: Բնականաբար մարդիկ և ազգերը ժամանակ առ ժամանակ հնձում են այն, ինչը սերմանել են ու աճեցրել, բայց այսօր մեր բոլոր գործած մեղքերից ավելի վախեցնողն ու սարսափելին անտարբերության 8-րդ մահացու մեղքն է: Եթե մենք կրավորական դիրքով ու անտարբերությամբ ենք հետևում վերը նշված գործընթացներին, նշանակում է գործակից ենք դառնում Արցախը վաճառողներին:
Ներողություն եմ խնդրում համեմատության համար, բայց միթե՞ անհրաժեշտ է երթուղային տրանսպորտի կամ էլեկտրաէներգիայի վճարները 50 դրամով թանկացնել, որպեսզի 100,000-ավոր հայեր դուրս գան փողոցներ ու արդարություն գոռան: Միթե՞ հայի գրպանին դիպչելն ավելի ծանր հանցանք է, քան հազարամյա հայրենիքը մաս-մաս վերցնելը: Միթե՞ սա է Հայը….
Օրեր առաջ Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում երկու մանկահասակ երեխաներ խեղդամահ եղան` իրենց համար ուտելիք փնտրելու նպատակով ոտքով շրջկենտրոն գնացած մայրիկին փնտրելու ճանապարհին։ Արդեն գրանցվել են հղիների թերսնուցման պատճառով չծնված երեխաների վաղաժամ մահվան դեպքեր, տրանսպորտի և դեղորայքի բացակայության պատճառով բազմաթիվ հիվանդներ` հատկապես նրանք, ում կյանքը կախված է արյան պարբերական դիալիզից, բառացիորեն սպասում են, թե երբ պիտի մահանան: է՞լ ինչ է պետք, որպեսզի հասկանանք իրավիճակի լրջությունը, որպեսզի մեր սրտերը ճմլվեն և գիտակցենք, որ սա մեր ընդհանուր ցավն է և որ մենք անելիք ունենք:
Այսօրվա իրականությունը գալիս է ևս մեկ անգամ մեզ հիշեցնելու, որ Արցախյան շարժումը չի ավարտվել և դեռ շարունակվում է: Այն մեզ համար պիտի դառնա հանապազօրյա հացի պես, դառնա ապրելակերպ, առաքելություն, գաղափար և գործ: Արցախյան շարժման ընթացքին հազարավոր հայորդիներ հերոսացան, անմահացան և դարձան հզոր հոգևոր բանակ, որոնց հոգևոր հայացքի ներքո մենք չպիտի սխալվենք, այլ ամբողջ ազգով դառնալով մեկ միասնական բռունցք՝ այդ շարժումը հասցնենք իր բարի ավարտին՝ ազատ, ինքնիշխան և անվտանգ Արցախի կերտմանը: Այսօր Արցախն է Հայի ինքնության և արժանապատվության շարժիչ ուժը: Կորցնելով Արցախը, կորցնելու ենք մեր ինքնությունն ու արժանապատվությունը:
Սիրելի արցախցիներ, Ձեզ ենք փոխանցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական սերն ու աղոթքը, և վերստին հիշեցնում, որ Հայաստանյայց Առաքելական մեր Մայր Եկեղեցին` աշխարհասփյուռ իր թեմերով կանգնած է Ձեր արդար պայքարի կողքին և շարունակելու է ամեն ջանք գործադրել` ազգային մեր երազանքի իրագործման համար: Սիրելի հայրենակիցներ, ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս աշխարհի, թոթափենք՛ մեզանից անտարբերության կործանարար չարիքը, ոտքի՛ ելնենք ազգովի և կանգնենք Արցախի կողքին: Օրհնյալ է մեր ուղին, որովհետև Աստված մեզ հետ է, և եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ:
Ուստի, որպես համազգային միասնության վերանորոգման մի նոր մեկնարկ, միասնաբար խոնարհվենք և մեր աղոթքով Աստծուց ողորմություն և պահպանություն խնդրենք հայոց ազգի և Արցախ աշխարհի համար…