«Արցախցին երկու քարի արանքում է». Թեմակալ առաջնորդ
Արցախցին երկու քարի արանքում է մնացել՝ Հայաստանի և Ադրբեջանի, երկու կողմից բացասական ինֆորմացիա է ստանում։ Այս մասին NEWS.am — ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Արցախի թեմի առաջնորդը նշեց, որ Արցախում հայտարարվել է միասնական աղոթքի շաբաթ։ Ամեն օր ժամը 19։00-ին արցախցիները միասնական աղոթք են բարձրացնում Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում:
«Ի սկզբանե էլ մենք պատերազմից հետո կարգախոս ենք ունեցել, որ հույսը երբեք չի ամաչեցնում մարդուն. այն հույսը, որ առ Աստված է եւ մեր քահանաների միջոցով մենք մեր ժողովրդին փորձում ենք հասկանալի դարձնել, որ ուրիշ տեղ փնտրել երջանիկ կյանք ու փայլուն ապագա, մոռացեք, մեր հողում ապրելն է երջանկությունը։ Փորձում ենք մեր ժողովրդին հասկանալի դարձնել՝ իրականն այն է, որ դու պայքարես՝ քեզ հետ ունենալով առ Աստված աղոթքը, հենվելով սեփական ուժերի վրա», — ասաց Սրբազան Հայրը:
Թեմի առաջնորդի խոսքով՝ ամեն մի բացասական ինֆորմացիա, երբ պատերազմ տեսած արցախցիները ստանում են Հայաստանից կամ Ադրբեջանից, հոգեբանորեն գտնվում են ծանր կացության մեջ. «Որպեսզի այդ ծանր կացությունը թոթափվի, ուրեմն ավելի լավ ինֆորմացիաներ են պետք, չեմ կարող ասել, որ դա լիարժեք ստացվում է։ Արցախը մնացել է երկու քարի արանքում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի և երկու կողմից էլ մենք բացասական ինֆորմացիա ենք ստանում։ Մենք հիմա փնտրտուքների մեջ ենք, թե ո՞ր ուղղությամբ եւ ի՞նչ նպատակի համար մեր քայլերն ուղղենք։ Կարծում եմ՝ արցախցու եւ այստեղ ապրողներիս համար միանշանակ պիտի լինի՝ շարունակել ապրել ի հեճուկս մեր հակառակ թշնամու»։
Հարցին՝ Հայաստանից սպասելիքներն արդյոք դրական չե՞ն արցախցիների համար, նա պատասխանեց. «Այդ մտայնությունը երեկ չի ձեւավորվել։ Պատերազմից հետո ականատեսն ենք, որ ոչ մի իշխանավոր քայլեր չուղղեց։ Մենք տեսնում ենք, որ միայն եկեղեցին եւ եկեղեցու հովվապետն է, որ եկավ Արցախ, եկավ իր ժողովրդին հոգեւոր խոսքն ասելու։ Եվ բարձրաստիճան որեւէ մի իշխանավոր չփորձեց անգամ այս կողմ ոտք դնել»։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում Արցախի մասին հայտարարություններին՝ Արցախի թեմի առաջնորդն ասաց. «Անպայման չէր, որ ինքը խոսքեր ասեր կամ ելույթ ունենար բարձր ամբիոնից, առանց խոսելու էլ մենք գիտեինք իր դիրքորոշումը, արդեն պարզ էր սա։ Ժողովուրդը դա գիտի, Արցախի իշխանությունները դա գիտեն, ցավոք սրտի»։
Թե ինչպե՞ս է տեսնում Արցախի ապագան, Արցախի թեմի առաջնորդն ասաց, որ Արցախի պատմության մեջ միշտ էլ այսպիսի դրություն եղել է. «Կարծում եմ՝ իմաստությունը եւ մեր հավատքը առ Աստված, ինչու չէ այս օրերին կհայտնվեն բարիդրացիական երկրներ, մենք էլ իրենց հետ կկարողանանք որոշման գալ»։
Հարցին՝ արցախցիները Հայաստանի հետ հույսեր չե՞ն կապում, նա ասաց, որ իրենք Հայաստանի հետ միշտ են հույս կապում. «Հայաստանն ուրիշ է, իշխանությունը՝ ուրիշ. մարդկանց հետ է մեր գործը։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ինչ տեսնում եմ, դա եմ ասում»։
Արցախի թեմի առաջնորդն անհնար համարեց Ադրբեջանի կազմում Արցախի ապագան։
Եվ հարցին՝ եթե Հայաստանը ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, Արցախում ի՞նչ տրամադրություններ են, արդյոք բնակիչները մտածո՞ւմ են Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին, Արցախի թեմի առաջնորդն ասաց. «Մարդիկ հասկանում են, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ոչ թե երեկ են արտահայտվել, այլ դա իրենց մտքի մաս էր կազմում, բայց պահը եւ ժամանակը չէր, որ դա ցույց տային»։