Գոռ սարկավագ Գյուրջյանի հարցազրույցը aravot.am — ին

Գոռ սարկավագ Գյուրջյան

«Առավոտի» զրուցակիցը ՀԱՍԵ Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Գոռ սարկավագ Գյուրջյանն է։

-Բարեշնորհ Գոռ սարկավագ, Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը պատերազմից հետո կարծես նոր ու ավելի կարևոր առաքելությամբ է գործում։ Խոսենք ընդհանուր գործունեությունից, այն ինչքանո՞վ է նպաստում հոգեւոր կյանքի կայուն զարգացմանը։

-Մինչև 2020 թ․ պատերազմը Արցախում գործում էր թեմի քարոզչության և դաստիարակության կենտրոնը։ Պատերազմից հետո, հասկանալի պատճառներով, որոշ ժամանակ այն դադարել էր կատարել իր բուն գործառույթները, բայց շարունակում էր գործել։ Քանի որ մարդու հոգին է կենդանարարն ու մարմնի ղեկավարողը, ուստի նաև ազգային կյանքում մեր բոլոր խնդիրները, կորուստները և պարտությունները կախված են ազգի հոգևոր առողջության մակարդակից։ Այս պարզ ճշմարտությունից ելնելով, հետպատերազմյան Արցախում հոգևոր քարոզչությանը նոր թափ հաղորդելու նպատակով, 2022թ. հունվար ամսից՝ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ վերագործարկվեց թեմի քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը։ Թեմի ՔԴՔԿ-ի խնդիրն է տարատեսակ ծրագրերի և համագործակցությունների միջոցով Քրիստոսի Ավետարանի լույսը դարձնել մատչելի և հասանելի ժողովրդի ավելի լայն շրջանակների համար։

Կենտրոնի աշխատանքների հասցեատերերի շրջանակը պայմանականորեն կարող ենք բաժանել երկու մասի՝ հանրակրթական հաստատություններ (մանկապարտեզ, դպրոց, համալսարան) և մեր հասարակությունը իր ամբողջության մեջ՝ որպես քարոզչության հասցեատեր։ Անշուշտ, ամեն հոգևորական և նույնիսկ հավատացյալ իր կյանքով պետք է լինի Աստծո խոսքի կենդանի քարոզիչ և դաստիարակ, բայց համակարգվածությունը միշտ էլ անհրաժեշտ է ընդհանուր գործի հաջողության համար։ ՔԴՔԿ-ի ձևաչափը ընդունված է բոլոր ավանդական եկեղեցիների՝ այդ թվում նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից, այսինքն, ունենալ հատուկ գործադիր մի մարմին, որի գլխավոր գործառույթը կայանում է քարոզչության ու քրիստոնեական դաստիարակության կազմակերպումը։

Արցախի թեմի ՔԴՔԿ-ը, վերագործարկումից ի վեր աշխատում է վերոնշյալ ձևով։ Մենք ունենք արդեն հաջողված և աշխատող ծրագրեր՝ կապված երեխաների, երիտասարդների և հանրակրթական հաստատությունների հետ` Կիրակնօրյա դպրոցներ երեխաների համար, եկեղեցիներին կից երիտասարդաց միություններ, պարբերաբար այցելություններ հանրակրթական ուսումնական հաստատություններ։

-Խոսենք կիրակնօրյա դպրոցների մասին։ Ընդհանուր առմամբ քանի՞ կիրակնօրյա դպրոց է գործում Արցախի թեմում և ի սկզբանե ինչ նպատակով բացվել են դպրոցները, կարողանո՞ւմ են հասնել դրանց։

-Կիրակնօրյա դպրոցների բացումը մեր առաջին հաջողված ծրագիրն էր։ Նախնական փուլում ծխական քահանաների միջոցով կատարվել է ուսուցիչների հավաքագրում, որոնց համար կազմակերպվել է երկօրյա մեթոդական վերապատրաստում` Արագածոտնի թեմի կիրակնօրյա դպրոցների կազմակերպիչների կողմից։ Դրանից հետո սկսել են գործել թվով 11 կիրակնօրյա դպրոցներ Արցախի տարբեր բնակավայրերում՝ ավելի քան 325 մասնակից մանուկներով։ Կիրակնօրյա դպրոցում երեխաները ունենում են երկու 45 րոպեանոց դասաժամ։ Առաջին ժամը լինում է Աստվածաշնչի ուսուցում, իսկ երկրորդ ժամը նույն թեմայի հետ կապված ձեռքի աշխատանքներ կամ խաղեր։

Բոլոր ֆինանսական ծախսերը` ուսուցիչների աշխատավարձ, գրենական պիտույքներ և երեխաների Սուրբ Ծննդյան նվերներ, հոգում է Արցախի թեմը։ Ծրագրի հիմնական նպատակն է Աստծո խոսքի միջոցով երեխաների ճիշտ դաստիարակությունը և զարգացումը։ Մեկ տարվա փորձը ցույց է տվել, որ այս ձևաչափը բավականին ընդունելի է մեր հասարակության համար, և օր օրի ավելանում են մասնակցել ցանկացողների թիվը։

-Այսինքն` մեծ նպատակ է օրինակելի սերունդ ունենա՞լը։

-Իսկապես, ցանկացած ազգի շարունակականությունը կախված է նրա անդամների բարոյական և հայրենասեր ու հայրենատեր լինելու մակարդակից։ Աստվածաշունչն էլ է մեզ պատգամում թե․ «Արդարությունը բարձրացնում է ազգին, իսկ մեղքը ժողովուրդներ է կործանում» (Առակ․ 14։34)։ Մեր հիմնարար փրկությունը մեր ազգի բարոյական ազնվացման մեջ է, և այս ընկալումով էլ մեր աշխատանքները կենտրոնացրել ենք մատաղ սերնդի վրա, որովհետև նրանք նման են մաքուր թղթերի (Tabula rassa) և ինչ որ գրես այնտեղ, դրանով կպայմանավորվի նրանց հետագա կյանքը։ Կիրակնօրյա դպրոցն այդ թղթերի վրա ճիշտ գրելու լավագույն վայրն է։

-Ճշմարիտ քրիստոնյա. որո՞նք են այն հիմնական արժեքները, որ պետք է կրի մարդը։

-Ճշմարիտ քրիստոնյայի համար կա հիմնական մեկ նպատակ՝ հնարավորինս նմանվել մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Սա ենթադրում է կյանքը ապրել Աստծո տասը պատվիրանների համաձայն, բայց այս ամենը համեմելով քրիստոնեական սիրով և խոնարհությամբ։ Սրանք ոչ թե զուտ տեսական խոսքեր են, կամ զուտ հոգևոր կյանքով ապրել ցանկացող մարդու համար գրված առանձնաշնորհյալ կանոններ և կյանքի բազում տարբերակներից մեկը, այլ կյանքով փորձված ճշմարտություններ։

-Այսօր շատ են ներքին և արտաքին մարտահրավերները։ Հոգևոր կրթությունը, քարոզչությունը, Ձեր կարծիքով, կարո՞ղ է ինչ-որ բան փոխել։ Մենք ընդհանրապես դեպի ո՞ւր պետք է նայենք…

-Կոնկրետ մեր երկրի վրա, եթե օրինակ բերենք, ապա կտեսնենք, որ քրիստոնեական կենսակերպի բացակայությունը ունենում է շոշափելի բացասական հետևանքներ։ Քրիստոս կոչ է անում ամեն մարդու, ով ուզում է փրկվել, ուրանալ իր անձը և գնալ Իր ետևից։ Նույն պարագան է նաև մեր ազգային, պետական կյանքում։ Եթե մենք իսկապես ուզում ենք հզոր երկիր ունենալ, ապա ամեն ասպարեզում պետք է ուրանանք մեր անձը, նախ փնտրենք մեր երկրի, ընդհանուրի շահը, որի հետ ինքնըստինքյան կգա նաև մեր օգուտը։ Բայց գոնե անցնող 30 տարում մատերի վրա կարող ենք հաշվել կարևոր պաշտոն զբաղեցնող մարդկանց, ովքեր փոքր-ինչ ուրացել են իրենց անձը։ Պատկերը շատ տխուր է, իսկ ճանապարհը հստակ՝ ոչ թե իմ համար, այլ մեր համար, ոչ թե իմ տան համար, այլ մեր հայրենիքի համար, ոչ թե իմ Աստվածը, այլ մեր Աստվածը։

Մենք պետք է քաջություն ունենանք մեր սխալները տեսնելու, վեր հանելու, շտկելու և առաջ շարժվելու, բայց այսօր ամենաբարձր պաշտոնյայից սկսած մինչև ռամիկ քաղաքացի զբաղված են մեղավորներ փնտրելով, իրար մեղադրելով։ Մենք ազատագրեցինք հայրենիք, սակայն չապրեցինք այն պահելու տեսլականով և մենք կորցրեցինք հայրենիք, սակայն այժմ չենք ապրում այն ազատագրելու, վերագտնելու տեսլականով։ Որպես հոգևորական և որպես Արցախաբնակ հայ, վստահաբար կարող եմ ասել, որ մեր փրկությունը Աստծով միասնության մեջ է, մնացած բոլոր միավորումները մարդկային են և ժամանակավոր։

Զրուցեց` ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE