Աստվածամոր Վերափոխման տոնը. խաղողօրհնեք
Երբ Փրկչի համբարձումից անցավ տասներկու տարի և երբ սուրբ Կույսն արդեն պետք է ննջեր, երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ տալով Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը:
Այսօր Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկն է` Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Աստվածամոր կերպարը սիրո, հոգատարության, խոնարհության խորհրդանիշ է բոլորիս համար, որի օրինակով մենք պետք է առաջնորդվենք: Արցախ աշխարհն էլ այսօր խոցված զավակի պես սպասում է իր Մայր Հայաստանի մխիթարությանն ու հոգատարությանը, ինչպես և ասված էր թեմակալ առաջնորդ Վրթանես Սրբազանի պատգամի մեջ. «Այսօր զավակը վիրավոր է և հյուծված, մայրը նույնպես, բայց մենք հավատում ենք, որ Աստվածամոր նման յուրաքանչյուր մայր, եթե չի կտրում իր կապը Աստծո հետ, եթե չի մոռանում իր Մայր լինելը, ապա ի զորու է տեսնելու իր որդու հաղթական Հարությունն ու Վերափոխումը»:
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տոնական օրվա պատարագիչն էր արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը: Տեր Հայրը տոնի առթիվ իր շնորհավորանքն ու օրհնությունը փոխանցեց հավատավոր ժողովրդին: Պատարագի ավարտին կատարվեց խաղողի օրհնության կարգ և ողկույզները բաժանվեցին ներկաներին: