Աղոթքը՝ որպես պատերազմի թողած վերքերի դարման
2020թ. պատերազմից հետո, անդառնալի կորուստների ցավը մեղմացնելու և հոգեբանորեն վերականգնվելու համար արցախահայությունը շարունակում է իր ուղին առ Աստված՝ պահպանելով ծիսական կյանքը, որն էլ ապահովում են Արցախի թեմն ու հոգևորականները։
Բազմաթիվ եկեղեցիների կորուստը ստիպում է ավելի ուժեղ լինել՝ կառչած մնալով մեր հավատքին։ Դրա վառ ապացույցն է Դադիվանքում հայ հոգևոր սպասավորների իրականացրած առաքելությունը, որի շնորհիվ էլ բազմաթիվ ուխտավորներ կարողացան իրենց աղոթքները հնչեցնել Արցախի հին սրբավայրում։
Եվ, չնայած արդեն մի քանի ամիս է ինչ ադրբեջանական կողմից հնչեցրած պատճառներից ելնելով ուխտագնացությունները Դադիվանք դադարեցված են, այնուամենայնիվ հայ եկեղեցու միաբանները պահպանում են եկեղեցական կարգ ու կանոնը։